ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՎԵՐԸ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երեկ՝ առավոտյան, Նոյեմբերյան քաղաքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ մեքենայի ռադիատորը վնասվել է, իսկ կովը՝ փռվել ճանապարհին: Ավտոմեքենայի առաջամասը ջարդվել է, լուսարձակների ապակու կտորները թափված են միջպետական ճանապարհի ասֆալտին: Իսկ դժբախտ կենդանուն հավանաբար հարկադիր մորթի են ենթարկել: Բազմիցս նշել ենք, որ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ Իջեւանում, կովերն անարգել քաղաքի փողոցներն են դուրս գալիս: Անասունները խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկության համար, ինչի արդյունքում հաճախ վթարներ են տեղի ունենում:   Համայնքների ղեկավարները պետք է գործադրեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները եւ տուգանեն այն անասնատերերին, որոնք իրենց անասուններն առանց հսկողության են թողնում:

21-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ` ՈՍԿԵՂԵՆԻ ԳՈՂ
Իջեւան քաղաքի բնակչուհի, 1992թ. ծնված Հայարփի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 3-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ունենալով ուրիշի գույքի հափշտակության նպատակ, գտնվելով հարեւանուհի Մերինե Էլլարյանի բնակարանում, վերջինիս՝ տնից կարճատեւ բացակայության ընթացքում հյուրասենյակի կահույքի հարկադարակից գողացել է 2 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր: Հ. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողություն, որ կատարվել է խոշոր չափերով): Այս հոդվածը նախատեսում է տուգանք՝ 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Սույն գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական  առաջիկա նիստը նշանակված է սեպտեմբերի 11-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս