ԵՐԲ ՔԱՂԱՔԱՑԻԴ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թերեւս աշխարհի այն եզակի երկրներից մեկն է, որտեղ սեփական քաղաքացին պաշտոնական վիճակագրության տեսանկյունից իր երկրում որպես զբոսաշրջիկ է դիտարկվում:

Այսպես՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կեսին Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 501 հազար 118 մարդ: Թվում է, թե այս տվյալի մեջ տարօրինակ ոչինչ չկա, ի վերջո, մարդիկ եկել են, պաշտոնական վիճակագիրներն էլ արձանագրել են: Առավել եւս, որ սահմանին բոլորի մուտքն ու ելքը արձանագրվում է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ պաշտոնական մեկ այլ վիճակագրական տվյալի համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 86 հազար 466 մարդ` ըստ սահմանահատումների: Ահա, այդ մեկ միլիոնից ավել Հայաստան մուտք գործած անձանցից 586 հազար 486-ը եղել են ՀՀ փաստաթղթերով, այլ կերպ ասած՝ դրանք ՀՀ քաղաքացիներն են: Ստացվում է, որ այս տարվա առաջին կեսին Հայաստան եկած օտարերկրացիների թիվը եղել է 499 հազար 980: Ասել է թե՝ պաշտոնական վիճակագրությունը 1 հազար 138 ՀՀ քաղաքացիների այցելությունը Հայաստան եւս դիտարկել է որպես զբոսաշրջիկի:
Իհարկե, պաշտոնական վիճակագրության պատասխանատուները կարող են ասել, որ ՄԱԿ-ի ընդունած կանոնների համաձայն՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այլ կերպ ասած՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մշտապես արտերկրում են բնակվում եւ մի քանի օրով կամ ամսով ժամանել են Հայաստան, միեւնույն է, վիճակագրության տեսանկյունից զբոսաշրջիկ են: Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում աշխատանքի բերումով գտնվող օտարերկրացիներն էլ, նույն այդ կանոնների համաձայն, չեն կարող զբոսաշրջիկ համարվել: Բանն այն է, որ եթե օտարերկրացին Հայաստանում վճարովի ինչ-որ գործունեություն է ծավալում եւ այստեղ գտնվելու ընթացքում վճարում է հենց տեղում վաստակած գումարներով, ապա նա նույն ՄԱԿ-ի կանոններով զբոսաշրջիկ չի համարվում: Իսկ նման օտարերկրացիների թիվը եւս փոքր չէ` մոտ 30 հազարի է հասնում:
Զբոսաշրջիկների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունում մեկ այլ ուշագրավ տվյալ եւս կա` հյուրանոցներում հանգրվանածների թիվը, որը վեց ամիսների կտրվածքով կազմել է 73 հազար 976 մարդ: Այսինքն՝ Հայաստան այցելած մոտ 500 հազար օտարերկրացիներից հյուրանոցներում հանգրվանել է ընդամենը 14,8 տոկոսը: Հարց է ծագում՝ այդ դեպքում Հայաստանում գտնվելիս որտեղ են գիշերել մնացած 85 տոկոսը` 426 հազար հոգին: Այս երեւույթը երեք բացատրություն կարող է ունենալ, մեկը` օտարերկրացիների՝ վարձով բնակարաններում հանգրվանելու տարբերակն է, որը կարող էր պաշտոնական վիճակագրությունում չարտացոլվել: Սակայն այս երույթը նման մեծ ծավալներ չի կարող ունենալ, քանի որ Հայաստանում չգրանցված հյուրատների՝ նման քանակ գոյություն չունի: Չգրանցված հյուրատները առավելագույնը ընդհանուր թվերում մեկ կամ երկու տոկոս կազմեն: Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ Հայաստանի հյուրանոցներում իրականում ստվերային շրջանառության հսկայական ծավալներ կան, պարզապես այդ հանգամանքը միայն վերը բերված թվերի համադրության ժամանակ է երեւում: Այս բացատրությունը, կարծում ենք, լիարժեք կյանքի իրավունք ունի, եւ դրա ծավալների մասին կարող ենք միայն ենթադրություններ անել:
Հայաստան այցելածների հյուրանոցներում չհանգրվանելու հաջորդ բացատրությունը կարող է լինել այն, որ «զբոսաշրջիկ» օտարերկրացիների մի մասն իրականում Հայաստանից վերջին քսան տարիներին արտագաղթած մեր հայրենակիցներն են, որոնք այլ երկրի քաղաքացիություն են ընդունել եւ եկել են հարազատներին տեսնելու: Եթե այս ցուցանիշը իրոք այդքան մեծ է, ապա այս դեպքում մեկ այլ խնդիր է ի հայտ գալիս, որը զբոսաշրջության ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի:
Բանն այն է, որ մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանի իշխանությունները հանրությանը համոզում են, թե իրենք չեն կարող մաքրել ընտրական ցուցակները, քանի որ մարդիկ Հայաստանից հեռանում են, այլ երկրներում բնակություն հաստատում, նույնիսկ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից եւ այլ երկրի քաղաքացիություն են ընդունում, բայց այդ մասին համապատասխան երկրում ՀՀ դեսպանատանը կամ այլ պատկան մարմնին չեն տեղեկացնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ տվյալ անձը արդեն որպես օտարերկրացի այցելում է Հայաստան, ցանկության դեպքում ՀՀ իշխանությունները կարող են հենց սահմանային անցակետում ֆիքսել, որ մեր «կորած» քաղաքացին է «գտնվել»: Այդ փաստն արձանագրելուց հետո այդ նույն մարդկանց Հայաստանում հաշվառումից, հետեւաբար նաեւ ընտրական ցուցակներից հանելը կդառնա տեխնիկայի հարց: Ավելին՝ այս գործընթացի շրջանակներում կարելի է նաեւ պետբյուջեի համար եկամուտ ապահովել` «անպարտաճանաչ» նախկին քաղաքացիներին վարչական տույժի ենթարկելով: Տվյալ դեպքում խոսքը երեք հազար դրամ տուգանքի մասին է, որը սահմանված է Հայաստանի օրենսդրությամբ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՊԵԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՖԻՆՆԱԽԻ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ ամփոփել է այս տարվա ութ ամիսներին հարկային մուտքերի ցուցանիշը: ՊԵԿ-ի հաղորդագրությունում նշված է. «2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692 մլրդ դրամի դիմաց»:
Այսինքն՝ նախորդ տարվանից ավել են հավաքել ընդամենը 2,3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ աճը կազմում է 0,3 տոկոս: Սա այն դեպքում, երբ աճը պետք է առնվազն 5 տոկոս լիներ, ավելի քան 34 միլիարդ դրամ կազմեր, որպեսզի պետբյուջեի պլանը կատարվեր: Բայց որպեսզի իրենց չմեղադրեն, ՊԵԿ-ը «թաքուն» մատնացույց է արել, թե ով է մեղավոր բյուջեի թերակատարման համար: «Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:
ՀՀ ֆինանսների նախարարության հակահարվածը, կարծում ենք, չի ուշանա, բայց պետք է խոստովանել, որ ՊԵԿ-ն այդքան էլ ազնիվ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ օգոստոսին 93 մլրդ դրամի հարկերն անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից պակաս են 7 մլրդ-ով: Այսինքն՝ եթե տարեսկզբի 3 մլրդ-ի, հուլիսի 1,5 մլրդ-ի եւ օգոստոսի թերակատարումները չլինեին, ապա բյուջեի մուտքերը 11,5 մլրդ-ով ավել կլինեին:

 

 

ԱԺ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Սպասվում էր, որ սեպտեմբերի 12-ին կմեկնարկի Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ սեպտեմբերի 11-ին Հայաստանում նշվելու է Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, որին հաջորդող օրը լինելու է մեռելոց, եւ ՀՀ կառավարությունը պատրաստվում է այդ օրը ոչ աշխատանքային հայտարարել: Համապատասխան նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, ԱԺ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին` երեքշաբթի:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ եւ վստահելի գործընկեր, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների այցը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը: Սարգսյանը ողջունել է պատգամավորների այցը նաեւ Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան եւ անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:

 

 

ԻՍԿ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
Արդեն 31 օր հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով, մասնավորապես, առաջարկում է. «Իսկապես հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Դա վերջին հնարավորությունն է՝ շտկելու արտաքին քաղաքականությունը եւ դուրս գալու ստեղծված փակուղուց: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը եւ վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Նա Շառլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին եղել է մեր ժողովրդի կողքին եւ անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետեւ վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն՝ ազատ եւ արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է՝ Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար»:

 

 

ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՄԲ
Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ նոր ուսումնական տարին մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Ադամ Սահակյանի ծնողները, դպրոցի ողջ անձնակազմը, զինվորականներ ու աշակերտներ մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակն ու Երեւանի 114 ավագ դպրոցում բացել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակ:

 

 

300 ԿՐԱԿՈՑ
Օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 32 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց:




Լրահոս