ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից ամառային հանգիստի են մեկնել են Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներ:
Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նաև քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Վերջիններս նշել են, որ երեխաները գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և վստահեցրել, որ ամեն ինչ արվել է երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: Ճամբար մեկնող բոլոր երեխաներին բաժանվել են մարզական խաղեր ու մարզահագուստ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն