ՕՍԿԱՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԿՄԵԿՆԻ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Օսկանյանին, որպես ընդդիմադիր գործիչ, հրավիրել են ԱՄՆ` Սպիտակ տուն: Թե երբվանից է Վարդան Օսկանյանը համարվում ընդդիմադիր, այն էլ՝ առաջնորդ, դեռ հարց է: Ամեն դեպքում, նրա նախաձեռնած կուսակցության համագումարը կայանալու է հունիսի 17-ին, իսկ մինչ այդ մի քանի քննադատական հայտարարությունները եւ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, թերեւս, բավարար պայման չեն՝ ընդդիմադիր առաջնորդ կոչվելու համար:

Օսկանյանի՝ ԱՄՆ հրավիրվելու եւ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի հետ կապված «Ժողովուրդ»-ը երեկ մի քանի հարց ուղղեց նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանին:
-Պարո՛ն Մարգարյան, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Օսկանյանին, որպես ընդդիմադիր առաջնորդ, հրավիրել են ԱՄՆ՝ Սպիտակ տուն: Տեղեկություններ ունե՞ք՝ ինչու են հրավիրել, եւ կոնկրետ ո՞ւմ կողմից է եղել հրավերը:
-Որպեսզի ձեւակերպումները հստակ լինեն եւ ինչ-որ թյուրիմացություն չլինի, ես կարծում եմ, որ նա պաշտոնական հայտարարություն կանի, եթե նման բան կա: Ինքը պարբերաբար տարբեր երկրներում հանդիպումների գնում է եւ այստեղ օտարերկրյա դիվանագետների, դեսպանների, ներկայացուցչությունների հետ մշտապես հանդիպում է, հրավիրում են: Հիմա այլ երկրներ, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւս լինում է, եւ առաջիկայում, կարծում եմ, որ կան նման բաներ. բայց պաշտոնական խիստ բաները ինքը կհայտարարի կա՛մ մամլո քարտուղարի միջոցով, կա՛մ ինքնուրույն: Ես ձեւակերպումներից որեւէ բան չեմ կարող ասել:
-Պարո՛ն Մարգարյան, չեք կարծում, որ Վարդան Օսկանյանին «ընդդիմադիր առաջնորդ» համարելը մի փոքր չափազանցություն է: Դուք անձամբ ընդդիմադիր եւ ընդդիմություն ասելիս ի՞նչ եք հասկանում:
-Դա, ճիշտն ասած, երկու կողմ ունի: Մեկն իրավական կողմն է, որը որ Ազգային ժողովի կանոնակարգով եւ օրենքներով է սահմանվում, բայց, այնուամենայնիվ, ես եւ իմ գործընկերները ընդդիմադիր ասելով հասկանում ենք, որ այն բեւեռը, որը ցանկանում ենք ձեւավորել, կլինի ոչ իշխանական, այն կլինի այլընտրանքը գործող իշխանություններին: Մենք ցանկանում ենք բավականին լայն համախմբվածությամբ, բավականին մեծ կոնսոլիդացիայով՝ հասարակական, քաղաքական, գնալ առաջիկա ընտրություններին: Ընդդիմադիր ասելը սա է:
-Պարո՛ն Մարգարյան, հունիսի 17-ին տեղի է ունենալու «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Դուք՝ որպես այդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, կարող եք ասել, թե համագումարին ովքեր են ներկա լինելու, ում եք հրավիրել, եւ արդյոք կուսակցության կազմում կլինեն քաղաքական գործունեություն ծավալող անձինք, որոնք ավելի ճանաչված են:
-Լրատվամիջոցները հրավիրված են, կգաք, կտեսնեք այնտեղ: Ես հիմա չգիտեմ, կարող է՝ իմ եւ ձեր չափանիշները՝ ճանաչվածության կամ, ասենք, հայտնիության, տարբեր լինեն, կտեսնեք՝ ովքեր որ կլինեն ներկա, եւ կլսեք՝ ինչի մասին ենք խոսում: Համագումարը բաց է լինելու:

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԻՑ

Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մոտ 100 գյուղապետերի հետ արտագնա նիստով քննարկեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է համայնքների խոշորացմանը:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը բացման խոսքում նշեց, որ համայնքների խոշորացման հետ կապված կային որոշակի անհանգստություններ, որոնք եղել են նաեւ մինչ այս ծրագիրը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր նախաձեռնությունն իրականացնել:
«Եթե մենք անում ենք մի բան, բնակչի վիճակը վատանում է, մենք դեմ ենք դրան: Եթե համայնքապետերն ունեն անհանգստություններ, ես կուզենամ՝ այս թեմայով լինի ձեր ասելիքը»,- առաջարկեց Մարգարյանը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ, կարեւորելով հանդիպումը, նշեց, որ դրա նպատակն այն էր, որպեսզի համայնքների ղեկավարներին իրազեկեն սպասվելիք փոփոխությունների մասին:
Անկախ նրանից, թե ինչ էր պատրաստվում իրազեկել համայնքների խոշորացման ծրագրի հեղինակներից եւ ջատագովներից մեկը համարվող Վաչե Տերտերյանը, համայնքապետերը նիստի ընթացքում հանդես եկան քննադատական ելույթներով՝ հայտնելով իրենց դժգոհությունները այդ ծրագրից:
Մասնավորապես, Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը հայտարարեց, որ ինքը եւ իր ղեկավարած համայնքի մեծամասնությունը դեմ են համայնքների խոշորացման ծրագրին: «99 տոկոսն իմ համայնքում դեմ են այս ծրագրին: Սա իմ կարծիքով ժամանակավրեպ է: Փառք Աստծո, մենք տեղական ինքնակառավարման հանձնաժողով ունենք, կարծում եմ, որ մեծ ժամանակ չէր խլի ամեն համայնքում 2 ժամ լինելու, տեղում բնակչության կարծիքը հարցնելու համար, ուղղակի ես շատ եմ վրդովված, խնդրում եմ, որ ԱԺ-ն այս օրենքը չընդունի»,- ասաց Աբազյանը:
Վերջինս նաեւ նշեց, որ համայնքների խոշորացման առաջին փորձն արդեն ունեցել են Տավուշի մարզի երեք համայնքում եւ համոզիչ փաստարկներ պետք է լինեին, որ այդ ծրագիրը շարունակվեր:
Նիստին ներկա ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում արձանագրեց, որ բացի գյուղապետերից, որոնց դժգոհությունն ինքնին հասկանալի է, դժգոհ է նաեւ հանրությունը: «Խորհուրդ եմ տալիս ներկայացնել հիմնավոր փաստարկներ խոշորացման համար, մենք ամեն օր չենք գյուղ հիմնում, եւ առանց գյուղապետի գյուղը կորցնելու վտանգն ավելին է, քան երբ կա գյուղապետ: Հատկապես սահմանամերձ գյուղերին պետք է ուշադրություն դարձնել: Ֆինանսների խնդիր կա, բայց հազարավոր տարիների հին գյուղեր ունենք եւ խոշորացման արդյունքում գյուղերը կարող ենք կորցնել»,-իր մտահոգությունը ներկայացրեց պատգամավորը:
Նա նաեւ առաջարկեց գնահատել մինչ այժմ խոշորացված համայնքների աշխատանքի արդյունավետությունը, ապա միայն մտածել ծրագրի շարունակության մասին:
Նշենք, որ համայնքների խոշորացում է նախատեսված Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի թվով 118 համայնքներում, ինչի արդյունքում կստեղծվի 15 համայնքային փունջ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խորհրդարան է եկել հանրային տրանսպորտով: Գ. Մինասյանի խոսքերով՝ ինքը պարբերաբար է օգտվում հասարակական տրանսպորտից. «Ես, ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները, ազատ եմ, ցանկանում եմ, օգտվում եմ, չեմ ցանկանում, չեմ օգտվում»: Մեր այն հարցին, թե հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական միջոցները խնայելու կոչից հետո է որոշել մեկ-մեկ տրանսպորտով երթեւեկել, նա պատասխանեց. «Ոչ, ես՝ որպես ազատ քաղաքացի, Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս՝ ինչպես ցանկանում եք, այդպես էլ գնացեք-եկեք»:

 

 

102 ՄԼՆ ԵՎՐՈՅԱՆՈՑ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքների գնման որոշման նախագիծ է ներկայացրել կառավարություն: Նախապատրաստվում է, որ նշված ծրագրով նախատեսվում է վերանորոգել միջպետական ճանապարհի շուրջ 90 կիլոմետրանոց հատվածը: Ծրագիրը նախատեսվում է իրագործել վարկային միջոցներով, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 102 մլն եվրո: Վարկը հատկացնելու են Եվրոպական ներդրումային բանկը եւ Ասիական զարգացման բանկը: Ճանապարհի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել երեք տարում՝ 2017-2020թթ. ընթացքում:

 

 

50 ՏՈԿՈՍ ՇԱՀՈՒՅԹ ՀԷՑ-ԻՆ
«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջարկում է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինն իջեցնել 2.5 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման տարբերակին դեմ չէ եւ ավելին չի պահանջում: Ըստ այդմ, նախատեսվում է՝ ցերեկը սպառած էլէներգիայի 1 ԿՎտ-ի համար բնակիչները վճարեն 46.20 դրամ, գիշերայինի համար՝ 36.20 դրամ: ՀԾԿՀ-ի հրապարակած հաշվարկներից հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս: Պարզվում է՝ ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի մեծածախ գնման միջին սակագինն առանց ԱԱՀ-ի կազմում է 22 դրամ 80 լումա, իսկ մարժան (եկամուտի չափը) կազմում է 11 դրամ 7 լումա: Ստացվում է, որ ՀԷՑ-ի եկամուտը կազմում է մոտ 50 տոկոս: Նույնն է, թե խանութպանը հացը մեծածախ գնի 100 դրամով եւ մանրածախ վերավաճառի 150 դրամով: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ՀԾԿՀ-ն, մեղմ ասած, խրախուսում է ՀԷՑ-ի գերշահույթ ստանալու փաստը:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԲԱՔՎՈՒՄ
Ադրբեջանական կայքերը երեկ հաղորդեցին, որ Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է հայկական վարորդական վկայական: Հետագայում հայտնի դարձավ, որ փաստաթուղթը պատկանել է քառօրյա պատերազմում զոհված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին:




Լրահոս