ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵԽԽՎ ԻՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, վերադառնալով Հայաստան, պատմել է, թե ինչ զեկույցներ էին պատրաստել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպե Գալատին: Ըստ նրա՝ Ալան Միլն ասել է, թե Հայաստանում Սահմանադրության փոփոխություններից հետո կար քաղաքական կամք, եւ քայլ առ քայլ երկխոսություն էր զարգանում, իշխանությունը ականջալուր էր լինում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության կարծիքներին, երկխոսության արդյունքում լուծումներ էին գտնվում: Իսկ Ջուզեպե Գալատին էլ ասել է, թե կոլեկտիվ քննարկումների եւ երկխոսության ձեւաչափն արդյունքներ է տալիս, կա քաղաքական կամք, եւ համազեկուցողները քաջալերում են այդ մոտեցումները: Այնուհետեւ, Նաղդալյանը պաթոսով նշել է, թե ինքն ու Արմեն Ռուստամյանը ներկայացրել են գործընթացները եւ օրեր առաջ կայացած համաձայնությունը՝ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ իրենց նպատակն արդար եւ թափանցիկ քաղաքական գործընթացներն են: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը՝ կազմելով բավականին դրական պատկերացումներ:

Ինչպես ասում են՝ բոլորն ուրախ են ու երջանիկ, դե, իսկ Եվրոպան էլ, հավանաբար, ցնցվել է հայաստանյան քաղաքական մշակույթի՝ Գաբրիել Ալմոնդի դասակարգման աղյուսակով բարձրագույն տեղը զբաղեցրած մասնակցային տիպով: Երեւի, այնուամենայնիվ, ծիծաղի առարկա չդառնալու հեռանկարն է Նաղդալյանին ստիպել չանելու դարակազմիկ եզրակացություն այն մասին, որ եվրոպացիները, գլխապտույտի մեջ ընկնելով հայաստանյան իշխանության «արդար նպատակից» ու նրա երկխոսելու կուլտուրայից, որոշել են հաջորդ անգամ մոնիտորինգ անել այդ ոլորտներում ու հայկական փորձը տանել Եվրոպա: Միայն թե Նաղդալյանն այդպես էլ չկարողացավ դիվանագետ լինել ոչ միայն դրսում, այլեւ ներսում, իր ավելորդ պաթոսները զսպել ու գրեթե կոմունիստական ոգով գնահատականներ չտալ, թե եվրոպացիներն ինչ պատկերացումներ են կազմել իր ներկայացումներից հետո: Ասենք, ռացիոնալ մարդը չի կարող, չէ՞, հավատալ, որ ԵԽԽՎ-ում հավաքված մարդիկ, որոնցից շատերը ներկայացնում են քաղաքական բարձր մշակույթ, իշխանության բարձր հաշվետվողականություն, մի խոսքով՝ ժողովրդավարության բարձր ցուցանիշ ունեցող երկրներ, հանկարծ տպավորվեն կամ կարծիք կազմեն կոռուպցիայի, քաղաքական ու տնտեսական մոնոպոլիայի, երկխոսությունների ու կոնսենսուսների իմիտացիայով զբաղվող իշխանության ներկայացուցչի պնդումներով, թե իրենց նպատակն արդար ու թափանցիկ գործընթացն է: Ի՞նչ է կարծում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը, իրեն իսկապե՞ս թվում է, որ եվրոպացիները գայթակղվել են իր ներկայացրածով կամ բավարարվել մոնիտորինգի համազեկուցողների կարծիքներով եւ Հայաստանի մասին բավական դրական պատկերացումներ կազմել, թե՞ ուղղակի փորձում է էպիտետներով կամ վերաբերմունք արտահայտող խոսքերով ներքին լսարանի համար ներշնչանքի էֆեկտներ ապահովել: Եթե առաջին պարագայի հետ գործ ունենք, ապա, իրոք, Նաղդալյանը վաղուց պետք է հեռացած լիներ դիվանագիտական գործունեությունից, քանի որ նրա մանկական օպտիմիզմը կխանգարի մեզ այդ կարեւորագույն կառույցում պետական շահերի ռացիոնալ, առանց ավելորդ հուզականությունների ներկայացմանը: Իսկ եթե գործ ունենք երկրորդ պարագայի հետ, ապա կարելի է խոսել պառլամենտական ճգնաժամի մասին առնվազն գաղափարական մակարդակով: Կա մի ուրիշ տարբերակ էլ. ենթադրենք՝ Հերմինե Նաղդալյանը ճիշտ է ասում. իրոք, եվրոպացիները տպավորվել են իր խոսքերից եւՀայաստանի քաղաքական մթնոլորտով, բայց դա, հավանաբար, եղել է մեզ նման երկրների ներկայացուցիչների մակարդակով, ասենք՝ ռուսներն են նախանձել կամ ուկրաինացիները, որտեղ երկխոսության փոխարեն մայդան է լինում, քանի որ իշխանությունը չի երկխոսում:
Իսկ եթե լուրջ, ապա թող չթվա, թե Միլի ու Գալատիի գնահատականներն ավելին են, քան դիվանագիտական ֆորմալ ձեւակերպումները, որոնց նպատակն է ֆինանսավորել նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական ծախսերը: Հենց սա էր գլխավոր պատճառներից մեկը (նաեւ ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված սոցիալ-քաղաքական իրականությունն ու հանրային ճնշումները՝ արդյունավետ կառավարման պահանջի տեսքով), որ իշխանությունը գնաց զիջումների՝ մինչ այդ ատամներով պահելով նախկին կարգավորումները: Հենց այստեղ է մեր իրական խնդիրը, որ մենք ոչ թե պետք է եվրոպական՝ իրավիճակային գնահատականով բավարարված համարենք մեր «ձեռքբերումները» ժողովրդավարական կառավարման ոլորտում ու այն տարփողենք, այլ սթափվենք ու ճիշտ գնահատենք իրականությունը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ՓՈՔՐ ՎԵԴԻՆ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում այս օրերին իրականացվում են մաքրման լայնածավալ աշխատանքներ: Երեկ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացրել գյուղում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փոքր Վեդիի բնակիչները հայտնեցին, որ գյուղում ընթացող մաքրման աշխատանքները կապված են Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցի հետ: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Փոքր Վեդու գյուղապետի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, ինչո՞ւ է Ձեր գյուղում ոստիկանությունը ուժեղացված հսկողութուն իրականացնում: Ի՞նչ են ստուգում:
