Այսօրվանից բացվում է Սեւանի լողափնյա հանգստի շրջանը, եւ այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր:
«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին:
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք հունիսի 29-ին այցելել եք «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ ծանոթանալու այնտեղ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքներին: Արդյո՞ք գոհ եք կատարված աշխատանքից, եւ հանրային լողափերն ուշադրության կենտրոնում պահելուց բացի՝ Սեւանի մյուս հատվածներին եւս հետեւում եք:
-Հանրային լողափերը մենք հիմնականում բացելու ենք հուլիսի մեկից եւ դրա հետ կապված մենք երեկ Գեղարքունիքի մարզպետի հետ միասին եղանք տարածքում, որպեսզի հստակ պատկերացում ունենանք, թե ինչ աշխատանքներ են կատարվել, եւ ինչ թերություններ կան: Կային որոշակի խնդիրներ, որոնք երեկ, այսօր արդեն ամբողջությամբ ավարտին հասցված կլինեն: Կարծում եմ, որ մենք շատ արագ կկարողանանք լիարժեք սպասարկումներ իրականացնել եւ ծառայություն մատուցել: Եւ կհրավիրեմ նաեւ բոլորին, որ, իրոք, կարելի է գնալ եւ հանգստանալ: Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է:
-Բազմաթիվ բնապահպաններ բարձրաձայնում են, որ Սեւանա լճի մի շարք հատվածներ ճահճակալման վտանգի առաջ են կանգնած, բացի այս՝ լճի աղտոտվածությանը նպաստում են նաեւ ապամոնտաժված որոշ կառույցներ: Դուք այս խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք կատարում:
-Եթե մենք մշտական գնում ենք խնդրի լուծման եւ տարեցտարի բարձրացնում ենք Սեւանը, բնականաբար պետք է առաջանան նաեւ ճահճացված տարածքներ, բայց մենք լիովին համոզված ենք, որ կարճ ժամանակ հետո, ջրի բարձրացման առումով, այդ տարածքներն ամբողջությամբ կմաքրվեն եւ նորմալ վիճակի կգան, աստիճանաբար ինքնամաքրման գործընթաց կգնա: Այսօր մենք ինքներս տեսնում ենք, որ Սեւանում բնական ճանապարհով ունենք համարյա 16 մետր թափանցելիություն: Սեւանը ինքնամաքրված է այսօր, ձկան պաշարների քանակի ավելացում կա. սա նույնպես կապված է ջրի մաքրման հետ: Սրանք կարեւոր խնդիրներ են, եւ դրա համար ես կուզեի, որ սիրողական բնույթի խոսակցությունները մենք թողնենք:
-Պարո՛ն Գրիգորյան, տեսակետ կա, թե ներկայումս էլ «Սեւան» ազգային պարկի աշխատանքները փաստացի ղեկավարում է նախկին տնօրեն, այժմ փոխտնօրեն Աշոտ Գնդոյանը, այդ իսկ պատճառով հետեւողական աշխատանքներ չեն իրականացվում: Ի՞նչ կասեք:
-Գիտեք, Սեւանի խնդիրները գալիս են բավականին վաղուց, դեռեւս 25-30 տարի առաջ, երբ ոչ լիարժեք մոտեցում է ցուցաբերվել, եւ եղել են ոչ ճիշտ վարձակալություններ, եղել են նաեւ ոչ օրինական կառույցներ: Եվ սրա արդյունքում այսօր կան որոշակի տարածքներ, որտեղ արդեն ջուրը բարձրացել է, եւ քաղաքացիները, բնականաբար, իրենք իրենց գույքը պետք է քանդեն եւ տեղափոխեն իրենց ուժերով: Կա նման իրավիճակ, բնականաբար, բայց չեմ կարծում, որ դա շտկելու խնդիրն ունենք: Մենք դա շտկում ենք, ժամ առ ժամ ենք կատարում, եւ տեսանելի է բոլորի մոտ, մենք պահելու, փակելու ոչինչ չունենք: Այո, եղել են խնդիրներ, այսօր դրանք օրինական ճանապարհով հարթվում են:
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արցախյան հիմնահարցը շարունակում է ամենաքննարկվող թեման մնալ: Ապրիլյան սրացումներից հետո ծավալված բանակցությունների նոր՝ առավել ինտենսիվ փուլը նորանոր գործընթացների մասին է ազդարարում, որոնց պատված գաղտնիության շղարշը դեռ չի բացվում: Ի վերջո, ի՞նչ է սպասվում մեր տարածաշրջանում. արդյո՞ք հնարավոր է հասնել վերջնական խաղաղության: Սա այն հարցն է, որը տրվում է գրեթե ամեն օր ու ամենատարբեր շրջանակների կողմից, բայց անպատասխան:
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ ունեցած զրույցի վերջին հատվածը, որը վերաբերում է հենց Արցախի հիմնահարցին:
-Պարո՛ն դեսպան, ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը, հայտարարել էր, որ նոր ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Ձեր կարծիքով, արդյո՞ք դա միակ ձեւն է՝ փրկելու արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից:
-Միացյալ Նահանգները, ինչպես եւ միջազգային հանրության մյուս դերակատարները, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի համակողմանի կարգավորման համատեքստում՝ հիմնվելով ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
-Թե՛ կողմերի, թե՛ ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի կողմից նշվեց, որ Վիեննայի հանդիպումը ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր: Արդյո՞ք Դուք համակարծիք եք այն տեսակետին, որ այս փուլում ԱՄՆ-ն է փորձում առաջնային դերակատարություն ունենալ ԼՂՀ կարգավորման հարցում: Գաղտնիք չէ, որ ապրիլից, ի վերջ, թե Քերի-Լավրով հեռախոսազրույցներում, թե նաեւ Վիեննայում Ղարաբաղի հարցը քննարկվեց Սիրիայի եւ Ուկրաինայի հետ մի փաթեթում: Եւ հենց այս իմաստով է, որ խոսվում է ազդեցության գոտիների բարտերի մասին:
-Մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան հետամուտ են ընդհանուր նպատակի, այն է՝ միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համակողմանի լուծման հասնելու նպատակով մենք միասին աշխատում ենք շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու, վստահության ձեւավորման միջոցների ու բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:
-Ձեր կարծիքով, ՌԴ-ն կհամաձանի՞ սահմանին հետաքննող սարքերի տեղադրմանը, ինչին մինչ այս կողմ չի եղել: Եւ խնդրում եմ հայտնել, թե ե՞րբ է նախատեսվում դրանց տեղադրումը եւ կոնկրետ որտե՞ղ:
-Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձեւավորումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը բացատրություն է պահանջել «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւից: Նշված բժշկական կենտրոնն առավել հայտնի է որպես «Մարգարյան հիվանդանոց»: Պարզաբանում են պահանջել հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած պտղի դեպքի հետ կապված: Մեր տեղեկություններով՝ երեկ Օկոեւը պաշտոնական բացատրություն է ներկայացրել նախարարությանը` մասնավորապես նշելով, որ 28 տարեկան հղի կինը հղիության 33-րդ շաբաթում` հունիսի 25-ին, ընդունվել է հիվանդանոց՝ բարձր ռիսկի հղիների բաժանմունք, եւ ախտորոշումն էլ եղել է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքը: Նա ստացել է համապատասխան բուժում: Հսկողության ընթացքում պտղի վիճակի կողմից որեւէ շեղում չի հայտնաբերվել: Հունիսի 29-ի գիշերը անցկացրել է հանգիստ, իսկ լուսադեմին՝ ժամը 07:00-ին, գանգատվել է որովայնի շրջանում սուր ցավերից: Նրան զննել են, եւ պտղի սրտի զարկերը չեն լսվել: Գերձայնային հետազոտությամբ ախտորոշվել է պտղի մահ:
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԱՐՑ
Ինչպես արդեն հայտնի է՝ երեք օր առաջ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: «Ժողովուրդ»-ը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԳԱԱ նախագահ է ընտրվում մի մարդ, որը ժողովների ժամանակ քնում է, իսկ վերջերս էլ հայտարարեց, որ ամեն քոսոտ երկիր, ինչպես Հայաստանն է, չի կարող զենք արտադրել: «Ինչ պարտադրված հարցեր եք ինձ տալիս, ես տեղյակ չեմ, չեմ կարծում, որ Ռադիկ Մարտիրոսյանը նման հայտարարություն արած կլինի, շնորհակալություն»,- դժկամորեն պատասխանեց Լոքյանը:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում գրանցված հանցագործությունների թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1375-ով աճել է: Այս տարվա հունվար-մայիսին արձանագրվել է 8 հազար 108 հանցագործություն՝ անցած տարվա 6 հազար 733-ի դիմաց: Միջին ծանրության հանցագործությունների թիվը կազմել է 2 հազար 793, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 805 դեպքով: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը անցած տարվա համեմատ ավելացել է 223 դեպքով: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը նույնպես աճել է 445-ով: Ի դեպ, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն էլ շատացել են 767-ով: Մասնագետների կարծիքով հանցագործությունների թվի աճը պայմանավորված է ինչպես սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ, այնպես էլ հանցանքի նախականխման օպերատիվ աշխատանքների թերացմամբ: