ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնվածների թիվը նվազել է: Մասնագետների պնդմամբ՝ ծնվածների թվի նվազումը պայմանավորված է արտագաղթով, ուշ ամուսնությամբ, անպտղությամբ:

Նշենք, որ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 18 հազար 439, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 18 հազար 667, իսկ, ահա, 2014 թվականին՝ 19 հազար 249: Ստացվում է, որ ծնվածների թիվը այս տարի նախորդ երկու տարիների համեմատ զգալի նվազել է:
Օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 153-ով նվազել է. այսինքն` այս տարվա հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 4650, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 4803: Նույն պատկերն է նաեւ Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում: Նշված բոլոր մարզերում ծնվածների թիվը վերոնշյալ ժամանակահատվածում նվազել է:
Ոլորտին քաջատեղյակ մասնագետները համոզված են, որ ծնելիությունը նվազել է արտագաղթի, ապագայի հանդեպ անվստահության, ուշ ամուսնությունների, անպտղության, մեռելածնության եւ ազգի ծերացման պատճառով: Այսինքն՝ բնակչության կենսամակարդակը բարելավված չէ, ու կյանքի համար նախատեսված միջին պայմանները ապահովված չեն՝ աշխատանք, բնակարան: Եթե այս խնդիրները լուծվեն, ապա հակառակ միտումը կունենանք:
Նկատենք, սակայն, որ ամուսնությունների թիվը նույնպես նվազել է: 2016 թվականի հունվար-հունիսին գրանցված ամուսնության դեպքերը, 2015թ. հունվար-հունիսի համեմատ, նվազել են 9.8 տոկոսով: Եթե 2014 թվականի հունվար-հունիսին Հայաստանում ամուսնությունների թիվը կազմել է 9 հազար 563, 2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 582, ապա այս տարվա վեց ամիսներին գրանցվել է 7 հազար 739 ամուսնություն: Այսինքն` այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունների թիվը 843-ով նվազել է: Սրան զուգահեռ նվազել է նաեւ ամուսնալուծությունների թիվը. այս տարվա վեց ամիսներին դրանց թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 147-ով նվազել է: Օրինակ՝ ՀՀ-ում գրանցված 1 000 ամուսնական զույգի համեմատ, 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին, 2015 եւ 2014 թվականների համեմատ, մեռելածինների թիվն է նվազել. այս տարվա հունվար-հունիսին մեռելածինների թիվը կազմել է 332, մինչդեռ 2015 թվականին՝ 399, 2014 թվականին՝ 394: Այս տարվա վեց ամիսներին, սակայն, մտահոգիչ դինամիկա է նկատվել. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի աճ` 8.2 տոկոսով: Այսինքն` այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է 0-1 տարեկան երեխաների 172 մահ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 159: Աճել են նաեւ 0-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 199, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 0-4 տարեկան երեխաների 189 մահ: Հավելենք, որ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք:
Այս մտահոգիչ միտումներին զուգընթաց, կա նաեւ դրական միտում. մահացածների թիվը նվազում է: 2014 թվականին այն կազմել է 14 հազար 772, 2015 թվականին՝ 14 հազար 682, իսկ այս տարվա հունվար-հունիսին՝ 14 հազար 306: Նշենք, որ այս տարվա վեց ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թիվը կազմել է 6 հազար 741, դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացել է 631 մարդ, նորագոյացություններից՝ 3023, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 1085, այլ հիվանդություններից՝ 1800 մարդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՅԱՂԴԱՆԻՑ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԵՌԱՑԵԼ Է

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի հունաբնակ Յաղդան գյուղում 25 հույն է մնացել: Տարիներ առաջ այստեղ ավելի շատ հույներ էին բնակվում, քան հայեր: Սակայն տարիների ընթացքում հույները տարբեր պատճառներով հեռացել են գյուղից: 271 բնակիչ ունեցող գյուղի մի մասն է միայն գազաֆիկացված, խնդիրներ կան նաեւ էլեկտրական հոսանքի հետ, ինչի մասին համայնքի ղեկավարը բարձրաձայնել է իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավորի մոտ, ով էլ խոստացել է ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:

Տարիներ առաջ գյուղում սովորել է 26 աշակերտ, նրանց թիվն այսօր հասել է 51-ի: Վերջին տարիներին համայնքի ղեկավարը որոշում է կայացրել վերաբնակեցնել գյուղը՝ ոչ միայն մարզի տարբեր համայնքներից բնակիչներ հրավիրելով, այլ նաեւ՝ Վրաստանի Հանրապետությունից եկած բնակիչներով: Դատարկ տներն այսօր կրկին վերաբնակեցվում են:
Նշված ծրագրով Յաղդանում 15 ընտանիք է տեղավորվել արդեն: Գյուղն ունի դպրոց, ճանապարհները վերջերս են նորոգվել, սակայն մանկապարտեզ չունենալը խնդիրներ է առաջացնում բնակչության համար: Խնդիրներ կան նաեւ լուսավորության հետ կապված:
Համայնքի ղեկավարն ասում է, որ տեղադրված տեխնիկական սարքավորումները թույլ են, ինչի պատճառով հոսանքի տատանումներ հաճախ են գրանցվում՝ մեծ վնաս հասցնելով բնակիչներին. «Դիմել ենք մեր պատգամավորին, ինքը խոստացել է հանձնարարել կարգավորել խնդիրը»,-ասում է համայնքի ղեկավարն ու հավելում, որ համայնքում լուծված է նաեւ խմելու եւ ոռոգման ջրի հարցը /Նկատենք, որ ԱԺ պատգամավորը չի կարող նման հանձնարարականներ տալ, առավելագույնը՝ կարող է գործադիրի ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա Լ. Ա./: Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող համայնքի բնակչության մեծ մասն իրենց հողատարածքները վարձակալությամբ տրամադրել են Յաղդանի կոլեկտիվ տնտեսությանը, որն էլ մշակում է հողատարածքները: Սրա արդյունքում գյուղի բնակչությունը սեզոնին նաեւ աշխատանք է ունենում:
Եվ չնայած որոշակի դրական առաջընթացին՝ համայնքի ղեկավարի խոսքով՝ Յաղդանից Հունաստան տեղափոխված համագյուղացիերը դժվար թե մշտական բնակության վերադառնան գյուղ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
20 ՏԱՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղում խնդիրեր շատ կան, սակայն ամենակարեւորը դպրոցի բացակայությունն ու անմխիթար ճանապարհներն են:
Մեղվահովիտի գյուղապետ Համեստ Շահբազյանի խոսքով՝ շուրջ 10 տարի է, ինչ համայնքի միջոցներով իրենք ավտոբուս են վարձակալել, որն էլ ամեն օր երեխաներին տանում է հարակից համայնքների դպրոցներ ու ետ բերում գյուղ: Ըստ գյուղապետի՝ եթե տարիներ առաջ ամսական վարորդին վճարում էին 25.000 դրամ, ապա այժմ արդեն այդ գումարը հասել է 70 հազար դրամի, ինչը համայնքի սուղ բյուջեի վրա մեծ բեռ է.«Վարորդը գտել է մեր թույլ տեղը, ամեն ամիս գին է բարձրացնում, բայց, դե, այլ տարբերակ պարզապես չունենք: 25 աշակերտ ունենք, որ ավտոբուս չտանք, վիճակը ծայրահեղ կլինի»,-ասում է նա ու հավելում, որ խնդրի մասին տեղյակ են բոլորը՝ մարզպետից մինչեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյան: Առայժմ միայն մարզպետն է խոստացել ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն դեռեւս որեւէ նորություն չկա: Սրանից զատ՝ համայնքը գազաֆիկացված չէ, բնակարանները տաքացվում են վառելափայտով: Նշենք, որ Մեղվահովիտում չկա մշակույթի տուն կամ համայնքային կենտրոն: Փախստականներով բնակեցված համայնքում երբեւէ հանրային տրանսպորտ չի գործել, ավտոբուսային որեւէ երթուղում այն ներառված չէ, եւ չկա գյուղը շրջկենտրոն Տաշիր քաղաքին կապող միջոց: Գյուղ տանող ու գյուղամիջյան ճանապարհների վիճակը համայնքի ղեկավարը ծայրահեղ է համարում, չնայած համայնքային բյուջեով փորձում են հարթեցումներ անել, սակայն էական փոփոխություն չի նկատվում: Գյուղի բնակիչները սոցիալապես անապահով ընտանիքներ են:
Համայնքի ղեկավարն ասում է, որ ինքը ամեն ինչ անում է մարդկանց հնարավորության դեպքում սոցիալական օգնություններ հատկացնելու համար: Տարիներ շարունակ դպրոցական երեխաների դասագրքերի վճարը համայնքն է հոգում: Դպրոցի բացակայության պատճառով վերջերս եւս երկու ընտանիք է հեռացել ու տեղափոխվել այլ գյուղ.«Մարդիկ դժվարանում էին իրենց երեխաներին ամեն օր կողքի գյուղեր ուղարկել, հիմա էլի լավ է, ձմռանը վիճակը ավելի է վատանում»:
20 տարի շարունակ համայնքի ղեկավար աշխատած Համեստ Շահբազյանը վկայում է՝ այդ բոլոր տարիներին միայն մեկ պետական ծրագիր է իրականացվել գյուղում՝ խմելու ջրագծի նորոգումը, մինչդեռ տարիների ընթացքում համայնքային խնդիրները գնալով ավելացել են ու խորացել:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս