ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԸ` ՈՐԴՈՒՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարծես թե ավանդույթ է դարձել, որ որեւէ պաշտոնի նշանակվելիս մեծ դերակատարություն է ունենում ծանոթ-բարեկամ երեւույթը, կամ, այսպես ասած, ժառանգաբար մեկը մյուսին փոխարինելու գործելաոճը: Ու այս իրավիճակը հաճախ իր բացասական նշանակությունն է ունենում:

Մասնավորապես, այս տեսակետն ավելի խորացավ օգոստոսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության եւ ոչ այնքան բավարար արդյունքներից հետո: Շատ խոսվեց այն մասին, որ սպորտի բնագավառում հաջողություններ չեն ունենում «պատահական» մարդիկ, քանի որ ծանոթ-բարեկամական կապերի շնորհիվ են սպորտսմենները մասնակցում մրցույթներին ու ձեռնունայն վերադառնում:
Ողջ մամուլը թիրախավորված քննադատում էր ինչպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, այնպես էլ՝ սպորտի ոլորտի մյուս բոլոր պատասխանատուներին՝ սկսած նախարար Գաբրիել Ղազարյանից, քանի որ մի քանի օր շարունակ հնարավոր չէր լինում հաջողություններ գրանցել:
Իհարկե, Միհրան Հարությունյանի եւ Արթուր Ալեքսանյանի կողմից նվաճված մեդալները ահագին ոգեւորեցին հայ հասարակությանը, կասեցրին ծայր առած քննադատությունների ալիքը, բայց դրանից ոլորտում առկա խնդիրների էությունն ու բնույթը չփոխվեց: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում շարունակում են գերիշխել ծանոթ-բարեկամ հարաբերություններով «առաջ գնալու» տրամադրությունները:
Օրինակ՝ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որի տնօրենը Դերենիկ Գաբրիելյանն էր, կարծես ժառանգաբար իր տեղը փոխանցեց որդուն՝ Արմեն Գաբրիելյանին, իսկ ինքը դարձավ ՀԱՕԿ փոխնախագահ: Անշուշտ, Դերենիկ Գաբրիելյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերմությունն է նպաստել, որպեսզի որդին տնօրեն դառնա: Ու այստեղ կարեւորը այն չէ, թե ինչ ճանապարհով՝ օրինական, թե անօրեն է Դերենիկ Գաբրիելյանի որդին տնօրեն դարձել: Խնդիրը հենց այդ մտածողությունն է, որ որդուն պետք է տեղավորել այն աշխատավայրում, որը հայրը զբաղեցրել է:
«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց որդի-տնօրեն Արմեն Գաբրիելյանի հետ: «Վեց տարի է, ինչ ես Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենն եմ: Մասնակցել եմ մրցույթի, հաղթել եմ, մինչ այդ աշխատել եմ քոլեջում որպես փոխտնօրեն: Այս նույն քոլեջում սկսած բանվորից ես հասել եմ ներկա վիճակին: Ես ինքս ավարտել եմ ֆիզիկայի կուլտուրայի ինստիտուտը, բռնցքամարտիկ եմ, սպորտային մեծ հաջողություններ չեմ ունեցել եւ ընտրել եմ մանկավարժի ճանապարհը»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց Գաբրիելյանը: Մեր այն հարցին՝ արդյոք մրցույթին հաղթելուն չի նպաստել նրա հոր՝ ՀԱՕԿ փոխնախագահ լինելն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերմությունը, քոլեջի տնօրենն ասաց. «Ճիշտն ասած ոչ, որովհետեւ եթե ես արժանի չլինեի, հաստատ չէի ընտրվի: Մտերմություն չկա, պարզապես պարոն Ծառուկյանը մեր քոլեջի հովանավորն է»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հետ: «Ինքը սկզբից աշխատել է բանվոր, բռնցքամարտով է պարապել, բարձր արդյունքների չհասավ եւ որոշեց զբաղվել մանկավարժությամբ: Ինչպես օրենքն է պահանջել, մասնակցել է մրցույթի, անցել է համապատասխան կուրսեր, հանձնել է քննություններ եւ շահել»:
Եթե իսկապես այդպես է, նշանակում է, որ ՀԱՕԿ փոխնախագահ լինելու հանգամանքը չի նպաստել, որ Դերենիկ Գաբրիելյանի որդին տնօրեն դառնա: Հավատա՞նք այս իրավիճակին: Մեր այս հարցին ի պատասխան՝ Գաբրիելյանը նշեց. «Իհարկե, չի նպաստել: Ես այնպիսի ճանապարհ եմ անցել, եթե իմ զավակը լինի ոչ արժանի այս պաշտոնին, եւ եթե զգայի, որ նա իր պարտականությունները ճիշտ չի կատարում, առաջինը ես դեմ կքվեարկեի»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ԻՐ ԴԱՐՆ ԱՊՐԱԾ ՏՊԻՉՈՎ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Հայփոստի» բաժանմունքում ընդունվում են կոմունալ ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, բնական գազի վարձավճարներ: Բնակիչների կողմից այդ ծառայությունների վարձավճարները մուծելուց հետո գործարկվում է տպիչը, որպեսզի բաժանորդներին մուծման մասին փաստաթղթեր տրամադրվեն: Ու սկսվում է տպիչի հեծեծանքը: Այդ տպիչը երեւի մոտ 40 տարեկան է, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված, այն գործում է դանդաղ եւ տհաճ աղմուկով: Այդ սպասարկման սրահի պատին գովազդային ձեւով ներկայացված են այդտեղ բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ պատճենում, տպագրում, ֆաքս եւ այլն: Նույն սրահում «Հայփոստի» կողմից վաճառվում են ռետինե բոտեր՝ ճտքերով ոտնամաններ: 2014թ. Տավուշի մարզում փակվել են «Հայփոստի» Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի մասնաճյուղերը, դրանք դարձել են բաժանմունքներ: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերի միավորումով ստեղծել է «Հայփոստ արեւելք» մասնաճյուղը, որի գրասենյակը Սեւան քաղաքում է: Տավուշի մարզի 4 տարածաշրջանների մասնաճյուղերի վերացման արդյունքում մեծ թվով աշխատողներ են կրճատվել: Այդ մարդիկ տասնյակ տարիներ աշխատում էին փոստի ծառայությունում: Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել է 6 հոգի, Իջեւանի բաժանմունքում 2 հոգու ատեստացիայից «կտրել» են եւ հեռացրել գործից, եւս 3 հոգի կրճատվել է: Բերդի եւ Դիլիջանի բաժանմունքներում համանման կրճատումներ են եղել: Բազմաթիվ աշխատողների կրճատումների հետեւանքով տնտեսված գումարներից, տարաբնույթ տնտեսական գործունեությունից առաջացած ֆինանսական միջոցներից «Հայփոստը» Նոյեմբերյան քաղաքի բաժանմունքի համար արդիական մի տպիչ չի՞ կարողանում գնել, որ չվատնի բնակիչների նյարդերն ու ժամանակը:

 

 

ԱՆՀԵՏԱՑԱԾՆԵՐԸ ՍՊԱՆՎԵ՞Լ ԵՆ
Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Օգոստոսի 8-ի երեկոյան էլ Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Ծեր մարդկանց որոնումները մինչ օրս արդյունք չեն տվել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ Խորեն Կարապետյանի եւ Սեդա Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը): Այդպես կշարունակվի, մինչեւ նրանց գտնեն կամ նրանց անհետանալու հանգամանքները բացահայտեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

7 ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Թուրքական «SՓzcՖ» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ, գրում է Ermenihaber-ը:

«SՓzcՖ» թերթի էլեկտրոնային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարեւոր նախապայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Ըստ Աթաքլըիի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.
1.«Սիրիայի նկատմամբ Ձեր վարած քաղաքականաթյունը ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք, Դուք էլ արդեն համառությունից հրաժարվե՛ք եւ ճանաչե՛ք Ասադի գոյությունը»:
2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարեւոր է: Գիտենք նաեւ, որ Ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարեւոր, սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերե՛ք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:
3. «Ղրիմի հարցում Դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը»:
4. «Մենք գիտենք, որ Ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում եւ փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վե՛րջ տվեք»:
5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարեւոր: Որեւէ քայլ անելիս այդ մասին մի՛ մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանը անցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ»:
6. «Վե՛րջ տվեք Սիրիա զենք-զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների եւ Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկե՛ք Ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի՛ ցուցաբերեք»:
7. «Մի շարք թուրք նախարարների եւ պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես ինքնաթիռի խոցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն մոռացվել: Այսուհետ կխնդրեմ, որ ավելի զուսպ լինեք»:




Լրահոս