Թուրքիայից Հայաստան շարունակվում է լոլիկ և վարունգ ներմուծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի ջերմոցատերերը պայքարում են թուրքական լոլիկի դեմ, պարզվում է, որ գարնան ամիսներին Հայաստան Թուրքիայից անարգել բավականին քանակությամբ թուրքական լոլիկ է ներմուծվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Նշենք, որ թուրքական ծագումով լոլիկ Հայաստան Թուրքիայից ներմուծվել է այս տարվա մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում (հիմնականում մարտին է ներկրվել): ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ին ներմուծված լոլիկի ծավալների վերաբերյալ տեղեկություն տրամադրեցին: Ըստ այդմ, վերոնշյալ ժամանակահատվածում Թուրքիայից Հայաստան ներմուծվել է ավելի քան 85 տոննա թուրքական ծագումով լոլիկ:

ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին ներկայացրած ներմուծողների ցանկում տեղ են գտել ինչպես ընկերություններ, անհատ ձեռներեցներ, այնպես էլ քաղաքացիներ: Օրինակ՝ անհատ ձեռներեց Գայանե Այունցը ներմուծել է ավելի քան 10 տոննա թուրքական ծագումով լոլիկ, «Արուսգրիգ» ընկերությունը ներմուծել է ավելի քան 22.5 տոննա լոլիկ, «Ակնաձոր» ընկերությունը՝ ավելի քան 4 տոննա, իսկ անհատ Գագիկ Շահվերդյանը ներմուծել է 6 տոննա լոլիկ: Ի դեպ, լոլիկ ներմուծում են Թուրքիայից 59 անհատ, 3 անհատ ձեռներեց եւ 2 ընկերություն: Նշենք, որ նույն ընկերությունները եւ նույն անհատ ձեռներեցները, բացի թուրքական ծագումով լոլիկ ներմուծելուց, ներկրում են նաեւ թուրքական ծագումով վարունգ:

Պարզվում է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում հայաստանցիները ոչ թե օգտվեցին, այլեւ տուժեցին: Բանն այն է, որ ՌԴ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների արդյունքում ռուսական կողմը հրաժարվեց թուրքական ծագում ունեցող ապրանքատեսակներից, հատկապես բանջարեղենից: Հայրենի կառավարությունը այս ամենի արդյունքւոմ ոգեւորվեց եւ գյուղատնտեսներին հորդորեց ավելացնել արտադրության ծավալները:

Սակայն իր հորդորին հետեւողական չեղավ եւ գյուղացուն թողեց միայնակ, նախ՝ կարկուտի, ուժգին քամու դեմ պայքարելիս, ապա՝ ՀՀ ներկրված թուրքական ծագում ունեցող բանջարեղենի: Իսկ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, ինչը լուրջ վնաս է հասցնում հայ արտադրողներին: Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, սակայն մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից:

Մյուս կողմից էլ եթե ընդհանրապես արգելվի դրսից բանջարեղենի ներմուծումը, հակառակ հարցը պիտի առաջ քաշենք` սպառողն ինչպե՞ս պետք է իր պահանջները բավարարի: Այս թեմայի շուրջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ձմռան ամիսներին տեղական արտադրանքը չի բավարարում ներքին պահանջարկը:

Այս ամենից հետո առնվազն կասկածելի է վերը բերված պաշտոնական թվերը, թե Թուրքիայից ՀՀ այս տարվա գարնան ամիսներին ներկրվել է ավելի քան 85 տոննա լոլիկ: Տեսակետ կա, որ Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցների ժամանակ թուրքական լոլիկն էլ, վարունգն էլ Վրաստանով ներմուծվել եւ շարունակում են ներկրվել ՀՀ: Իսկ պատկան կառույցները հրաժարվում են այդ փաստը խոստովանել եւ հրապարակել Թուրքիայից ՀՀ ներմուծված լոլիկի իրական քանակությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս