ԵՐԲ ՀԱՐԵՎԱՆԴ ՆԱԵՎ ԳՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեր ոխերիմ հարեւաններից հատկապես Ադրբեջանը պատմությունը խեղաթյուրելու, հայկական հուշարձանները ոչնչացնելու կամ իրենը համարելու մեծ փորձ ունի, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Պարզվում է, որ մենք միակ երկիրը չենք, որի մշակութային պատմական արժեքների նկատմամբ ազերիները ոտնձգություն են կատարում։ Ադրբեջանը սեփականացնում է նաեւ իրանական երաժշտական գործիքները։
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալության կայքը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջեվիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները թյուրքերենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Նիզամի Գյանջեվին էթնիկական տեսանկյունից իրանցի է՝ Իրանի Թաֆրեշ (Թադ) շրջանից (գտնվում է ԻԻՀ Մարքազի (Կենտրոնական) նահանգում): Գյանջեվին, բացի պարսկերենից, ոչ մի բեյթ այլ լեզվով չի գրել: Հետեւաբար, ընդամենը 22-ամյա Ադրբեջանը ինչպե՞ս կարող է 12-րդ դարի պարսկալեզու բանաստեղծին համարել ադրբեջանական»: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Մաջիդին էլ նշել է, որ Ադրբեջանի կողմից Գյանջեվիի բանաստեղծությունները թյուրքերենով փոխարինելը տհաճ քայլ է:
«Ֆարս»-ի մեկնաբանը հիշեցրել է, որ ազգությամբ թալիշ մշակութային գործիչ Նովռուզալի Մամեդովը իր հոդվածներից մեկում Նիզամի Գյանջեվիին անվանել է «ոչ թյուրք» բանաստեղծ, ինչի համար էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2007թ. բանտարկվել է, իսկ 2009թ.՝ բանտում մահացել։ Իրանցի պատմաբան Սեյյեդ Մոհամմադ Սաղաֆին մեկ այլ պարբերականի ասել է. «Նույնիսկ թյուրքալեզու Սեֆյանների դինաստիան երբեք իրեն Իրանի մշակույթից եւ Իրանի ժողովրդից անջատ չի դիտարկել… Նկատի ունենալով նախկինում Իրանի ունեցած ընդարձակ սահմանները՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ), այդ թվում՝ Գյանջան, Իրանի մաս են կազմել. այն եղել է Սասանյան Անուշիրվան թագավորի ամառային նստավայրը։ Մեր մշակույթի մեջ երբեք մի քանի Ազարբայջան (Ադրբեջան) չի եղել: Ներկայիս ԱՀ-ն պնդում է, թե Գյանջան պատկանում է Անդրկովկասին, հետեւաբար Նիզամի Գյանջեվին էլ պատկանում է այդ երկրին, սակայն նրանք չգիտեն, որ Գյանջեվին երբեք թյուրքերենով չի ստեղծագործել: Նույնիսկ թյուրքալեզու Սեֆյանների օրոք, երբ պալատում թյուրքերեն էին խոսում, Սեֆյանների դինաստիան երբեք իրեն Իրանի մշակույթից եւ Իրանի ժողովրդից անջատ չի դիտարկել»:
Բայց, ինչպես ասում են, հասկացողին մե՛կ ասա, չհասկացողին՝ հազարումեկ։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս