ԲՀԿ-ն չի սատարելու հանրապետական կուսակցության կողմից առաջադրված որեւէ թեկնածուի. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրել է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը: Ըստ այդմ, Պետոյանը ցանկանում է վայր դնել պատգամավորի մանդատը ու դառնալ Արթիկի քաղաքապետ:

Թե այս հանգամանքն ինչպես են ընդունում Պետոյանի նախկին կուսակիցները, ArmLur.am-ը փորձեց պարզել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից: «Ես անկեղծ ասած  մամուլից տեղեկություն ունեմ, որ Մուշեղ Պետոյանին առաջադրելու է հանրապետական կուսակցությունը: Դա բացառապես հանրապետական կուսակցության եւ Մուշեղ Պետոյանի պայմանավորվածության խնդիրն է: Մենք այստեղ որեւէ խնդիր չունենք, բնականաբար «Բարգավաճ Հայաստանը» չի սատարելու հանրապետական կուսակցության կողմից առաջադրված որեւէ թեկնածուի, այդ թվում` նաեւ նախկին ԲՀԿ-ականի, կլինի դա Գյումրիում, Արթիկում, թե որեւէ այլ տեղ»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Զոհրաբյանը:

Մեր այն դիտարկմանը, արդյոք անակնկալ չէր նրանց համար, եւ ինչպիսին է Պետոյանի եւ ԲՀԿ-ականների հարաբերությունները, Զոհրաբյանը նշեց. «Փետրվարին Մուշեղ Պետոյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ համանուն ԲՀԿ խմբակցությունից, մեր հարաբերությունները եղել են նորմալ աշխատանքային, կուսակցական եւ Մուշեղ Պետոյանի ապագա գործունեության եւ առաջադրումների հետ կապված հարցեր մենք իր հետ երբեւէ չենք քննարկել», -եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս