Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող շատ ջավախքցիներ այնքան էլ խանդավառված չէին, երբ տեղեկացան, որ Տաճատ Վարդապետյանն ԱԺ պատգամավոր է դարձել: Հիասթափված էին հատկապես նրանք, ովքեր միշտ մտահոգվել են Ջավախքի նկատմամբ Հայաստանում լուրջ վերաբերմունքի բացակայությամբ: Տաճատի հայրենակիցներն իրենց դառը փորձից գիտեին, որ ցանկացած հասարակական կազմակերպություն կամ պատգամավորական մանդատ Վարդապետյանն օգտագործելու է բացառապես իր շահերի համար:
Տաճատ Վարդապետյանը խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ավարտել այն 1991-ին ու սկսել զարմանալի-հետաքրքիր աշխատանքային մարաթոն՝ գրեթե ամեն տարի փոխելով աշխատատեղը: 1991-1992թթ. եղել է «Մինի մաքս» ՓՁ առեւտրային տնօրեն: Այստեղ աշխատել է մեկ տարուց էլ պակաս, ապա 1992-1993թթ. Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության միասնական հիմնադրամի առաջատար մասնագետ է դարձել: Մեկ տարուց պակաս էլ աշխատել է այստեղ եւ ուղեւորվել Հայաստան, որտեղ 1993-1994թթ. «Արդշինբանկ»-ի «Տաթեւ» մասնաճյուղի տնտեսագետի պարտականություններն է կատարել: 1994թ. մի քանի ամսով եղել է ՀՀ ԿԲ-ում բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչության 1-ին կարգի մասնագետ: Երեւի հոգնած այս բանկից կամ էլ իր աննշան պաշտոնից՝ 1994-1996թթ.՝ մի քիչ ավելի երկար ժամանակ, քան նախկինում, աշխատել է որպես «Արդշինբանկ»-ի «Սպանդարյան» մասնաճյուղի գլխավոր մասնագետ: 1996-1997թթ. կարողացել է պաշտոնական աստիճաններով վերեւ բարձրանալ ու նշանակվել «Հայէկոնոմբանկ»-ի «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի տեղակալ, իսկ 1997-1998թթ. վերջապես նշանակվել է մասնաճյուղի կառավարիչ: Քանի որ արդեն կառավարիչ բառը գրվել էր նրա կենսագրության մեջ, հետեւաբար հետայսու նա չէր համաձայնելու այդ պաշտոնից ավելի ցածրին, ուստի 1999-2002թթ. աշխատել է որպես «Հայէկոնոմբանկ»-ի «Խորհրդային» մասնաճյուղի կառավարիչ:
Բայց հանկարծ ինչ-որ բան կատարվեց Տ. Վարդապետյանի կյանքում, շատ անսպասելիորեն նա հեռացավ բանկային համակարգից եւ 2002-2003թթ. դարձավ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի խորհրդական: Թե ինչու էր բանկի կառավարիչը համաձայնել խորհրդականի պաշտոնին, նրա շրջապատում լռում են: Ինչեւէ, մոտ մեկ տարի խորհրդականի պարտականություններ կատարելուց հետո ջավախքցի բանկիրը 2003-ին նորից վերադարձավ բանկային համակարգ եւ նշանակվեց «Յունիբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարիչ եւ այս պաշտոնում մնաց մինչեւ 2006թ.:
Հենց 2003-ին էլ Տ. Վարդապետյանը որոշեց, որ կարող է նաեւ քաղաքական կամ հանրային դաշտում եւս լինել ու ընտրվեց Վիրահայերի հասարակական կազմակերպության համանախագահ: Այս կազմակերպությունը սկսեց պարբերաթերթ հրատարակել, որի ֆինանսավորողը հենց Վարդապետյանն էր: Սակայն կարճ ժամանակ անց իր հայրենակիցներին տրված խոստումները հօդս ցնդեցին, նա սկսեց մեծագույն չկամությամբ ֆինանսավորել թերթը, որը մի քանի համար լույս տեսնելուց հետո լուծարվեց: Սակայն այդ ընթացքում նա հաջողացրեց մերձենալ Հանրապետական կուսակցությանը եւ վստահեցնել, որ իր թիկունքին կանգնած են վիրահայերը, որոնք պատրաստվում են ձայն տալ ՀՀԿ-ին եւ դրա ղեկավար Սերժ Սարգսյանին: Ահա հենց այս խոստումների արդյունքում էլ Վարդապետյանը 2007-ին ընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում:
Ջավախքցիները սպասում էին, որ իրենց հայրենակիցն ԱԺ ամբիոնից կբարձրացնի իրենց մտահոգող խնդիրները, ջանքեր կներդնի Հայաստան-Ջավախք կապերի ամրապնդման, գոնե Բավրայի մաքսակետում ինչ-որ կարգուկանոն հաստատելու համար, քանի որ ջավախքցիներն այստեղ բառացի կողոպուտի էին ենթարկվում: Սակայն Տ. Վարդապետյանին իր հայրենակիցներն այլեւս չէին հետաքրքրում: Ճիշտ է, նա մասնակցում էր Վրաստան մեկնող պատվիրակությունների, այսպես կոչված, աշխատանքներին, բայց այդպես էլ որեւէ կառուցողական քայլով աչքի չընկավ: Սակայն դա չխանգարեց, որ 2012-ին եւս ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան գա եւ զբաղեցնի բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
2000թ. Տ. Վարդապետյանը լույս էր ընծայել բանաստեղծական ժողովածու, որում գովերգել էր հայրենի եզերքը (ոմանք պնդում են, թե Տաճատի մի շարք բանաստեղծություններ 100 տոկոսով վերանայել է նրա համերկրացի բանաստեղծ Հակոբ Սրապյանը): Գուցե բանաստեղծություններում գովերգած բնությո՞ւնն էր պատճառը, որ նրան հենց բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ կարգեցին… Բնության հանդեպ սերն էլ Տաճատին տարավ Երեւանի եւ Կոտայքի մի շարք վայրեր, որտեղ նա ձեռք բերեց երեք հողամաս, իսկ Երեւանում էլ գնեց 197,7 քմ մակերեսով շինություն… Բայց, ինչպես պարզվում է նրա հայտարարագրից, անշարժ գույք, թանկարժեք առարկաներ ու ոսկեղեն չունի, դոլարային տեսքով խնայողություններ էլ չունի, ունեցածը մի «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենա է, բնակարանն էլ վաճառել ու ստացել է ընդամենը 23 մլն 460 հազար դրամի եկամուտ… «Խեղճ պատգամավորն» ապրում է անհայտ հասցեում եւ նյութական ոչ բարվոք պայմաններում ընդամենը ԱԺ աշխատավարձով…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս