ԼՌՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿՐԻ ԲԱՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդեն երեք օր է՝ ապրում է արտակարգ ռեժիմում: Ողջ հանրությունը լարված, շնչակտուր հետեւում է Երեւանի Խորենացի փողոցում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացման ընթացքին: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ իրադարձությունները էական ազդեցություն են ունենալու ողջ հանրապետության կյանքի վրա: Սակայն Հայաստանի ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շարունակում է լռել:

«Ժողովուրդ» օրաթերթի բոլոր փորձերը՝ ՀՀ նախագահի նստավայրից, ՀՀ կառավարությունից իրավիճակի հանգուցալուծման շուրջ պարզաբանումներ ստանալու մասով, ձախողվեցին: Երեկվա ընթացքում լսվեց միայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «կիսաձայնը», երբ արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակը խորհրդարանում ինչ-որ ֆորմատով քննարկելու առաջարկին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի շուրթերով Սահակյանը փոխանցել էր, որ «Եթե Ազգային ժողովում որեւէ ֆորմատով քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Չմիջամտելը պատճառներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, չկա այն առարկան, ինչի շուրջ այս պահին քննարկելու անհրաժեշտություն կա»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակը իբրեւ սովորական քրեաիրավական պատմություն ներկայացնել՝ անտեսելով հանրության շրջանում առկա լարվածությունը:
Մեզ մնում է արձանագրել, որ իրականում անակնկալի եկած ու փակուղային իրավիճակում հայտնված իշխանությունները լռելով ավելի են սրում իրավիճակը, ու տպավորություն է, որ Հայաստանի վերնախավը չի գիտակցում այն պատասխանատվությունը, որը հանձն է առել՝ ստանձնելով Հայաստանի ղեկավարումը:

 

 

 
ՀՀ ԱԱԾ դեռ պաշտոնապես չի հրապարակում, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստի առիթով հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածների հատկանիշներով է հարուցվել: Միայն հայտնի է, որ կա քրգործ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է հուլիսի 16-ին կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ կրելու հատկանիշներով: Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ-ն չի շտապում այդ մասին պաշտոնապես հրապարակել, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ գերատեսչությունում դեռեւս չգիտեն, թե ստեղծված վիճակն ինչպես է հանգուցալուծվելու: Այլ կերպ ասած՝ իրավապահները դեռեւս չգիտեն՝ իրենց կհրամայեն գրոհե՞լ ՊՊԾ գունդը, եւ իրավիճակը նոր ընթացք կստանա, ու քրեաիրավական նոր որակման անհրաժեշտություն կառաջանա, թե՞ խնդիրը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով:

 

 

 

 
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 19 հազար 719 ուղեւոր: Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 429 հազար ուղեւոր, իսկ ժամանել՝ 410 հազարը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել է 3 հազար 885 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել է շուրջ 11 հազար ուղեւորով: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երեւույթն է տեղի ունեցել. ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով: Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել է 16 հազար 700 ուղեւոր, այս տարի ընդամենը 7 հազար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ է կրել:

 

 

 
Դեռեւս մեկ շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտները նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել: Այս լուրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից կտրականապես հերքեցին՝ հավաստիացնելով, որ երկու-երեք օրից հարկեր եւ տուրքերի տվյալները կհրապարակվեն: Սակայն այդ թիվն այդպես էլ չի հրապարակվում: Սա այն դեպքում, երբ տվյալ ամսի հարկեր եւ տուրքերի հավաքագրման ցուցանիշը մինչ այս սովորաբար հրապարակվում էր հաջորդ ամսի առաջին երկու օրերին: Բայց այսօր արդեն հուլիսի 20-ն է, եւ ՊԵԿ-ը լռում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, եթե անգամ ՊԵԿ-ին հաջողվի հարկեր եւ տուրքերի գծով առաջացած ճեղքվածքը փակել լրացուցիչ հարկեր հավաքագրելու ճանապարհով, ապա դա կլինի խնդրի ժամանակավոր լուծում: Լրացուցիչ, իբրեւ կանխավճար հավաքագրված հարկերը տնտեսվարողների ընդհանուր պարտավորություններից հանվում են, եւ պակասուրդը կրկին ի հայտ է գալիս:

 

 

 
ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼՈՎ
Արդեն չորրորդ օրը Երեւանի կենտրոնում ընթացող դրամատիկ զարգացումների հետ կապված առավել հաճախ հնչող տեսակետն այն է, որ արտաքին լրջագույն մարտահրավերների առջեւ կանգնած մեր երկրում զենքով ներքին խնդիրների լուծման գնալն անթույլատրելի է, ինչն, իհարկե, անվիճարկելի ճշմարտություն է: Սակայն հետեւելով նախօրեին Ազատության հրապարակից ընթացող երթին, որն առաջնորդում էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները եւ դիտելով արդեն երեկ Խորենացի փողոցում աղբամաններով պատնեշների տեղադրման ընթացքին՝ ակամայից հիշում ես մեկ տարի առաջ գրեթե այս օրերին Բաղրամյան պողոտայում ընթացող զարգացումները, երբ նույն «Ոչ թալանին»-ի կազմակերպած շուրջօրյա նստացույցերի ընթացքում հազարավոր քաղաքացիներ փորձում էին առանց զենքի, խաղաղ, երգուպարով պայքարել էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այդ օրերին ընդվզումը համազգային էր, սակայն հուժկու լինելով հանդերձ՝ ընդհանուր պայքարի աուրան դրական էր՝ չնայած անգամ հուլիսի 23-ին ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններին:
Եվ ի՞նչ եղավ հետո, ինչպե՞ս իշխանությունը օգտագործեց այդ դրական աուրան, եւ արդյունքում ինչ ստացան պայքարող հազարավոր քաղաքացիները, որոնք դեմ էին ցանկացած բռնության եւ իշխանափոխության կոչի: Նրանք բոլորը խաբվեցին եւ ակամայից դարձան գործիք իշխանության ձեռքին. էլէկտրաէներգիայի սակագինն այդպես էլ չնվազեց, խոստացված աուդիտները ծածկադմփոց արվեցին, իսկ արդեն օգոստոսի մեկից սոցիալապես անապահով ընտանիքները կզրկվեն նաեւ սուբսիդավորումից: Սա եւս մեկ անգամ հուսախաբ արեց հանրությանը, մարդիկ հասկացան, որ այս իշխանություններին հավատալ պետք չէ, եւ փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են ավելի արմատական մեթոդներ: Եվ պատահական չէ, որ նախօրեին նույն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն արդեն վանկարկում էին հեղափոխական կոչեր:
Նույնկերպ իշխանությունը մսխեց նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ձեւավորված համախմբման ռեսուրսը, եւ կարճ ժամանակ անց հանրության զգալի մասը վերադարձավ հուսալքության գիրկը, իսկ առավել գործուն խմբերը համակվեցին նոր ատելությամբ իշխանության հանդերպ՝ այս անգամ նաեւ մեր տարածքային եւ մարդկային կորուստների մեջ մեղադրելով վերջինիս: 2008թ-ից սկսած՝ հանրությունը պարբերաբար ունեցել է ընդվզման մակընթացություններ եւ տեղատվություններ, որոնք սովորաբար շատ թանկ են արժեցել մեր երկրի զարգացման վրա: Եվ այն, որ վերջին երեք տարիներին փայտերով իշխանափոխության փորձից հասել ենք արդեն կալաշնիկովներով հեղաշրջման փորձի, իշխանությունների կողմից դասեր չքաղելու եւ ժողովրդին թերագնահատելու արդյունք է:
Հուսանք, որ այս դեպքում կունենանք խաղաղ հանգուցալուծում, որից հետո վերջապես կարվեն ճիշտ հետեւություններ ոչ թե սեփական իշխանության ամրապնդման, այլեւ մեր պետության առողջ ընթացքն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս