ԻՍԿ ՀԱԱԳԱ-Ի ԴԱՏԱՐԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԴԱՐԱՑՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի փաստ է, որ հասարակական հետաքրքրությունը կոնկրետ հարցի նկատմամբ առաջին հերթին պայմանավորված է լրատվամիջոցների արձագանքով: Այդ հանգամանքը լիովին փաստվեց ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարանի վճիռի վերաբերյալ բրիտանացի հայտնի լրագրող Նեյլ Քլարքի հրապարակման դեպքում, որով հայտնի դարձավ, որ Հարավսլավիայի նախկին նախագահ, ՀԱԱԳԱ-ի դատարանի առաջ ժամանակին կանգնած Սլոբոդան Միլոշեւիչը փաստորեն արդարացվել է: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործն էլ է ցայսօր գտնվում ՀԱԱԳԱ-ում, եւ դատարանի կողմից դեռեւս որոշում չկա:

Պարզվում է, որ 2016թ. մարտին 1991թ. ի վեր Հարավսլավիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար պատասխանատու անձանց մեղադրող միջազգային տրիբունալը վճիռ էր կայացրել բոսնիացի սերբ Ռադովան Քարաջիչի գործով: Հետազոտող Էնդի Վիլկոքսոնը մանրամասնորեն ուսումնասիրելով 2590 էջանոց դատավիճռը` պնդում է, որ տրիբունալի եզրակացությունը անմեղ է ճանաչել Միլոշեւիչին, որին ՀԱԱԳԱ-յի մեկ այլ գործով ներկայացվել էր 1992-95թթ. Բոսնիական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների մեղադրանք: Քարաջիչին մեղադրելով պատերազմական հանցագործությունների եւ Սրեբրենիցայի ցեղասպանության համար` դատարանի վճռում ակնհայտորեն ընդգծվում է, որ Բոսնիական պատերազմի ժամանակ Սլոբոդան Միլոշեւիչը մահմեդականներին եւ խորվաթներին կոտորելու «միացյալ քրեական նախաձեռնությանը» մասնակից չի եղել: Մարտի 24-ի որոշմամբ տրիբունալի նախագահությունը շեշտում էր, որ բավարար ապացույցներ չկան առ այն, որ Միլոշեւիչը համաձայն է եղել բոսնիական սերբերի պահանջած տարածքից մահմեդականների կամ խորվաթների հավիտենական վերացման ծրագրին: Ավելին` դատարանը գտել է, որ 1992 թվականից Միլոշեւիչի եւ Քարաջիչի հարաբերությունները հստակորեն վատացել են, իսկ արդեն 1994թ.-ից նրանք որեւէ համատեղ ձեռնարկում չեն իրականացրել: Նույնսիկ 1992թ. մարտից սկսած` օտարերկրյա միջնորդների հետ հանդիպումներում Միլոշեւիչը բոսնիական սերբերի առաջնորդ Քարաջիչին քանիցս մեղադրել է մարդկության դեմ գործած հանցանքների եւ էթնիկ զտումների համար:
Դատավորները շեշտել են, որ Միլոշեւիչն ու Քարաջիչը միատեսակ տրամադրվածություն են ունեցել Հարավսլավիայի պահպանման հարցում, սակայն ժամանակի ընթացքում նրանց մոտեցումները միմյանցից հեռացել են: ՀԱԱԳԱ-ի վճռով արձանագրված է, որ Բոսնիա-Հերցոգովինայի անկախությանը դեմ լինելով հանդերձ` Միլոշեւիչը հարցականի տակ էր դնում իրադարձությունների կանխման քայլերի ապօրինի բնույթը` նկատի առնելով «անօրինական քայլին անօրինական պատասխան տալու» անընդունելի գործելակերպը: Մասնավոր զրույցներում Միլոշեւիչը նույնիսկ ծայրահեղ կեցվածք է որդեգրած եղել բոսնիական սերբերի առաջնորդների քաղաքականության նկատմամբ` պահանջելով պատերազմի հրատապ դադարեցումը: Դատարանի վճռով պարզ է դառնում նաեւ, որ Հարավսլավիայի նախագահը ժամանակին զարմանում էր, թե Բոսնիայի սերբերը, կազմելով երկրի բնակչության լոկ 1/3 մասը, ինչպես էին կարող ստանալ տարածքների 50 տոկոսը: Այդ պատճառով էլ Միլոշեւիչը կարեւորում էր բացառապես հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Այլեւս ակնհայտ է, որ ժամանակին միջազգային հանրության կողմից Միլոշեւիչին փակցված «բալկանների մսագործ» պիտակը լոկ նպատակ է հետապնդել արդարացնել 1999թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Սերբիայում: Փաստ է, որ Միլոշեւիչին ներկայացված ռազմական հանցագործությունների մեղադրանքները, այդ թվում եւ Ցեղասպանության համար պատասխանատվության մեղադրանքը, շաղկապված էին Բոսնիական պատերազմի հետ: 5 տարի շարունակ պաշտպանելով իր եւ Սերբիայի անմեղությունը` Մելոշեւիչը մահացավ բանտում, ի դեպ, բավականին կասկածելի հանգամանքներում: Տարօրինակ պայմաններում նրա ստացած սրտի կաթվածը «պատահականորեն» հանգեցրեց նրան, որ ՀԱԱԳԱ-ի դատարանը մեղադրական վճիռ այդպես էլ չկայացրեց: Բառի իսկական իմաստով այս աշխարհաքաղաքական բացահայտումը, սակայն, չվերածվեց համաշխարհային մամուլի ուշադրության առարկայի: Ըստ ամենայնի, միջազգային ԶԼՄ-ների նման քար լռությունը պայմանավորված է սենսացիոն բացահայտման իրական բնույթով, որով արդեն փաստարկվում է Սերբիայի ռմբակոծության մութ շրջանակը: Շեշտելի է նաեւ ՀԱԱԳԱ-ի դատարանի բացասական դերակատարությունն այս հարցում: Ըստ էության, պետական-քաղաքական գործչին ՀԱԱԳԱ հասցնելը գերազանցապես կապված է քաղաքական իրավիճակից ու նպատակահարմարությունից եւ շատ քիչ աղերսներ ունի մարդկային արդարության վերականգնման հետ:
Այս վերջին հանգամանքից զերծ չմնաց նաեւ Հայաստանը: Շատերը կհիշեն, որ 2008թ. Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների մի փաթեթ էր պատրաստել եւ ուղարկել ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարան: Հետաքրքիր էր դատարանից եկած ծանուցումը, ըստ որի` փաթեթը ուսումնասիրման փուլում էր գտնվում եւ դրա վերաբերյալ հավելյալ որոշում պիտի կայացվեր, թեեւ Հայաստանը Հռոմի ստատուսը ցայսօր չի ստորագրել, եւ ըստ այդմ` ՀԱԱԳԱ-ի դատարանի վճիռները ՀՀ կառավարությունը պարտավոր չէ կատարել: Մինչեւ օրս Քոչարյանի գործով նորություն չկա: Անհայտ է՝ արդյո՞ք ՀԱԱԳԱ-ի դատարանը այն վարույթ է ընդունելու եւ քննելու: Պարզ է մեկ բան. Քոչարյանի գործին ՀԱԱԳԱ-ում ընթացք կտրվի միայն քաղաքական նպատակահարմարության պարագայում, երբ, ասենք, Քոչարյանը իր գործողություններով հակադրության մեջ մտնի արտաքին ուժային կենտրոնների ծրագրերի ու շահերի հետ: Քանի դեռ Քոչարյանի պասիվությունը կամ էլ նույնիսկ ակտիվությունը չեն սպառնա այլոց շահերին, նրա վերաբերյալ ՀԱԱԳԱ-ում վճիռ չի կայացվի: Եվ հոգ չէ, որ այդ մարդու գործունեության արդյունքում 2008թ. մարտի 1-ին ՀՀ մայրաքաղաքի փողոցներում անզեն մարդիկ արժանացել են դիմահար կրակոցների ու սառնասրտորեն սպանվել: Ռազմական եւ աշխարհաքաղաքական շահերը հաճախ արհամարհած ունեն համամարդկային արժեքները, ինչպես որ հակառակ տեսանկյունից, իհարկե, հստակ դրսեւորվեց Մելոշեւիչի գործով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՍՊԱՆԴԻ ՄԵՂԱՎՈՐԸ
Մարինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ, ստացել է վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ կրելով նյութական պատասխանատվություն իրեն ամրակցված նյութական արժեքների համար, դրսեւորել է անգործություն՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարելով: Դրա հետեւանքով Մ. Պետրոսյանի պահպանության տակ գտնվող պահաբաժնից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3 մլն 340 հզ. դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 16 մլն 745 հզ. դրամի վնաս: Մ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 315 հոդ. 2-րդ մասով (Պաշտոնական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ): Սույն քրեական հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Մ. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրգործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՆԵՐԱՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
«Ժողովուրդն» արդեն անդրադարձել է այն խնդրին, որ ՀՀ-ում դպրոց հաճախելու տարիքի երեխաների 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: Այս կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ArmLur.am-ին ասել է, որ առկա է ներառնվածության խնդիր. «Ըստ էության, խնդիրը վերաբերում է փոքր գյուղերին, որտեղ երբեմն դպրոցը հնարավորություն չունի աշխատելու: Դպրոցներ կան, որտեղ նոյեմբեր ամսից փակում են եւ հունվար, փետրվարից փորձում են այն բացել»: Անդրադառնալով Արցախից դպրոցահասակների տեղափոխության հարցին` նա ասել է. «Առաջին դեպքերը երբ եղան, Թալիշի շրջանից որոշակի բնակչություն եկավ այստեղ, բայց նրանք բոլորը գնացող են, եւ ժամանակավոր պատերազմի պատճառով նրանց մի մասը եկավ Զանգեզուրի շրջան, մի մասն էլ՝ Երեւան: Սեպտեմբերին մենք վերջնականապես կամփոփենք տվյալները եւ արդյունքներ կունենանք»:




Լրահոս