Ով է նշանակվելու Նոյեմբերյան համայնքում լիազոր ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ հանդիպել են գյուղ այցելած Նոյեմբերյան համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Աբազյանին: Խոշորացված Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր, այդ թվում՝ Բարեկամավանը: Այստեղ խոսակցություններ էին տարածվել, որ համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն այդ գյուղում իր լիազոր ներկայացուցիչ է նշանակել բարեկամավանցի մի երիտասարդի, ինչին համաձայն չէին հավաքված բարեկամավանցիները: Նրանք համայնքի ղեկավարին հորդորել են լիազոր ներկայացուցիչ նշանակել Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանին: Վերջինս սեպտեմբերի 18-ին կայացած Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու էր, սակայն չէր ընտրվել: Ընտրություններում պարտվելուց հետո նա հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը: Կ. Աբազյանը բարեկամավանցիներին ասել է, որ վերոհիշալ երիտասարդին չի նշանակի իր լիազոր ներկայացուցիչ, սակայն Գարիկ Աբազյանին եւս չի նշանակի այդ պաշտոնում, քանի որ վերջինս իր վստահությունը չի վայելում:

Նոյեմբերյան համայնքի ղեկավարը բարեկամավանցիներին հայտնել է, որ լիազոր ներկայացուցիչ կնշանակվի այլ անձ, որն ընդունելի կլինի բարեկամավանցիների համար: Գործող օրենսդրության համաձայն՝ համայնքի ղեկավարն իր լիազոր ներկայացուցիչ նշանակելիս պետք է հաշվի առնի այդ բնակավայրում առկա հասարակական կարծիքը: Նշենք, որ Կ. Աբազյանն արմատներով Բարեկամավանից է, նրա հայրը ծնվել է սահմանամերձ, հեռավոր այդ գյուղում: Կ. Աբազյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 13-ին կայացել է Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում հաստատվել են համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչների հաստիքացուցակները եւ դրույքաչափերը: Լիազոր ներկայացուցիչները գործելու են Նոյեմբերյանի սահմանամերձ 8 գյուղերում: Նրանց աշխատավարձը սահմանվել է 220 հազար դրամ, հարկային պահումներից հետո այդ գումարը նվազելու է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս