«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՊԵՏՔ Է «ՖՈՐՄԱՏ» ԱՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի սիրուն տղա», «Գայի, գայի», «Ղափամա», «Ապարան» եւ այլ երգերի հայտնի կատարող Արմինե Գրիգորյանը մտածում է եթեր վերադառնալու մասին: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երաժշտական-հումորային որեւէ ծրագիր հեղինակելու եւ վարելու ցանկություն ունի, սակայն հստակ պլաններ, որոնց մասին կարող է հայտնել, դեռ չկան: Մենք հետաքրքրվել ենք` ինչով է այժմ զբաղված դերասանուհի-երգչուհին, որտեղ է հանդես գալիս, արդյոք շարունակում է ստեղծագործել: Ա. Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ շոու-բիզնեսի ներկայիս վիճակին:

-Արմինե՛, հետաքրքիր է` այժմ հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու Ձեր հարթակը ո՞րն է: Նախկինի պես երգեր գրո՞ւմ եք:
-Երեւանում ես հանդես եմ գալիս ակումբներում եւ ռեստորաններում, երգում եմ,վարում եմ շոու-ծրագրեր: Ամռան ընթացքում համերգներով ներկայացել եմ նաեւ Մոսկվայում: Ինչ վերաբերում է երգեր գրելուն, ասեմ, որ ունեմ մի շարք նոր գործեր` հայերենով եւ ռուսերենով, թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը ես եմ:
-Կյանքի այս փուլում Ձեզ ի՞նչ թեմաներ են ոգեշնչում` նոր երգեր գրելու համար:
-Իմ բոլոր երգերը հումորային ժանրի են, ի դեպ, ես միակ երգչուհին եմ, որը տխուր երգեր ընդհանրապես չունի, կարծում եմ` չեմ էլ ունենա:
-Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Մեր կյանքում առանց այդ էլ այնքան տխրություն կա, դրանց ավելորդ անգամ անդրադառնալու մեջ իմաստ չեմ տեսնում: Աշխատում եմ միայն պոզիտիվ երգեր կատարել:
-Իսկ հնարավո՞ր է` մի օր կատակ երգ գրեք մեր շոու-բիզնեսում տիրող իրավիճակի մասին:
-Քանի որ միշտ պահպանում եմ գործընկերային համերաշխություն ասվածը, դժվար թե նման բան գրեմ, բայց եթե գրեմ, դա ավելի շուտ կլինի տրագիկոմեդիա (ծիծաղում է): Ուստի ավելի լավ է` զերծ մնամ այդ նախաձեռնությունից:
-Հեռուստադիտողները հիշում են Ձեր հեղինակած եւ վարած «Իմ արեւ» հաղորդաշարը` «Դար 21» հեռուստաընկերությամբ: Հիմա, կարծես, էկրաններին հաճախ չեք երեւում: Հնարավո՞ր է` առաջիկայում հանդես գաք որեւէ նոր հեղինակային հաղորդմամբ:
-Ինձ պարբերաբար հրավիրում են մասնակցելու տարբեր ծրագրերի, բայց ես ամեն առաջարկ չէ, որ ընդունում եմ: Էկրաններին շատ երեւալու առանձնակի հակում չունեմ. Ժամանակին շատ եմ երեւացել, կուշտ եմ: Ինչ վերաբերում է հեղինակային հաղորդում ունենալուն, ասեմ, որ ունեմ նման ցանկություն, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ հետաքրքիր մի բան նախաձեռնել, հավանաբար, երաժշտական-հումորային ծրագիր:
-Դուք հաճախ հանդես եք գալիս որպես միջազգային մրցույթների ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչ, անմիջականորեն առնչվում եք մեր հայ մասնակիցների հետ: Հետաքրքիր է` երիտասարդների շրջանում ի՞նչ պոտենցիալ եք տեսնում:
-Շատ մեծ պոտենցիալ եմ նկատում, չափազանց տաղանդավոր երիտասարդների եմ հանդիպում: Ժամանակին մենք ամեն բան կանեինք, որ այդպիսիք երեւային, ճանաչում ձեռք բերեին: Իսկ հիմա շատ երգիչներ կան, որոնք երեւալու հնարավորություն ընդհանրապես չունեն. դա շատ վատ է: Իսկ հեռուստատեսությամբ անընդմեջ փայլփլում են նույն մարդիկ, ցուցադրվում են նույնանման տեսահոլովակներ, նույնատիպ գործիքավորմամբ երգեր, միանման սանրվածքով եւ դիմահարդարմամբ երգիչ-երգչուհիներ: Երբ ռադիոյով ես լսում նրանց կատարումները, մեկին մյուսից չես տարբերում: Ամեն բան լղոզված է եւ անհետաքրքիր: Եթե հիմա եթերում մի վառ անհատականություն հայտնվի, անպայման կշահի, որովհետեւ դաշտը սարսափելի դատարկ է, մթնոլորտը` միապաղաղ: Հրաշք երիտասարդներ կան, որոնց դրսեւորման ասպարեզն ակումբներն են, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք դրա հնարավորությունն էլ չունեն, կոտրվում են, պարփակվում:
-Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում Ձեր բարձրացրած խնդրի համար:
-Փրկությունն այն կլինի, որ արվեստը հովանավորներ ունենա, եւ այդ մեկենասները պետության կողմից խրախուսվեն: Մի շարք երկրներում, օրինակ, արվեստի բնագավառի հովանավորներին առավելություններ են տրվում հարկային դաշտում: Մեզ մոտ ամեն մեկը անհատական հովանավոր է փնտրում, իսկ այդ աջակիցները ոչ միշտ է, որ տաղանդավորներին են ձեռք մեկնում: Այսինքն` ոչ թե տաղանդավորին են գումար հատկացնում, այլ նրան, ով կարողանում է «կպցնել» այդ փողը: Ուստի շոու-բիզնեսը պետք է «ֆորմատ» անել, հետո՝ «ռեստարտ» (ծիծաղում է):

 

 

 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՐԳԻՉԸ» ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Արդեն մի քանի օր է` համացանցում բուռն կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նախագիծը, որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների: Քաղաքացիների մի զգալի հատված այն համոզման է, որ այս ծրագրի շրջանակում պետական մակարդակով պրոպագանդվում եւ խրախուսվում է ռաբիս, ռեստորանային երաժշտությունը: Անգամ օնլայն ստորագրահավաք է կազմակերպվել, որի մասնակիցները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից եւ ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը: Այս պահանջին միացել են նաեւ մի շարք հայտնի արվեստագետներ: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, որն անդրադարձավ նախագծին եւ որակեց այն որպես երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն:

Ներկայացնում ենք «Ամենակարող երգիչը» նախագծի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը` ի պատասխան «Ժողովուրդ»-ի գրավոր հարցման:
Այսպիսով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ս. Մուրադյանը մեզ պատասխանել է (պատասխանը ձեւակերպվել է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման օրոք). «ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականության մեջ երբեք ռաբիս երաժշտության տարածումը տեղ չի գտել: Հակառակը` դասական, ժողովրդական, ազգագրական երաժշտության զարգացմամբ փորձել ենք ձեւավորել իրական արժեհամակարգ: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` մեզ համար ընդունելի չէ նմանատիպ հաղորդման գոյությունը»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հեռուստաընկերության տնօրինությանը դիտողություն էր արել «Ամենակարող երգիչը» հաղորդման վերաբերյալ` հորդորելով նախապես խորհրդակցել մասնագետների հետ, հաշվի առնել նրանց խորհուրդները եւ չանտեսել հանրության պահանջները:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ին հաջողվեց մեկնաբանություն ստանալ նաեւ Հանրային հեռուստաընկերությունից: Մասնավորապես` Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով նախագծի վերաբերյալ հնչած քննադատություններին, մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են. ««Ամենակարող երգիչ» նախագծի հիմնական նպատակը հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտելու հնարավորության ընձեռումն է: Հեռուստատեսային տվյալ հարթակում մրցում են ակումբային եւ ռեստորանային երգիչները, որոնք, ըստ հաղորդման ձեւաչափի, յուրաքանչյուր շաբաթ ներկայանալու եւ իրենց ուժերը փորձելու են տարբեր ժանրերում`թեմատիկ ուղղություններ ունեցող երգերի միջոցով:
Հաղորդման առաջին եթերի ընթացքում մասնակից երգիչներին հնարավորություն է տրվել երգել իրենց նախընտրած ստեղծագործությունները, իսկ որպես երկրորդ թողարկման թեմա ընտրվել է 6/8-ը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ստեղծագործություններն առավելագույնս մոտ են մասնակից երգիչ-կատարողներին: 6/8-ը եղել է մեծ նախագծի` վերոնշյալ ժամանցային հաղորդման մի փոքր հատվածը միայն»:
Առաջին ալիքից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդող շաբաթների ընթացքում հեռուստադիտողները մասնակիցներին կտեսնեն ժողովրդական ժանրում, հնարավորություն կունենան գնահատելու նրանց կատարմամբ երեւանյան երգերը, հայրենասիրական կատարումները, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, միջագային հիթերը, դուետները եւ այլն: Նախագծի հաջորդ թողարկման թեման կլինի ժողովրդական երգն ու երաժշտությունը, իսկ ժյուրիի հրավիրյալ անդամը` Ռուբեն Մաթեւոսյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-4-ը հյուրախաղերով հանդես կգա Երեւանում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է. «Մեր թատերախումբը Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես կգա երեք ներկայացմամբ, որոնցից մեկը ժամանակակից հայ արձակագիր եւ թատերագիր Գուրգեն Խանջյանի «Անմեղսունակների պարը» ստեղծագործությունն է: Նույն ներկայացումներով կմեկնենք նաեւ Վանաձոր»,¬ասել է նա: «Արդեն յոթ տարի է, ինչ թատրոնի շենքը չի գործում: Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել այն վերանորոգելու համար»,-շարունակել է բանախոսը՝ հավելելով, որ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մեկ տարուց: «Այս մի քանի տարին մենք տարբեր ներկայացումներով հանդես ենք եկել գյուղերում, շրջաններում: Թատրոնի վերանորոգումից հետո արդեն կսկսենք ներկայացումներ բեմադրել մեր շենքում»,-նշել է բանախոսը:

 

 

ԱՐԴԵՆ ՆՈՐՈԳՎԱԾ
Հոկտեմբերի 1-ից կվերաբացվի Օսմանյան կայսրության ճարտարապետների ամենահայտնի տոհմերից մեկի՝ հայազգի Բալյանների ընտանեկան դամբարանը` նորոգված վիճակում: Այս մասին փոխանցում է թուրքական arkitera.com կայքը: Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը գտնվող դամբարանը նորոգվել է այնտեղ գործող «Հայ ճարտարապետների միության» ու Հրաչ եւ Հակոբ Քըրմըզյանների աջակցությամբ:
Հավելենք, որ Բալյանների նշանավոր գերդաստանի ճարտարապետները կառուցել են Ստամբուլի մի շարք հայտնի պալատներ ու մզկիթներ:

 

 

ՓԻԹԻՆ «ՄԵՌՑՐԵԼ ԵՆ»
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հայտնվել է հաքերների թիրախում: Վերջիններս վիրուս են տարածում այն տեղեկատվության միջոցով, ըստ որի՝ ամերիկյան դերասան Բրեդ Փիթը, իբր, մահացել է: Այս մասին փոխանցում է TMZ կայքը:
Դերասանի մահվան լուրը մատուցվում է որպես Fox News հեռուստաալիքի ռեպորտաժ: Հղումը բացելուց հետո, սակայն, սմարթֆոն կամ համակարգիչ է ներթափանցում վիրուսը: Այդ կերպ հաքերները կարող են մուտք գործել ֆեյսբուքյան հաշիվներ եւ ակտիվորեն տարածել հղումները: Սոցիալական ցանցն արդեն զգուշացրել է օգտատերերին վտանգի մասին՝ կոչ անելով չհայտնվել հաքերների թակարդում:




Լրահոս