-Դե, իրենք ստուգում են սանիտարական մաքրությունը: Բացի այս, նրանք ստուգում են, թե այս ընթացքում ովքեր են գյուղ նոր մտնում կամ անցնում գյուղի կողքով: Հետաքրքրվում են՝ ինչի համար են եկել եւ այլն: Սրանք նախապատրաստական աշխատանքներ են:
-Այս ամենը կապված է Հռոմի Պապի Հայաստան կատարելիք այցի հե՞տ:
-Այո՛, այո՛, այդ այցի հետ է կապված: Հունիսի 26-ին Հռոմի պապը մեր գյուղի միջով է անցնելու, որ գնա Խոր Վիրապ:
-Հիմա կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են տարվում գյուղում:
-Հիմա մաքրման աշխատանքներ ենք կատարում, հետո պետք է գծանշումներ անենք: Կարճ ասած՝ ասֆալտը պետք է լվացվի, մաքրվի, որ իր այցին պատրաստ լինի:
-Վերջին անգամ գյուղում ե՞րբ են մաքրման նման աշխատանքներ իրականացվել:
-Ամեն տարի էլ կազմակերպում ենք: Մենք ունենք սանիտարական ամիս, որի ժամանակ ճանապարհները մաքրվում են: Կոնկրետ մեր գյուղամիջյան ճանապարհը, որը գնում է դեպի Խոր Վիրապ, կոչվում է հանրապետական ճանապարհ: Չնայած որ սպասարկելը տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասության ներքո է, բայց այն իրականացնում ենք մենք:
-Գյուղապետարանի՞ միջոցներով:
-Այո եւ ոչ միայն. մեզ օգնում են նաեւ համայնքի բնակիչները: Ամեն բնակիչ իր տան ուղղությամբ մաքրման աշխատանքներ է իրականացնում: Մարդիկ իրենց տան դիմացի առուների կեղտն են հանում, իսկ մենք էլ դրա տեղափոխման հարցն ենք լուծում:
-Տեղյա՞կ եք, միայն Ձե՞ր գյուղում են իրականացվում նման աշխատանքներ, թե՞ հարակից գյուղերում էլ է նույն իրավիճակը:
-Դե, մեզ հրաման է բաց թողնված, որ մեր գյուղը պետք է միշտ մաքուր լինի, քանի որ այն տուրիզմի գոտում է:
Հ.Գ. Ի դեպ, Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ հունիսի 26-ին Խոր Վիրապում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՄԻՆՉԵՎ 2017Թ. ՎԵՐՋԸ ԽՈՇՈՐԱՑՎԵԼՈՒ ԵՆ
Հունիսի 21-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի մշակույթի տանը հավաքված, համայնքների խոշորացման դեմ բողոքող սահմանագոտու բնակիչները տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ասել են, որ եթե խոշորացումն անխուսափելի է, գոնե հարկ է այն հետաձգել: Նախարար Լոքյանն ասել է, որ դա խնդրի լուծում չէ, քանի որ մինչեւ 2017 թվականի վերջը Հայաստանի բոլոր համայնքները խոշորանալու են: Նախարարն ասել է, որ փոքր համայնքները սուղ բյուջե ունենալով՝ չեն կարողանում կարեւոր խնդիրներ լուծել: Նա հայտնել է, որ համայնքների խոշորացումից հետո առաջնահերթ լուծվելու են խոշորացված համայնքի մաս կազմած փոքր գյուղերի կենսական խնդիրները: Սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները նախարարին ասել են, որ իրենց գյուղը մոտ 2 տարի գազաֆիկացված է, սակայն գյուղում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա: Ոսկեպարցիները ֆինանսական հնարավորություններ չունեն վճարելու գազի ցանցից մինչեւ իրենց առանձնատներ խողովակ անցկացնելու համար պահանջվող գումարները: Նախարար Լոքյանը հայտարարել է, որ Նոյեմբերյանի սահմանագոտու համայնքները դեռեւս չեն վճարել այդ գյուղերը գազաֆիկացնելու համար պահանջվող ֆինանսական ներդրումների գումարները:

 

 

ԵՌԱԿԻ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի 20-ամյա բնակչուհի Հ. Ի.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկատվություն տալու հանգամանքը՝ 2016թ. մարտի 15-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի սկզբին իր համագյուղացիներից մեկը «Քարարտ» ձեռնարկության հյուրանոցում, 2016թ. հունվարի սկզբին մեկ ուրիշ համագյուղացի Աչաջուր գյուղում գտնվող, աղջկա տատի տան հետնամասում, 2016թ. փետրվարին մեկ այլ համագյուղացի, դարձյալ իր տատի տան հետնամասում, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ: Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Սույն հոդվածը նախատեսում է 5 տարվա ազատազրկում: Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը շարունակվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս