2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը սկսել են ակտիվանալ` այլ ուժերի հետ համագործակցության եզրեր փնտրելով կամ սեփական կառույցներն ուժեղացնելով:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:
-Տիկի՛ն Սեդրակյան, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր, անհանգստանալով իրենց քաղաքական ճակատագրով, սկսել են ակտիվություն ցուցաբերել: «Ազատ դեմոկրատներ»-ը այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Կոնկրետ մեր քաղաքական ուժի պարագայում ես մեծ վստահությամբ ու հանգստությամբ կարող եմ մի բան ասել, որ մենք այն բացառիկ քաղաքական ուժն ենք, որն իր ուղղությունը գծել է առավելագույնս հստակ եւ երբեւէ չի շեղվել դրանից: Մենք հստակ դեմ ենք եղել ե՛ւ ԵՏՄ-ին, ե՛ւ ՀԱՊԿ-ին, ինչպես փաստել ենք, եւ այդ փաստերը բացահայտել ենք, այդպես էլ շարունակում ենք այդ գիծը: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերի ճակատագրի եւ քաղաքական կենսագրության հստակեցման պարագայում յուրաքանչուր մարդ պետք է իրեն տա այդ հարցը` ինչ են խոստանում այդ մարդիկ, ինչքանով են իրենք հավատարիմ իրենց ասածներին, եւ որն է իրենց տարբերությունը իշխանություններից, որովհետեւ Հայաստանի ընդդիմադիր ուժերն իրենց ընդդիմադիր հայեցակարգը հիմնել են հետեւյալ կոնցեպցիայի վրա, որ իշխանությունը վատն է, բայց շարունակում են իշխանության վարույթը արտաքին դիվանագիտական սեկտորում: Հայաստանը քրիստոնյա եվրոպական երկիր է, եւ պարտավոր է լինել այն համակարգում, որն առավելագույնս կպաշտպանի նրա քաղաքացիական իրավունքները եւ նաեւ դիվանագիտական ու ռազմական շահերը, բայց դրա համար մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ մենք Եվրոպա ենք, մենք քայլեր պետք է անենք այդ ուղղությամբ: Մեր քաղաքական ուժը պատրաստվում է առավելագույնս հստակեցնել եվրոպական պահվածքի, վարույթի, քաղաքական վեկտրի հարցը ընտրապայքարում, որը միանշանակ ենթադրում է Հայաստանի ամբողջական համակարգափոխություն:
-Արդյո՞ք պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքով մասնակցել:
-Դրա մասին դեռ շատ վաղ է խոսել, որովհետեւ դաշինք կազմելու համար պետք է լինենք գաղափարակից: Հնարավոր չէ դաշինք կազմել միմիայն ընտրական գործընթացների շուրջ: Դրանք, որպես կանոն, կարճաժամկետ եւ իրենց քաղաքական նպատակին չծառայող դաշինքներ են լինում: Դրա համար եթե գնա քաղաքական գծերի համապատասխանություն, լինեն հայտարարություններ, ապա ընտրական պայքարում ամեն ինչ հնարարվոր է: Բայց ամեն ինչը պետք է լինի քաղաքական դիվանագիտական հստակ շրջանակներում, որպեսզի պատեհապաշտական բաներ չլինեն: Անկախ այդ ամենից՝ մի տեղ կա, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կարող են դաշինքներ կազմել, ես ի նկատի ունեմ ընտրակեղծիքների դեմ պայքարելու, ընտրությունները վերահսկելու շուրջ դաշինքները:
-Տիկի՛ն Սեդրակյան, քաղաքական ինչպիսի՞ աշուն եք կանխատեսում:
-Հայաստանում ես հիմա տեսնում եմ դիվանագիտական մտքի ոչ թե աշուն, այլ ձմեռ, եւ կարծում եմ, որ նախեւառաջ այն բոլոր մարդիկ, ովքեր ղեկավարել են պետությունը եւ, այնուամենայնիվ, ոչ այնքան լավ արդյունքներով, պետք է կարողանան պատասխան տալ: Չէ որ մեր Ազգային ժողովը դակել է այն որոշումները, որոնք նպաստավոր չէին մեր պետության համար: Եւ չի նշանակում, որ այդ ամենից հետո էլ այդ նույն մարդիկ պետք է հայտնվեն խորհրդարանում եւ նույն ձեւով շարունակեն դակել այդ որոշումները: Նախեւառաջ նրանք պետք է պատասխան տան միահամուռ կերպով կայացրած այդ ազգակործան որոշումների համար: Նույն այդ համատեղ ՀՕՊ-ի համաձայնագիրը, ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը ես համարում եմ պետության զարգացմանը խիստ խոչընդոտող որոշումներ:
-Վերջին շրջանում անընդհատ լսում ենք նոր ձեւավորվող կուսակցությունների մասին: Քաղաքական դաշտի վրա դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ:
-Ես ընդհանրապես դեմ եմ, երբ որ նոր հիմնվող կուսակցություններին ի սկզբանե սկսում են պախարակել կամ ասել, որ ընտրական պայքարի համար են ձեւավորվել: Կարծում եմ, որ եթե նրանք այդ ձեւով են ապահովում քաղաքական այլընտրանքը, թող ապահովեն, բայց թող մրցունակ եւ համապատասխան լինեն այդ այլընտրանքին, որովհետեւ տեսնում ենք քաղաքական նոր միավորումներ, որոնք բավականաչափ չեն հասունացել թե՛ քաղաքական ծրագիր ձեւավորելու, թե՛ այդ քաղաքական ծրագրին հավատարիմ լինելու համար: Լավ է, որ կազմավորվում են, լավ է, որ կան, բայց վատ է, որ քաղաքական ուժի ընդհանուր ստանդարտներին այդքան էլ չեն համապատասխանում:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