ՀԱՅԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթի հյուրերն են դերասան-ամուսիններ ԾՈՎԻՆԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ու ՆԱՐԵԿ ՀԱՅԿԱԶՅԱՆԸ: Նրանք համակուրսեցիներ են եղել, սովորել Թատերական ինստիտուտում, Վահե Շահվերդյանի արվեստանոցում: Ամուսնացել են 2006թ., 2007-ին ծնվել է նրանց առաջնեկը: Հիմա էլ դերասանների ընտանիքում սպասում են երկրորդ բալիկի ծնունդին, որը, ի դեպ, կրկին տղա է: Զույգը նաեւ հավելեց, որ նույն մասնագիտության մեջ լինելն իրենց օգնում է միմյանց ճիշտ հասկանալ: 
-Դուք երիտասարդ ընտանիք եք, կարողանո՞ւմ եք թատրոնում աշխատելով կարգավորել ձեր ֆինանսական հարցերը:
Նարեկ. Կան սերիալներ, որ շատ օգնում են դերասանին ֆինանսական հարցերում: Կարծում եմ՝ ամեն մարդ պետք է աշխատի իր մասնագիտությամբ: Ցավում, որ շատերը գումարը փնտրում են իրենց բնագավառից դուրս: Ես չեմ ուզում՝ դա ինձ կպնի, բայց եթե ես զգամ, որ իմ ընտանիքը դրա կարիքն ունի, ստիպված…
-Բայց հիմա շատ սերիալներ փակվել են…
Ծովինար. Ես ու Նարեկն այս պահին մտածելու բան չունենք, արդեն առաջարկ ունենք, անգործ չենք մնա, փառք Աստծո: Ես մի բան գիտեմ՝ որտեղ ուզում ես եղի՛ր, եթե դու տաղանդավոր ու շնորհքով մարդ ես, քեզ կնկատեն: Պարզապես այսօր արժեքները փոխվել են, մարդիկ ինձ ճանաչում են սերիալներից, Նարեկին նույնպես, բայց թատրոնում մենք խաղում ենք ավելի արժանի դերեր, լուրջ դրամատուրգների գրած պիեսներ, եւ ավելի շատ ենք չարչարվում: Ինձ հաճախ ասում են՝ դե ինչ կա այդ սերիալներում, անորակ են: Բայց ես նորից եմ ասում՝ Հայաստանում սերիալներն ընդամենը 6-7 տարեկան են: Հավատացե՛ք, որ սերիալ ստեղծողներն էլ ուզում են, որ այն որակյալ լինի:
-Դե եթե ուզում են, թող որակով նկարեն:
Ծովինար. Շատ մեծ բան կախված է ֆինանսից: Դրա համար էլ չդերասաններ են նկարվում ու դառնում հայտնի, դա նրանից է, որ պրոֆեսիոնալ ու հայտնի մարդիկ ավելի մեծ գումար են ուզում: 
-Կարծում եք՝ ամեն ինչ ֆինանսով կլուծվի՞:
Նարեկ. Ֆինանսով եւ պրոֆեսիոնալ մարդկանցով:
Ծովինար. Մենք արդեն դրա ճանապարհին ենք: Մենք նորաստեղծ պետություն ենք, ամեն ինչ ստեղծում ենք սաղմնային վիճակից, սկսել են նաեւ լավ ֆիլմեր ստեղծել:
Նարեկ. Գիտե՞ք՝ ինչի վրա եմ զարմանում, երբ ե՛ւ նայում են սերիալը, ե՛ւ բողոքում: Սերիալը սկսում են ցուցադրել, ժողովուրդը նայեց, սերիալը ռեյտինգ ունեցավ, կշարունակվի, չնայեց, կփակվի: Հետո էլ դժգոհում են, թե ինչ են ցույց տալիս, ախր դուք եք նայողը, չեք նայի, չի գնա:
Ծովինար. Հայերը սիրում են բողոքել ամեն ինչից: Բողոք, քննադատություն, դա մեր բնավորության մեջ է: Եվրոպացին կարողանում է իր նախանձն ու թշնամանքը պահել, հայերը դա չունեն, ամեն ինչ ցույց են տալիս: 
Նարեկ. Մի բան էլ կա: Այսօր 21-րդ դարն է, ընտրանին շատ է, ամեն ինչ փռած է, ասում են` ընտրի՛ր: Ուզում ես վա՞տը նայել, միացրո՛ւ, վա՛տը նայիր, ուզում ես ցուցահանդե՞ս գնալ, գնա՛… 
Ծովինար. Բոլորը ծիծաղում են, երբ Ֆիլհարմոնիկում տեղի ունեցող համերգի մասին sms են ստանում, բայց ես վստահ եմ, որ ծնողներից շատ քչերն են միայն վերցնում իրենց երեխայի ձեռքն ու գնում այդ համերգներին: Բողոքում են ամեն ինչից ու ձեռքները ծալած՝ նստում: Այդ նույն երիտասարդ մայրիկներն ու հայրիկները, որ ալարում են շարժվել ու գիրանում են, դրա փոխարեն կարող են դուրս գալ, զբոսնել, հեծանիվ քշել, երեխային տանել թատրոն: 
-Դուք թո՞ւյլ եք տալիս, որ ձեր երեխան նայի ձեր մասնակցությամբ սերիալները: 
Ծովինար. Նայած որը:
Նարեկ. Ես իմ երեխային ցույց եմ տալիս լավն էլ, վատն էլ ու ասում եմ՝ տղա՛ ջան, դու վատի մեջ կարող ես ընտրել լավագույնը: Մարդը, ըստ իս, ծնված է ապրելու եւ ընտրելու համար: Ես շատ անգամ սովորում եմ դիմացինիս սխալների վրա: Եթե ես տեսում եմ այդ վատը, ի՞նչ անեմ, բողոքե՞մ: Ո՛չ, պարզապես ես դա չեմ անի: Մտածողության ու սովորելու պակաս կա, մարդիկ չգիտեն ու բողոքում են: Ճիշտ են ասում` սարսափի՛ր անգրագետից: 
-Հայաստանում մշակութային կյանք կա՞:
Նարեկ. Հավատացե՛ք՝ կա, բայց եւ ապրելու, հացի խնդիր լուծելու հարց կա: Մարդիկ այսօր մտածում են, որ մի կոպեկ վաստակեն, իրենց հացը հոգան: Իսկ նախկինում չեն մտածել, հաց ունեցել են, մտածել են նաեւ հոգեւոր սնունդի մասին: Այսօր բարձր արվեստ կա, մշակույթը չի վերանում:
Ծովինար. Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ կա այսօր, մարդ պետք է լավատես լինի: Մենք երկուսս էլ աշխատում ենք Սունդուկյանի անվան թատրոնում, հանդիսատեսը գնահատում է մեզ: Թատրոնում երիտասարդներին տեղ են տալիս, համարյա բոլորն ունեն գլխավոր դերեր: Ես շնորհակալ եմ ավագ սերնդից, որ մեզ ճիշտ ճանապարհին են դնում: Վստահ եմ, որ առանց հացի չեմ մնա, բայց չեմ ուզում, որ պետության մեջ լինեն աղքատ մարդիկ, թող բոլորը ժպտան:
-Նարե՛կ, Դո՞ւք ինչ եք ուզում:
Նարեկ. Ես այս պահին ամեն ինչ ունեմ` լավ ընտանիք, իմ սիրելի մասնագիտությամբ եմ աշխատում, սիրում եմ թատրոնը, կոլեգաներիս: Միայն մի բան եմ ուզում, որ թատրոնի աշխատավարձը շատացնեն, ու ես կարողանամ մի ամիս իմ աշխատավարձով առանց մտածելու իմ ընտանիքը պահել: Հավատացե՛ք՝ դա թատրոնի յուրաքանչյուր դերասանի ցանկությունն է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 638 համար




Լրահոս