ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանում ընթացող շինարարական աշխատանքները իրականացնում է «Ավա Բիլդինգ» ընկերությունը: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի՝ նշված ընկերության հիմնադիրն է սեպտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետ վերընտրված ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գորիսի քաղաքապետարանը օգոստոսի 5-ին պայմանագիր է կնքել «Ավա բիլդինգ» ընկերության հետ՝ քաղաքապետարանի շենքի վերանորոգման համաշինարարական աշխատանքների կատարման համար: Այդ նպատակով Գորիսի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է ավելի քան 31 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ավա Բիլդինգ» ընկերությունը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում, իսկ ընկերության հիմնադիրն է Վաչագան Ադունցը, նույն ինքը՝ Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետը: Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականի ապրիլի 6-ին:
Նկատենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի նախկին եւ ներկա քաղաքապետերի մոտ արդեն սովորություն է դարձել իրենց սեփական ընկերություններին վստահել քաղաքի շինարարական աշխատանքների իրականացումը: Նման գործունեություն իրականացնում էր նաեւ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը. Վանաձորի ոչ միայն ասֆալտապատման, այլեւ աղբահանության աշխատանքներն իրականացնում էին /միգուցե՝ նաեւ հիմա/ Դարբինյանին պատկանող ընկերությունները:
Իսկ, ահա, Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը քաղաքի թաղամասերի բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքների համար պայմանագիր կնքում էր միայն «Ոսմար» ընկերության հետ, որի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ 35 տոկոսը՝ վերջինիս եղբորը՝ Արթուր Մարտիրոսյանին, ով անցած տարվա հուլիսից հանդիսանում է նաեւ ընկերության տնօրենը: Մինչ այդ ընկերությունը ղեկավարել է անձամբ Նելսոն Ոսկանյանը: «Ոսմար»-ը նախորդ տարիներին նույնպես իրականացրել է Գորիսի շինաշխատանքները: Ի դեպ, տեղեկացնենք, որ Նելսոն Ոսկանյանը բավականին ջերմ հարաբերությոuններ է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ինչով էլ պայմանավորված է եղել Գորիսի ճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացումը «Ոսմար»-ին վստահելու որոշումը: Ի դեպ, բացի «Ոսմար»-ից՝ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հիմնադիրն է նաեւ «Գորեր» ընկերության, որի տնօրենն է իր հարազատ եղբայրը՝ Ոսկան Ոսկանյանը, ով այժմ Գորիսի ավագանու անդամ է: Այս ընկերությունը նույնպես մասնակցել է քաղաքապետարանի կողմից հայտարարված գնումների մրցույթներին:
Հիմա էլ հերթը «Ավա բիլդինգ» ընկերությանն է: Այս ընկերությունը նախորդ տարիներին շինարարության ոլորտում այդքան էլ հայտնի չի եղել, իսկ մարզի եւ համայնքների գնումների գործընթացներում մասնակցություն գրեթե չի ունեցել: «Ավա բիլդինգ»-ի ասպարեզ դուրս գալը պայմանավորված է Ադունցի Գորիսի քաղաքապետ դառնալու հանգամանքով:
Սակայն այս ամենի առաջ շարունակում են աչք փակել Սյունիքի մարզպետարանում: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, անդրադառնալով հարցին, երջանիկ անտեղյակությամբ հայտարարեց. «Գնումների գործընթացը նորմալ օրինական ձեւերով վարած է, հիմա մարզպետարանը ինչ պետք է անի այստեղ: Ոչ մի բան»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք կասկածելի բան չի տեսնում, երբ քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու է հենց գործող քաղաքապետի հիմնադրած ընկերությունը, մարզպետարանի աշխատակիցը ասաց. «Հա, ի՞նչ անենք, որ իրենն է: Դա իմ անձնական կարծիքն է: Ես դրա մեջ վատ բան չեմ գտնում, քանի դեռ ստուգված կամ փորձված չի: Այլ խնդիր է, եթե գնումների գործընթացում ընթացակարգ է խախտվել: Հիմք է պետք՝ ստուգումներ իրականացնելու համար: Հա, մտնես, ստուգես, բայց անունն ինչ դնես, կրիմանա՞լ կա այդտեղ, ինչ-որ խնդի՞ր կա այդտեղ»:
Արդյոք Գորիսի քաղաքապետարանին թույլատրված է առանց մրցույթ հայտարարելու, բանակցային գործընթացով որոշ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով պայմանագրեր կնքել ընկերությունների հետ, ինչ սկզբունքով է քաղաքապետարանը պայմանագիր կնքել հենց գործող քաղաքապետ Ադունցի հիմնադրած ընկերության հետ. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ:
-Պարո՛ն Ադունց, արդյո՞ք Ձեր լծակները չեք օգտագործել` Ձեր հիմնադրած ՍՊԸ-ին Գորիսի քաղաքապետարանի շինաշխատանքների ծրագրերում ներգրավելու համար:
-Ես իմ անձնականի համար երբեւէ պետական միջոցները չեմ օգտագործել: Մրցույթը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան…
-Այդ դեպքում ինչո՞ւ հենց «Ավա Բիլդինգը»-ը հաղթեց մրցույթում:
-Այդ ընկերության հետ ես այլեւս կապ չունեմ: Մրցույթը տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով: Անհոգ եղեք, ամեն բան թափանցիկ է: Քաղաքապետարանի վերանորոգումը երկու փուլով է իրականացվում: Առաջին փուլին մասնակցել է մեկ այլ ընկերություն, իսկ 2-ին՝ «Ավա բիլդինգ»-ը: Այժմ քաղաքապետարանի վերանորոգման աշխատանքների 2-րդ փուլն է ընթանում:
-Այնուամենայնիվ, ի՞նչ կապ ունեք այդ ընկերության հետ:
-Միայն հիմնադիրն եմ: Բարեկամ չունեմ այնտեղ աշխատող:
-Պարո՛ն Ադունց, որպես քաղաքապետ, արդարացված համարո՞ւմ եք սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում ավելի քան 31 մլն դրամ հատկացնելը քաղաքապետարանի շենքի վերանորոգմանը:
-Իհարկե: Դա որոշել է համայնքի ավագանին, որովհետեւ ցանկացած մարդ պետք է առաջինը իր տունը հյուրընկալ դարձնի: Եթե քաղաքապետարանի նախկին շենքը տեսնեիք, ապա նման հարց չէիք տա ինձ: Ի վերջո, պետք է նորմալ պայմաններում մարդիկ աշխատեն, որպեսզի նորմալ էլ ծառայեն բնակչությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԸՆԴԱՄԵՆԸ 12 ԸՆՏԱՆԻՔ Է ԳԱԶԻՑ ՕԳՏՎՈՒՄ

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2012 թվականից գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար:

Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել:
Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Ասքիպարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ վերոհիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի է՝ կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ չկա: Բնակիչները հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու: Դրա համար նրանք խողովակի յուրաքանչյուրի մետրի հաշվով պետք է վճարեն 3800 դրամ, միջինում դա մեկ ընտանիքի համար կազմում է 70-100 հազար դրամ:
Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գյուղի 12 ընտանիք իրենց առանձնատները միացրել են գազատարին, եւս 6 ընտանիք դիմում է տվել գազատարին միանալու համար: Ն. Սահակյանը չգիտի, թե գյուղի մնացած ընտանիքները ինչ միջոցներով են գազատարին միանալու, նա կարծում է, որ կառավարությունը սահմանագոտու կարիքավոր բնակիչներին կաջակցի այդ հարցում: Բացի Բաղանիսից, Նոյեմբերյանի սահմանագոտու վերոհիշյալ գյուղերում ոչ մի ընտանիք իր առանձնատուն գազի խողովակ չի անցկացրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս