ՍԿՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունները մեծ խանդավառություն են առաջացրել իշխանության ներսում: ՀՀԿ-ականները, որոնք մինչեւ վերջերս ինքնամոռաց կերպով դարձել էին եվրոինտեգրացիայի ջատագով, հիմա նույն ջանասիրությամբ փորձում են հիմնավորել ՄՄ-ին անդամակցելու անհրաժեշտությունը: Միայն թե, այստեղ կա լուրջ խնդիր: Եվրոինտեգրացիան պաշտոնապես համարվում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, այն ամրագրված է ե՛ւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, ե՛ւ ՀՀ կառավարության` խորհրդարանի կողմից հաստատված ծրագրում: Իսկ ահա Մաքսային միության մասին չկա որեւէ խոսք:
Եվ այսպես, Ս. Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ՀՀ արտաքին հարաբերությունների վերաբերյալ նշել է, որ իր իշխանության ուշադրության կենտրոնում են լինելու «ՀՀ միջազգային քաղաքական եւ տնտեսական ներգրավվածության ընդլայնումը», «ՌԴ-ի հետ  ՀՀ դաշնակցային, ռազմավարական գործընկերության զարգացումը», «Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակումը եւ եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը», «ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակցության շարունակումը, ԱՊՀ մասնակից պետությունների հետ ձեւավորված ավանդական կապերի եւ գործակցության խորացումը»: Այնտեղ խոսք կա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, արեւելքի, ինչպես նաեւ` արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին:
Շատ ավելի կարեւոր է ՀՀ կառավարության ծրագիրը, որը հաստատվել է երկրի օրենսդիր մարմնի` ԱԺ-ի կողմից: Այնտեղ էլ արտաքին քաղաքականության բնագավառում նշված է հետեւյալը. «ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականության շարունակմանը, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդմանը»: Խոսք կա նաեւ ՌԴ-ի, ինչպես նաեւ` ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին, ըստ այդմ` կառավարությունը պետք է հետամուտ լինի «ՌԴ-ի հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացմանը», «ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցության շարունակմանը, ԱՊՀ մասնակից պետությունների հետ ձեւավորված ավանդական կապերի եւ գործակցության խորացմանը»: Ըստ կառավարության ծրագրի՝ ՀՀ-ն հետամուտ է լինելու իր ռազմաքաղաքական անվտանգության կարեւոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ ակտիվ ներգրավվածությանը, խոսք կա նաեւ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում ակտիվ ներգրավվածության մասին:
Ինչպես նկատեցիք` ո՛չ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրում, ո՛չ էլ առավել եւս ՀՀ կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Այնինչ Մաքսային միության անդամակցության մասին հայտարարությունը ոչ թե հասարակ իրադարձություն է, այլ ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի դրսեւորում: Ու, փաստորեն, ՄՄ-ին անդամակցության մասին հայտարարելով՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ շրջադարձի մասին: Այնպես որ, այդ շրջադարձը պետք է ամրագրված լիներ նաեւ իշխանության, տվյալ դեպքում` կառավարության ծրագրում:
Երեկ ԱԺ-ում այս հարցը բարձրացրեց ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` կառավարությանը կոչ անելով կա՛մ խորհրդարան բերել նոր ծրագիր, կա՛մ պարզապես հրաժարական ներկայացնել: «Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական բաժնում սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը սերտ համագործակցություն պետք է ունենա ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ, բայց այնտեղ խոսք չկա ո՛չ Մաքսային միության, ո՛չ համագործակցության շանհայյան կազմակերպության մասին, որին դիտորդի կարգավիճակով անդամակցելու վերաբերյալ երեկ Չինաստանում հայտարարել է Տիգրան Սարգսյանը»,-հայտարարեց պարոն Արզումանյանը` հավելելով, որ կառավարությունը այս երկու կառույցների հետ համագործակցելու առումով մանդատ չի ստացել ԱԺ-ից, եւ որեւէ մեկը նրան չի լիազորել իրականացնել այդ ծրագիրը:
Ու քանի որ այս իշխանությունները կառչած են իրենց աթոռներից, հրաժարականի մասին կոչը բավական ծանր տարան: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ շտապեց հայտարարել, թե ՄՄ-ի անդամակցության հարցն առաջ է եկել «հետագա զարգացումների բերումով»: Թե որոնք են այդ նոր զարգացումները, Նալբանդյանը, բնականաբար, չասաց, այլ խոստացավ հետագայում համապատասխան քննարկումներ կազմակերպել, որից հետո կարվեն որոշ շտկումներ:
Իսկ մինչ այդ, պետք է ընդամենը արձանագրել, որ ՄՄ-ին անդամակցության գործընթացը, ըստ էության, լեգիտիմ չէ: Ճիշտ այնպես, ինչպես լեգիտիմ չէ ՀՀ իշխանությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս