Մենք արդեն 20 տարուց ավելի է՝ լսում ենք տարբեր տարածքների մասին, բայց մեր դիրքորոշումը հստակ է ու մեկն է. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը բավականին ուշագրավ նրբերանգներ է պարունակում: Մասնավորապես, այնտեղ հստակորեն խոսվում է Ադրբեջանին ԼՂՀ 5, ապա եւս 2 տարածքներ զիջելու մասին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին եւ Կարինե Աճեմյանին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան

-Պարո՛ն Ավետիսյան, այն հանգամանքը, որ այժմ ԼՂՀ հակամարտության խնդրի շուրջ տարվող բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն է, գործնականում չի հերքվում, ըստ այդմ ենթադրվում է, որ հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանին տարածքներ զիջել: Ըստ Ձեզ՝ քառօրյա պատերազմից հետո նույնիսկ նման մտադրությունը չի՞ անարգում մեր զոհերի հիշատակը:

-Հայաստանը զիջումներին երբեք կողմ չի եղել, կան համապատասխան սկզբունքներ եւ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները խնդիրը միշտ էլ դրել են նույն հարթության մեջ մինչեւ Ղարաբաղի ինքնորոշման հարցի ճանաչումը չլինի, առաջին հերթին Ադրբեջանը չճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որեւիցե զիջումների, որեւիցե բանի մասին խոսելն ուղղակի ավելորդ է:

-Կազանյան փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Կարո՞ղ ենք ասել, որ բացի տարածքների զիջումից՝ տեղի հայ բնակչությունը դուրս է գալու իր բնակավայրերից:

-Գիտեք ինչ, տարբեր փաստաթղթեր եղել են` Կազանյան փաստաթուղթ է եղել, մադրիդյան սկբունքները կան, այսինքն՝ տարբեր փաստաթղթերի մասին միշտ էլ խոսել ենք, մի բան է, որ կա փաստաթուղթ, որի տակ համաձայնություն է տրվել, մի ուրիշ բան է, որ այդ փաստաթղթից հետո քայլեր չեն արվում, այսինքն՝ հրադադարը չի շարունակվում, անընդհատ փոքր կամ մեծ պրավակացիաներ են լինում իրենց կողմից: Նորից եմ ասում, մենք արդեն 20 տարուց ավելի է՝ լսում ենք տարբեր տարածքների մասին, բայց մեր դիրքորոշումը հստակ է ու մեկն է:

-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանում ընդամենը 8 ամիս հետո խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, որոնց արդյունքում հնարավոր է՝ իշխանության կազմը փոփոխվի: Որքանով է արդարացված, որ վաղուց իր վստահության մանդատը սպառած իշխանության կողմից ԼՂՀ խնդրի շուրջ առարկայական բանակցություններ են վարվում:

– Բերեք, չկապենք խորհրդարանական ընտրությունները: Ես չեմ կարծում, որ որեւիցե իշխանություն Հայաստանում կամ Ղարաբաղում կարող է այդ հարթության մեջ նայել այս հարցին, դրա համար միանշանակ է, որ բոլոր ժամանակների իշխանություններն էլ նույն ձեւով են մտածել:




Լրահոս