ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ իտալացի երգիչ եւ երգահան Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Հայաստանում ապրիլի 26-ին կայանալիք համերգը: Այնուամենայնիվ, ակնկալվում էր, որ դահլիճը լեփ-լեցուն էր լինելու, քանի որ քաղաքացիների մի զգալի հատված հասցրել էր տոմսեր գնել: Ռամազոտիի՝ հուսախաբ եղած երկրպագուներին, սակայն, այդ տոմսերի գումարը մինչեւ օրս չի վերադարձվել: «Ժողովուրդ»-ը դեռեւս մարտին գրել էր, որ Ռամազոտիի համերգի տոմս գնած քաղաքացիները հայաստանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production-ից շտապ փոխհատուցում էին պահանջում: Բայց քանի որ նրանց բողոքները որեւէ էական արդյունք չտվեցին, վերջիններս որոշել են խնդիրը լուծել դատական կարգով: 40-ից ավել քաղաքացիներ մտադիր են տեր կանգնել իրենց իրավունքներին: Տուժածներից մեկը` Գայանե Դեմիրչյանը, ով նաեւ փաստաբան է, որոշել է հանձն առնել այդ գործը: «Ժողովուրդ»-ը հանրությանը հուզող որոշ հարցերի շուրջ զրուցել է փաստաբանի հետ:

-Գայանե՛, Forpostart Production-ը, պատասխանելով տուժած քաղաքացիների բողոքներին, պատճառաբանել է, որ այս պահին չի կարող վերադարձնել տոմսերի գումարները, քանի որ բավականաչափ ֆինանսներ է ներդրել` համերգի գովազդի եւ մի շարք այլ ծախսեր հոգալու համար: Այդ բացատրությունները ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր իրավունքների պաշտպանությամբ: Եթե Forpostart Production-ի իրավուքները ոտնահարվել են, վերջինս էլ իր հերթին պետք է զբաղվի իր շահերի պաշտպանությամբ: Եթե ինքը ծախսեր է արել, դրա պատասխանատուն ո՞վ է, սպառո՞ղը: Այս պահին մեզ որեւէ մեկնաբանություն չի հետաքրքրում: Մենք ունենք խախտված իրավունք, փորձում ենք վերականգնել այն: Ոչ մի երաշխիք չկա, որ ընկերությունը իր նշած ժամկետներում կվերադարձնի տոմսերի գումարները:
-Forpostart Production-ի պաշտոնական կայքում կարդում ենք, որ տոմսերի վերադարձի գործընթացը քիչ ժամանակատար դարձնելու նպատակով պետք է ներկայացնել հատուկ դիմում, որի օրինակը ներկայացված է կայքէջում: Այդ օրինակում կա նման կետ՝ «Տոմսարկղ» ՍՊԸ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ, «Արձագանք» ՍՊԸ, «Շոութիկեթ» ՍՊԸ, «Լակի» ՍՊԸ, անհատ ենթագործակալների նկատմամբ որեւէ բողոք չունեմ»: Սրա ներքո քաղաքացին պետք է ստորագրի: Ի՞նչ եք կարծում` այս կետը որեւէ վտանգ պարունակու՞մ է:
-Ես ինքս այս պահին ունեմ բողոք, հետեւաբար «բողոք չունեմ» հայտարարության ներքո չեմ ստորագրի: Զուտ շահերի պաշտպանությունից ելնելով` այո, վտանգ տեսնում եմ:
-Ըստ Ձեզ` չկայացած համերգի հայաստանյան կազմակերպիչը տոմսերի վերադարձի եւ այլ հարցերի վերաբերյալ պատշաճ կերպով իրազեկե՞լ է հանրությանը:
-Կարծում եմ` մենք ոչ այնքան իրազեկ ենք ընկերության գործողություններից, քանի որ Forpostart-ը իր հայտարարությունները տարածում է միայն պաշտոնական կայքի միջոցով, որը ոչ բոլորն են կարդում: Հասարակությունը լավ տեղյակ չէ` ինչ կարգով են վերադարձվելու տոմսերը: Համենայն դեպս, տոմսերի գումարների վերադարձի մասին տեղեկութունները նույն մասշտաբով եւ ակտիվությամբ չեն տարածվում, որքան ժամանակին տարածվում էին Ռամազոտիի համերգի հայտարարության վերաբերյալ գովազդները:
-Ի՞նչ եք կարծում` հայաստանցին այսօր պահանջատե՞ր սպառող է: Սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու միտումը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Մեր հասարակությունը, առհասարակ, համբերող հասարակություն է, բայց միեւնույն ժամանակ ողջունելի է, որ մարդկանց իրավագիտակցությունը աստիճանաբար բարձրանում է: Սպառողն ինքը չի ակտիվանում, քանի դեռ չի բախվում որեւէ խնդրի: Եթե մինչեւ այսօր շատերը ուշադրություն չէին դարձնում, թե ովքեր են համերգի կազմակերպիչները, ում երաշխավորմամբ, հովանավորությամբ է այն կազմակերպվում, ապա այսօր, կարծում եմ, նման կարեւոր հարցերը չեն անտեսվի:
-Գայանե՛, Հայաստանում համերգի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու նախադեպ եղե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է:
-Ո՛չ, Հայաստանում նման նախադեպ չի գրանցվել: Դաշտը բաց է, պրակտիկ առումով չունենք այս թեմայով դատական գործեր եւ վեճեր: Երեւի դա է պատճառը, որ շատ ընկերություններ կարողանում են համերգի օրերը իրենց ուզած ժամանակ փոխել, հետաձգել, տոմսերի վերադարձն ուշացնել եւ այլն: Ոչ ոք իրավական պատասխանատվության դեռեւս չի ենթարկվել, եւ գուցե այդ հանգամանքն էլ ստեղծել է անպատասխանատվության միջավայր:

 

 

 

ԳԵՂԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ, ՓՈԽՏՆՕՐԵՆԸ` ՀԵՌԱՑՎԵԼ

Պետական կամերային երաժշտական թատրոնում կրկին կրքերը թեժացել են: Թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց թատրոնի` գեղարվեստական մասով արդեն նախկին փոխտնօրեն Տաթեւիկ Մանվելյանը: Մինչ անդրադառնալը թատրոնի ներսում ծայր առած խնդիրներին, վերջինս նախ նշեց, որ թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը մի քանի օր առաջ իրեն ազատել է աշխատանքից. «Չեմ անդրադառնա այն անձնական խնդիրներին, որոնք ի հայտ եկան երկուսիս միջեւ, թե ինչպես նա վարվեց ինձ հետ` այն աշխատողի, որի հասցեին միշտ գովեստի խոսքեր էր հնչեցնում: Ես թատրոնում վերջին անգամ եղել եմ հունիսի 20-ին: Տնօրենը շատ անհիմն, ծիծաղելի նկատողությունների հիման վրա հեռացրել է ինձ աշխատանքից: Դրանք իրավական լուրջ խախտումներն են, եւ ես դրանց լուծումը կգտնեմ»,- ասաց նա` հավելելով, որ չգիտի` իրեն փոխարինող արդեն գտնվել է, թե ոչ:

Ինչ վերաբերում է գեղխորհրդին, նախկին փոխտնօրենի խոսքով, այն վերջին ամիսներին բավական դաժան աշխատանք է կատարել. «Տնօրենը միշտ կոնֆլիկտներ էր ստեղծում, իր չիմացությամբ միջամտում էր ստեղծագործական լուրջ հարցերի: Մեկ երկու, երեք, գեղխորհուրդն արդեն հասկացավ, որ հնարավոր չէ, անիմաստ է նման պայմաններում ստեղծագործել»,-մեկնաբանեց նա:
Տ. Մանվելյանի խոսքով` թատրոնը մշակութային օջախ է, եւ այն չի կարող տնօրինել մեկը, որը ոչինչ չի հասկանում դրանից. «Նա սովորական ըկերության ղեկավար չէ, որ ընդամենը մենեջմենթին տիրապետի եւ վերջ: Վարդան Գրիգորյանը ստեղծագործական պրոցեսը կապում է թղթի ու գրիչի հետ, օրինակ` ասում է` մինչեւ տվյալ մասնագետի հետ պայմանագիր չկնքվի, վերջինս թող թատրոն մուտք չգործի: Ստեղծագործող մարդու առջեւ չի կարելի նման պայմաններ դնել: Նա աշխատում է զուտ տեխնիկական վարչարարի մեթոդներով»,-մանրամասնեց նախկին փոխտնօրենը:
Մեր այն դիտարկմանը, որ իրադարձությունների այս ֆոնին ակամայից հիշում ենք այս տարվա փետրվարին թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանի հեռացման փաստը եւ նրա այն խոսքերը, թե թատրոնը ստեղծագործական ճգնաժամից դուրս բերելու իր ցանկությունը նման պայմաններում հնարավոր չէ իրագործել, Տ. Մանվելյանը պատասխանեց. «Զուտ արվեստին վերաբերող որոշ հարցերում ես համաձայն եմ Մելիքսեթյանի հետ… Այն, որ Վ. Գրիգորյանը ունի շատ լուրջ ինքնահաստատման խնդիր, ու տնօրեն բառը շատ է իրեն ոգեւորում, դա փաստ է»:
Հարցին, թե բացի իրենից՝ էլ ում է հեռացրել տնօրենը, Տ. Մանվելյանը պատասխանեց. «Գեղխորհուրդը նոր պարուսույց բերեց, տնօրենը պատճառաբանեց, թե նրան վճարելու հնարավորություն չունի ու ավտոմատ կերպով դուրս թողեց աշխատանքից: Բոլոր նրանք, ովքեր ուղիղ կապ ունեն ստեղծագործական հարցերի հետ եւ կբացահայտեն տնօրենի չիմացությունը, նրան դեմ դուրս կգան, կարժանանան այն նույն ճակատագրին, ինչ ես, ուստի շատերը, թեկուզ եւ տեսնելով տնօրենի սխալները, նախընտրում են լռել»:
«Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ գեղխորհրդի արդեն նախկին անդամ, դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանից. «Գեղխորհրդի բոլոր անդամները համակարծիք են այս հարցում: Տնօրենը չի տիրապետում իր աշխատանքին: Տվյալ մարդու հետ որեւէ ստեղծագործող մարդ չի կարող աշխատել: Թատրոնի տնօրենը պետք է առաջին հերթին թատրոնի սիրահար լինի: Եթե նվիրյալ չի, իր ներկայությամբ քանդում է ամեն ինչ»,-նկատեց նա:
Զրուցեցինք նաեւ թատրոնի դերասանուհի Շողեր Ջալալյանի հետ, ով մեզնից տեղեկացավ գեղխորհրդի հրաժարականի մասին: «Ընդամենը մի քանի օրից մեր թատրոնում պրեմիերա է լինելու, նո՞ր են որոշել հրաժարվել… Օրերս էլ խոսվում էր այն մասին, թե գեղխորհուրդը պետք է տեսնի` ինչպես են ընթանում դրա հետ կապված աշխատանքները»,- եղավ նրա արձագանքը:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ թատրոնի տնօրեն Վ. Գրիգորյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
«ՎԱՐԴԱՎԱՌ»-Ի ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Հուլիսի 3¬ին Գառնի պատմամշակութային արգելոց¬թանգարանում եւ Գեղարդի վանական համալիրում` հոգեւորի եւ ազգայինի միաձուլմամբ կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը: Դրա նպատակն է հայ հասարակությանը հաղորդակից դարձնել տոնի իրական ծագումնաբանությանը, վեր հանել հայկական մշակույթը՝ խթանել ազգային ինքնությունն ու ճանաչողությունը, հոգեւոր արժեքների պահպանումը:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ փառատոնը ներառվել է բազմաթիվ զբոսաշրջային ընկերությունների փաթեթներում: Նրա խոսքով, ազգային խաղերի պայմանները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, որպեսզի արտասահմանցիները եւս ներգրավվեն դրանցում: Աշխատանքներ են տարվում, որ փառատոնը ներառվի Միջազգային փառատոների ասոցիացիայի, իսկ «Վարդավառ» տոնն էլ` ՅՈՒՆԵՍԿՕ¬ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

 

 

«ՆՍՏԱԾ ԿԻՆԸ»` 63 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Նստած կինը» կտավը 43,3 միլիոն ֆունտով (63,4 միլիոն դոլարով) վաճառվել է Լոնդոնի աճուրդում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»¬ը: Նկարը դարձել է կուբիզմի ոճով ամենաթանկ գործը, որը երբեւէ վաճառվել է աճուրդներում: Կտավի նախնական արժեքը կազմել է 28 միլիոն ֆունտ (41 միլիոն դոլար): Նկարում պատկերված է հռչակավոր նկարչի սիրուհին՝ Ֆեռնանդա Օլիվիեն: Կտավն ստեղծվել է 1909 թվականին վարպետի հայրենիքում՝ Օրտա դել Էբրո ավանում: Հունիսի 21¬ին 38,5 մլն ֆունտով (56,4 մլն դոլարով) իրացվել է նաեւ Ամեդեո Մոդիլյանիի կտավը: Խոսքը վերաբերում է ֆրանսիացի նկարչուհի եւ բնորդուհի Ժաննա Էբյուտեռնի (1898 – 1920) դիմանկարին, որը եղել է իտալացի ականավոր գեղանկարչի եւ քանդակագործի ոչ պաշտոնական կինը եւ գլխավոր մուսան:

 

 

ԸՆԿԵԼ Է ՁԻՈՒՑ ԵՎ ՎՆԱՍՎԵԼ
Հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը ընկել է ձիուց եւ լուրջ վնասվածքներ ստացել: Page Six-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Սեն Բարթելեմի կղզում: Աղբյուրները պատմում են, որ Ուման ընկել է ձիասպորտի պարապմունքների ժամանակ: Ձին ինչ-որ բանից վախեցել է, ինչի պատճառով էլ գրանցվել է այս միջադեպը:
Դերասանուհին իր զավակների օգնությամբ հասել է La Plage ռեստորան, որտեղ նրան կարողացել են առաջին բուժօգնություն տրամադրել: Ականատեսների վկայությամբ` աստղը այնպիսի տեսք է ունեցել, ասես նրա կոնքն են վիրահատել:




Լրահոս