Ի վերջո երբ Սերգո Կարապետյանի խոստումները գործի կվերածվեն. ո՞րն է այս իրավիճակից ելքը. խմբագական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ պտուղբանջարեղեն արտահանող եւ վերամշակող ընկերությունների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե այս տարի առատ բերք է սպասվում, եւ հորդորել է վերամշակող ընկերություններին միջոցներ ձեռնարկել մթերման աշխատանքները սահուն եւ ժամանակին կազմակերպելու ուղղությամբ։ Իհարկե, նախարարի այս հայտարարության մեջ ոչ մի վատ բան չկա, սական եթե հիշում ենք, թե ինչ եղավ անցած տարի, երբ Կարապետյանը ճիշտ նույն՝ առատ բերքի մասին կանխատեսումներից հետո խոստացավ, որ մթերող կազմակերպությունները կընդունեն գյուղացիների ողջ բերքը, ակամայից մտահոգիչ սպասումներ ենք ունենում: Անցած տարի թե՛ խաղողագործներին, թե՛ բանջարեղենի, մասնավորապես՝ վարունգի եւ սմբուկի մշակությամբ զբաղվողներին նախարարը խոստացավ, որ նրանց աճեցրած ոչ մի կիլոգրամ բերք դաշտում չի մնա, սակայն մենք տեսանք տոննաներով դաշտերում կիտված վարունգի եւ սմբուկի բուրգեր, որոնք աճեցրած գյուղացիներն անգամ իմաստ չէին տեսնում հասցնել մինչեւ մթերող գործարաններ. դրա դիմաց վճարվող գումարն ավելի քիչ էր կազմում, քան տեղափոխման ճանապարհածախսը: Դե, իսկ խաղողի դեպքում էլ իրավիճակը ուղղակի տրագիկոմիկ է. մարդիկ արդեն նոր բերքահավաքի շեմին են, սակայն մինչ օրս չեն ստացել նախորդ տարվա բերքի դիմաց գումարները:

Եվ այս իրավիճակում խոսել բերքի մթերման արդյունավետ գործընթացի կազմակերպման մասին, ուղղակի լուրջ չէ: Ավելին՝ դա պարզապես անհնար է, քանի որ նույն այդ մթերող կազմակերպությունները, եթե հնարավորություն ունենային, ժամանակին կանեին վճարումներն ու մարտ ամսից սկսած՝ ամեն շաբաթ խաղողագործները չէին հավաքվի կառավարության առջեւ՝ պահանջելով իրենց գումարները: Հունիսի 1-ի դրությամբ խաղող մթերող ընկերությունների պարտքը գյուղացիներին դեռ կազմում էր 1,6 միլիարդ դրամ: Այսպիսով՝ ինչ է ստացվում. մի կողմից տուժում են գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրեց աճեցրած բերքը, իսկ այն չնչին գնով մթերողներին հանձնելու դեպքում էլ ամիսներով սպասում են գումարի վճարմանը, մյուս կողմից էլ տուժում են մթերողները, քանի որ նրանք կառավարության հորդորով, իսկ իրականում՝ ճնշմամբ, ստիպված են լինում ընդունել իրենց անհրաժեշտ չափաքանակից ավել բերք, որի դիմաց վճարելու համար հարկադրված են լինում նոր վարկեր վերցնել:

Որն է այս իրավիճակից ելքը. այն շատ պարզ է, սակայն դժվար իրագործելի՝ հատկապես մեր անգործունակ իշխանությունների դեպքում: Ելքը ԵՏՄ միասնական շուկայում հաստատվելու ուղղությամբ տեղական արտադրողներին պետական հզոր աջակցության ծրագիրն է, որպեսզի մեր մթերողները հնարավորություն ունենան ավելացնել իրենց արտադրանքի արտահանման ծավալները, եւ այդ դեպքում նրանք իրենք շահագրգիռ կլինեն հնարավորինս շատ խաղող, դեղձ կամ սմբուկ մթերել, այլ ոչ թե դա կանեն հարկադրված՝ կառավարությունից արված զանգերով:




Լրահոս