ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օրերի ընթացքում տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն եւ նոր վարչապետի նշանակում: Այդպես էլ, սակայն, չպարզվեց, թե կոնկրետ ինչու է փոխվում վարչապետը: Ամբողջ դաշտը լցված է ամպագոռգոռ հայտարարություններով նոր փոփոխությունների անհրաժեշտության ու հրատապության մասին, մինչդեռ բաց է մնում մի կարեւորագույն հարցի պատասխան` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը տապալվել է իր ձեռնարկումներում, եւ ժամանակին նրան նշանակողն ու թիկունք կանգնած կուսակցությունը լուրջ բացթողո՞ւմ են ունեցել: Մինչդեռ աշխարհում վարչապետի կամ բարձր պաշտոնյայի հրաժարականը հիմնականում լինում է հիմնավոր` հասարակությունից ոչինչ չթաքցնելու ճանապարհով:

Ըստ էության, դատելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տեքստից` կարող ենք ենթադրել, որ նախկին վարչապետը բավականին գոհ է եղել իր գործունեությունից: Ձեռքբերումների մասին նրա շարունակական թվարկումները եւ դրան զուգահեռ բացթողումների մասին որեւէ կոնկրետության բացակայությունը հուշում են, որ Աբրահամյանի հրաժարականը այնքան էլ կամովին չէր: Ի վերջո, դեռ նախորդ տարի էր Հովիկ Աբրահամյանը խոսում սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելու մասին: Ավելին` Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հասկացրեց, որ Հովիկ Աբրահամայանն այդ պաշտոնում առավելագույնն է արել: Եթե տնտեսության նման անմխիթար իրավիճակը Աբրահամյանի առավելագույնն էր, ապա Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունը գոնե պետք է հրապարակավ ընդունեին, որ սխալվել են վարչապետի հարցում: Սակայն Սարգսյանը շնորհակալությունների տարափի տակ չի պատասխանում այն գերագույն հարցին, թե ինչո՞ւմ է ձախողվել Աբրահամյանի կառավարությունը: Նոր փոփոխությունների խոստում տալով եւ միաժամանակ որեւէ սխալից չխոսելով` Սերժ Սարգսյանն ամենեւին էլ համոզիչ չէ:
Այս առումով լիովին խամրում է նոր վարչապետի նշանակումը` ցանկացած առումով թերհավատության պաշարը չնվազեցնելով: Նախ` Կարեն Կարապետյանը արդեն իսկ հասցրել է «Հայռուսգազարդի» ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոններում դրսեւորվել Հայաստանի պետականության հանդեպ իր անտարբերությամբ: Այս առումով խիստ խոսուն է «Գազպրոմում» բարձր աշխատավարձը (կամ թե նույնն է` ֆինանսական ավելի լայն օգուտի ակնկալիքով) Երեւանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնից նախընտրելու նրա քայլը: Ավելին` Կարապետյանը «Գազպրոմի» պես հիմնարկում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը պետական շահերի բախման կիզակետում է գտնվում, եղել է տնօրենի տեղակալ: Սա հոգեբանական բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ կառավարության ու «Գազպրոմի» միջեւ գործակցության վրա: Բնական է, որ Կարապետյանը Միլլերի ու նրա շրջապատի համար միշտ էլ ընկալվելու է որպես ենթակա կատարող անձ: Այդ հանգամանքը հաշվի առնելով` զգալիորեն նվազում է Կարապետյանի վարչապետական գործունեության օգտակար գործողության գործակիցը: Եթե դրան հավելում ենք նաեւ սահմանադրական դրույթները վարչապետի նշանակման հարցում, որոնցով Կարապետյանը դեռ չնշանակված արդեն իսկ գնացող վարչապետ է, պատկերն ավելի տխուր է թվում: Եվ, վերջապես, այստեղ էլ «մեծ խելք պետք չէ»՝ հասկանալու համար, որ ինչպիսի բնավորության, ազգության կամ նույնիսկ ռասսայի ներկայացուցիչ էլ վարչապետ նշանակվի Հայաստանում, անկարող է լինելու տնտեսական լուրջ փոփոխություններ անել, քանի դեռ երկիրը կքած է մենաշնորհների տակ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում փորձում են մի նոր տնտեսական համակարգ հորինել, երբ երկիրը խեղդող մենաշնորհների պահպանմամբ տնտեսությունը իբր պիտի զարգանա: Այս բանաձեւը պարզապես անհեթեթություն է, ինչը հաստատապես գիտակցում է նաեւ Սերժ Սարգսյանը:
Վարչապետափոխության միջազգային լավագույն օրինակը վերջերս տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում: Թեեւ ի տարբերություն Հայաստանի` այստեղ վարչապետը պետության առաջին դեմքն էր, սակայն գործընթացի տրամաբանությունը նույնն է: Դեյվիդ Քեմերոնը հրաժարական տվեց Բրեքզիթից հետո, երբ բրիտանացիների մեծամասնությունը որոշեց քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին: Նման իրավիճակում վարչապետը այդ քայլն ընկալեց իբրեւ իր հանդեպ հասարակության մեծամասնության անվստահության քվե եւ առանց ծամծմելու, ժամանակ ձգձգելու հայտարարեց իր հրաժարականը: Հարկ է հավելել, որ Քեմերոնը ցանկության պարագայում կարող էր եւ հրաժարական չտալ: Այդ հանրաքվեն իրավաբանական ուժ չուներ, իսկ Քեմերոնն էլ կարող էր արդյունքները պարզապես ի գիտություն ընդունել եւ վերջ: Նա նույնիսկ կարող էր անձամբ ղեկավարել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն գաղափարական անհամաձայնությունը կատարեց իր վճռորոշ դերը: Այստեղ բավականին հետաքրքիր հակադրություն է առաջանում Հայաստանի իշխանությունների հետ, որոնք 4 տարի բանակցում էին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու ուղղությամբ, սակայն մի գիշերվա ընթացքում քաղաքական կողմնորոշումը փոխեցին դեպի ԵԱՏՄ: Համաշխարհային օրինաչափություններով առաջնորդվելիս Սերժ Սարգսյանը դեռ 2013թ. սեպտեմբերի 2-ին պիտի իր ամբողջ իշխանությամբ հրաժարական տար: Ի դեպ, հայացք ձգելով Հայաստանի պատմությանը` տեսնում ենք, որ նախորդ 12 վարչապետափոխություններն էլ եղել են հստակորեն սահմանված, երբ առնվազն պատասխան է տրվել, թե ինչու է հեռանում վարչապետը: Այս օրինաչափությունը գործել է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի նախագահության շրջանում: Սերժ Սարգսյանը այս հարցում էլ շարունակեց իր նախագահությանը բնորոշ երեւույթների լղոզման ավանդույթը, երբ Տիգրան Սարգսյանին հեռացնելիս չխոսեց պատճառների մասին: Իսկ պատճառը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, չափազանց ակնհայտ է. Սերժ Սարգսյանը իր առջեւ նպատակ է դրել վարչապետափոխություններով հասնել մինչեւ 2018թ. ապրիլը եւ ապահովել իր հետնախագահական կառավարումը, իսկ մնացածը զուտ տեխնիկայի խնդիր է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Նորքի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ը մատակարարների հետ խնդիրներ ունի, ու բանը հասել է նրան, որ ընկերությունները դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մարտին «Անանո» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Նորքի տուն-ինտերնատ ՊՈԱԿ Մատակարարման պայմանագրի լուծման հիմք հանդիսացող ծանուցումը անվավեր ճանաչվի, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորքի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ին պարտավորվեցվի պայմանագրային պարտավորություններ կատարել: Սակայն ինչպես նկատում ենք՝ հայցվոր «Անանո» ՍՊԸ-ն այսքանով չի բավարարվել:
Պարզեցինք, որ ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել Կենտրոն դատարան, որպեսզի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Նորքի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի որոշակի գործողությունները արգելի, եւ, ահա, այս գործը նախագահող դատավոր Գայանե Մազմանյանը բավարարել է ՍՊԸ-ի միջնորդությունը:
Նկատենք, որ «Անանո» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Դեռեւս 2014թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու եւ ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր էին իրականացվել Երեւանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, եւ տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ էր վերադարձվել: Օրինակ՝ պարզվել էր, որ մանկապարտեզներին մի շարք ընկերություններ, որոնց մեջ էր եղել «Անանո» ՍՊԸ-ն, կարագ ու կաթնամթերք են մատակարարել, արդյունքում պարզվել էր, որ մատակարարած կարագը 20-25 կգ տարայով չի եղել եւ չի համապատասխանել տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել:
Իսկ թե ինչ «սեւ կատու» է անցել նախարարության եւ ՍՊԸ-ի միջեւ, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ նախարարությունը եւս թերություններ է հայտնաբերել, սակայն ՍՊԸ-ն հիշեցրել է պայմանագրի սկզբունքները եւ, ըստ էության, հարցը լուծելու համար դիմել է դատարան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

1400 ԿՐԱԿՈՑ
Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

 

 
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: ԼՂ նախագահին ուղեկցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ԸՕ շուրջ ընդդիմության, քաղհասարակության եւ իշխանության միջեւ ստորագրված նոր համաձայնագրին՝ «Առավոտին» ասել է. «Նախ` մենք ստանում ենք այն, ինչի մասին խոսել ենք տասնամյակից ավել: Ամբողջ ընդդիմությունը, քաղհասարակությունը պահանջում էին, որ, վերջապես, հրապարակվեին ստորագրված ցուցակները: Մի խնդիր սրանով լուծվում է. տեղամասերում մենք կստանանք միայն այն մարդկանց քվեարկությունը, որոնք կենդանի ընտրողներ են եւ ներկայանում են ընտրատեղամասեր: Բայց թե ինչ ազդեցություն կա այդ մարդկանց վրա՝ ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ճնշումների, մենք չենք կարող վերահսկել կամ բացառել այս մեխանիզմներով: Մի բան ակնհայտ է՝ եթե առաջ իշխանությունները կարող էին կես մլն-ից ավելի ձայն ավելացնել մատյաններում հավելագրումներով, այսօր այդ հնարավորությունից նրանք զրկվում են: Այսինքն՝ խաղը դառնում է էլի անհավասար, բայց շատ ավելի վերահսկելի կանոններով, եւ ընտրությունները ձեռք են բերում իմաստ: Լավ ընտրարշավի դեպքում եւ ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում հնարավորություն կա հաղթել, անգամ եթե իշխանությունները կիրառեն ընտրակաշառքի լայնածավալ բաշխում կամ ադմինիստրատիվ ռեսուրսներ, մի բան, որ առաջ բացառվում էր»:

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՔԿՀ
Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանին սեպտեմբերի 10-ին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին ArmLur.am-ին հայտնել է Գիչյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը. «Իմ պաշտպանյալը 69 տարեկան է եւ այդ տարիքում հոգեբանական ճնշման է ենթարկվում, բացի այդ, նաեւ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ: Նրան առանց հիմքերի են պահում կալանքի տակ»,- նշել է պաշտպանը:




Լրահոս