Ոստիկանությունում բարձր պաշտոններ են ստանում քաղաքացիներին ծեծողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ՀՀ Կառավարությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանական համակարգում պարբերաբար փոփոխվում են դեմքերը, «դիմակահանդեսի» դերակատարների գործառույթները, բայց դրանից հայ հասարակության կյանքում ոչինչ չի փոխվում: Անվստահությունը իշխանության` հատկապես ուժային կառույցների նկատմամբ, շարունակում է խորանալ:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանական համակարգում կադրային մի քանի փոփոխություններ են եղել: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվեց Արամ Ղազարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Վանաձորի Բազումի պետի պաշտոնը:

Ոստիկանության Բազումի բաժնի պետ նշանակվեց Արա Կարապետյանը, ով մինչ այս տարվա մայիս ամիսը աշխատում էր որպես ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, սակայն ոստիկանապետի հրամանով ազատվել էր աշխատանքից ու անցել կադրերի ռեզերվ:

Փոփոխություններ եղան նաեւ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում: Վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը հեռացավ` տեղը զիջելով Արշավիր Գեւորգյանին, ով նախկինում զբաղեցնում էր Լոռու մարզային վարչության պետի պաշտոնը:

14628159_1234004826656415_18927355_n
Արշավիր Գեւորգյան

Իսկ ինչով են հայտնի նորանշանակ պաշտոնյաները, ի՞նչ է տալու նրանց փոփոխությունը համակարգին: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արամ Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, Դուք հետայսու ավելի պատասխանատու եւ ծանրաբեռնված աշխատանքի եք անցել: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ուժերը, կկարողանա՞ք:

-Բնականաբար, ավելի բարձր պաշտոնում ծանրաբեռնվածությունը կավելանա: Գնահատականները ես չեմ տալու: Փոփոխությունների հետ կապված գնահատականը ղեկավարությունը կտա:

-Խոսակցություններ կան, որ Լոռիում նման կադրային փոփոխությունը հետընտրական վիճակի հետ է կապված: Ձեր առջեւ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների անցկացման մասով ի՞նչ պայման է դրվել:

-Սխալ հարցադրում եք անում:

-Դուք փոփոխությունները ընտրությունների արդյունքների եւ ընթացքի հետ չե՞ք կապում:

-Խնդրում եմ՝ Ձեր հարցերը լրատվականին ուղղեք: Ես կարող եմ պարզաբանել միայն իմ կողմից տրված հրամանները: Իսկ ոստիկանապետի արձակած հրամանները մեկնաբանելու իրավասություն չունեմ: Եվ ինձ թույլ չեմ տա նման բան անել:
Հարկ ենք համարում նշել, որ Լոռու մարզի նոր ոստիկանապետի անունը հայտնի է դեռեւս 2012 թվականից: Այդ ժամանակ Արամ Ղազարյանը ոստիկանության Վանաձորի բաժնի շարքային աշխատակից էր, ում դեմ քաղաքացիների կողմից բողոքներ են եղել:

Այսպես, 2012 թվականի օգոստոսի 17-ին, ըստ մամուլի հրապարակումների, Արամ Ղազարյանը ոստիկանության Վանաձորի բաժնում բռնություն է գործադրել քաղաքացի Նարեկ Ափինյանի նկատմամբ, ով հրաժարվել է ցուցմունք տալ: Քաղաքացին հաղորդում է տվել կատարվածի վերաբերյալ, հայտնել, որ ոստիկանն իրեն ծեծել է, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցել:

Ահա, այսպես ծեծով գործ բացահայտելով՝ նա հարթել է իր ուղին: Ավելի ուշ դարձել ոստիկանության Բազումի բաժնի պետ, իսկ հիմա էլ Լոռու մարզային վարչության պետ դարձավ:

Ինչպես վերը նշեցինք` ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սյունիքում նման փոփոխությունը, թերեւս, սպասելի էր, քանի որ այստեղ մշտապես խոսվում է տարբեր բաժինների ոստիկանապետերի չարաշահումների մասին: Հիշեցնենք` Գորիսում ընթացիկ տարվա մարտի 8-ին տեղի ունեցած հայտնի աղմկահարույց դեպքը, որի կիզակետում էր հայտնվել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը:

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այս դեպքին՝ մասնավորապես նշելով, որ ոստիկանապետը, չարաշահելով իր դիրքը, մի շարք քաղաքացիների, այդ թվում` իր ենթակաների ներկայությամբ բռնություն է գործադրել Գորիսի բնակիչ Արթուր Գեւորգյանի նկատմամբ: Իհարկե, ծառայողական քննություն նշանակվեց, սակայն հետագայում ոստիկանապետը վերանշանակվեց իր պաշտոնում: Սա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ՀՀ ոստիկանությունում ղեկավարների այն տեսակը, որոնք ծեծով են հարցեր լուծում:

Թարմ է նաեւ ոստիկանության Կապանի բաժնի շուրջ բարձրացված աղմուկը: Ինչպես հայտնի է՝ դեռեւս նախորդ տարի հեռացվեց ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» արած չարաշահումների, փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիք գողանալուն օժանադակելու եւ մի շարք այլ խախտումների համար: Ավելին, որոշ տեղեկություններով` այս գործում շոշափվում էր նաեւ Կապանի` արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Գեւորգյանի անունը:

Ահա այսպես, որքան էլ ոստիկանական համակարգը կոսմետիկ փոփոխություններ անի՝ իմիտացիա ստեղծելով, թե վերափոխվում են, միեւնույն է՝ դրանից ոստիկանության որակը չի փոխվում, որովհետեւ ոստիկանությունից մասնագիտական ու քաղաքական ակնկալիքները այլ են:

Նրանք պետք է ծեծեն, բռնանան, սպառնան, «գործ սարքեն», սադրեն, որպեսզի «աչքի ընկնեն» ու «առաջ գնան»: Ինչպես ասում են` «Օ՜ մարդիկ, օ՜ բարքեր»:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս