Հյուբերթ Քեփլը` առաջին անգամ Երեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երեւանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
Ուշագրավ է, որ բացման համերգին ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա): Նշենք, որ նա իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից եւ կիթառահարներից է, ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրը: Քեփլը հիմնադրել է նաեւ Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա):

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Քեփլն առաջին անգամ է լինելու Հայաստանում, եւ, առհասարակ, մեր տարածաշրջանում. «Հայաստանում կան մեծ թվով երիտասարդ կիթառահարներ, որոնք ունեն մասնագիտական հմտությունների պակաս, ընդ որում, մի քանի անգամ ավելի, քան երաժշտական այլ գործիքներ նվագողները: Ուստի լավագույն մասնագետներին հրավիրում ենք Հայաստան, որպեսզի ստեղծվի կամուրջ Հայաստանի ու աշխարհի կիթառահարների միջեւ: Փառատոնի ընթացքում կհնչեն վաղ դարաշրջանի ստեղծագործությունների փոխադրումներ, ժամանակակից կոմպոզիտորների գործեր, այդ թվում` այնպիսիք, որոնք Հայաստանում, առհասարակ, չեն ներկայացվել»,-մանրամասնեց նա:

Մեր այն հարցին, թե Երեւանյան միջազգային կիթառի 1-ին փառատոնից հետո ինչ դրական տեղաշարժեր են նկատվել, Ժորա Սարգսյանը պատասխանեց. «Արդեն նախորդ տարվանից` մեր առաջին փառատոնից հետո, շատ նշանավոր կոմպոզիտորներ սկսել են ստեղծագործել կիթառի համար»:
Նշենք, որ Երեւանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը կազմակերպել են Երեւանի կիթառահարների եւ Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հավելենք, որ փառատոնային երկրորդ` հունիսի 29-ի համերգին ելույթ կունենա նաեւ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Իսկ հուլիսի 1-ի փակման երեկոյին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):

Աննա Բաբաջանյան




Լրահոս