Ինչպես զինյալները հանձնվեցին իշխանություններին, և ինչ եղավ հետո. հուլիսի 31-ի ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 օր ողջ Երևանն ու Հայաստանը շունչները պահած հետևում էին ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երկշաբաթյա զինված դիմակայությունն ավարտվեց. երեկ  «Սասնա ծռեր» խումբը հայտարարեց, որ իրենք իշխանություններին հանձնվելու որոշում են կայացել։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ խմբի համակարգողներից Վարուժան Ավետիսյանը զանգահարել էր 1in.am-ի խմբագրություն և հայտարարել, որ ժամը 20։00-ին վայր են դնում զենքերը։ Այս  ընթացքում իրենց սատարելու դուրս եկած քաղաքացիներին Վարուժան Ավետիսյանը կոչ է արել այս որոշումն ընդունել որպես դրական քայլ եւ շարունակել պայքարը՝ հետեւելով իրենց կոչերին՝ արդեն կալանավայրերից։

Մոտ մեկ ժամ անց արդեն Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ավարտվել է հուլիսի 30-ին և 31-ին ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձերբակալվել է 20 մարդ։ Հետաքրքիրն այն է, որ  ԱԱԾ-ն իր հայտարարությունում նրանց անվանել է  «ահաբեկիչներ»։ Դրանից հետո ձ երբակալվածներին տեղափոխեցին ԱԱԾ, երեք վիրավորների՝ Էրեբունի հիվանդանոց։ Նշենք, որ հանձնվելու ընթացքում ՊՊԾ գնդում է եղել և այնտեղից ամենավերջինը դուրս եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այս ընթացքում խմբավորման և իշխանությունների միջև հիմնական բանակցողն էր և ում շատերը ստախոս համարեցին:

Իսկ մինչ զինված խմբի անդամների հանձնվելն   առավոտյան հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդում գտնվող երկու բուժաշխատողներին հաջողվել է դուրս գալ այդ տարածքից։ Ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդից պայթյունների ձայներ էին լսվել եւ ծուխ էր նկատվել։ Հետո հայտնի դարձավ, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գեւորգ Մելքոնյանը: Ավելի ուշ նրանք մանրամասներ են պատմել ներսում տեղի ունեցածի մասին

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը։  Երեկոյան Ժիրայր Սեֆիլյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է իր պահանջները, որոնց թվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը բացակայում էր։ Դրանից կես ժամ չանցած հայտնի էր դարձել, որ «Սասնա ծռեր» խումբը համաձայնել է վայր դնել զենքը:

Այս 14 օրերի  հետեւանքով զոհվեց երկու ոստիկան, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ՝ ոստիկաններ և զինված խմբի անդամներ։ Երեկ Ազատության հրապարակը կրկին մարդաշատ էր, սակայն երթ անելուց հետո ներկաները հեռացան` խոստանալով այսօր կրկին հավաքվել:




Լրահոս