ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ԵՎ ԱՎԵԼԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում վերանայել եւ լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման եւ կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի եւ հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ: Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական կիրառման աշխատանքներում պատասխանատվությունը պետք է կրի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել էր, որ ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման ծրագրերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան: Կարապետյանի խոսքով` յուրաքանչյուր բնակավայր ու դրա կառավարիչը պետք է ունենան հորիզոն, թե ինչ են ուզում, որ այդ բնակավայրում լինի: «Պետք է ունենալ ծրագիր, թե ինչ քաղաք, գյուղ ու համայնք է ինքը պատկերացնում»,- ասել էր վարչապետը: Հանձնարարվել էր նաեւ, որ մեթոդաբանությունը շարադրվի հստակ, թուղթը լինի ընթերցելի, հասկանալի, տրամաբանական ու պրագմատիկ: Ի պատասխան վարչապետի հանձնարարականի` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել էր, որ, պայմանավորված ՏԻՄ ընտրություններով, հունվարի 15-ին համայնքները կունենան համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը:
«Ժողովուրդ»-ը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ զրուցեց 5-ամյա այդ ծրագրի մշակման գործընթացի եւ սպասվելիք փոփոխությունների մասին:
-Պարո՛ն Լոքյան, սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը տվեց հստակ հանձնարարական` մշակել համայնքների զարգացման 5-ամյա ծրագիր: Ի՞նչ փուլում է գտնվում այդ ծրագրի մշակման գործընթացը:
-Համայնքների զարգացման մեթոդաբանության մշակման գործընթացն արդեն ավարտված է: Շաբաթ օրը Դիլիջանում մենք առաջին ներկայացումը կանենք` Դիլիջան խոշորացվող համայնքի համար: Բացի մեթոդաբանությունից` այնտեղ կքննարկվեն խոշորացման արդյունքով նախատեսված ծրագրերի ընթացքը, սկիզբը կդրվի, Եվրոմիության համապատասխան աջակցությամբ սկսվող ծրագրերի մասին կխոսվի, եւ սա կդառնա առաջին քայլը հանրապետության բոլոր տարածքներում մեթոդաբանությունը փոխանցելու, 5-ամյա ծրագրերը կազմելու գործընթացի:
-Համայնքների զարգացման 5-ամյա ծրագիր արդեն մշակվել էր նախարարության կողմից մինչ Կարեն Կարապետյանի նշանակումը: Ինչո՞ւ նորանշանակ վարչապետը հանձնարարեց նոր ծրագիր մշակել: Արդյո՞ք ծանոթացել էր արդեն առկա ծրագրին եւ չէր հավանել, թե՞ այլ խնդիր է առաջացել:
-Ավելի շուտ պարոն Կարապետյանը ուզում էր շատ ավելի պարզ, շատ ավելի գործնական ծրագիր լինի: Ծրագիրը նախկինում 2014 թվականին էր մշակված եղել, ծրագիր չասենք, այլ մեթոդաբանություն, որը, փաստորեն, փոխվում է ավելի փոքր, ավելի գործնական ուղղությամբ ծրագրով: Դա նախարարությունը ընթացքի մեջ էր պահել եւ անում էր: Այդ հանձնարարականը ավելի արագացրեց այս գործընթացը:
-Պարո՛ն Լոքյան, ինչի՞ համար են այս ծրագրերը, եթե, կարծես, որեւէ զարգացում չկա: Չնայած այս ծրագրերն ունեն համայնքների զարգացման միտում, բայց համայնքների բնակիչներից շատ են լինում բողոքները, ասում են` առաջընթացի փոխարեն հետընթաց ենք ապրում:
-Սրանք կոնկրետ ծրագրեր են, որոնց արդյունքը չափելի է, գնահատելի է, տեսանելի է: Այն, որ համայնքներում զարգացում չկա, դա ճշմարիտ չէ, քանի որ եթե Դուք շրջեք նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղական համայնքներում, Դուք այնտեղ կտեսնեք շատ լավ համայնքապետարաններ, մանկապարտեզներ, իսկ տասը տարի առաջ դրանք բացակայում էին: Բայց զարգացումը դա չէ, զարգացումը տնտեսական ռեսուրս ստեղծելու հնարավորությունն է, ավելացրած արժեք ապահովելու խնդիրն է, միայն շենք, ջրագիծ ունենալու խնդիրը չէ, այլեւ զբաղվածության ապահովում, ոչ գյուղատնտեսական գործունեության մուտք համայնքներ, որը պիտի բերի եկամուտ տվյալ համայնքում եւ կարողանա մարդկանց պահել տվյալ տարածքի վրա:
-Իսկ առաջիկայում էլի՞ կլինեն մարզպետների փոփոխություններ:
-Դրա մասին պետք է խոսենք վարչապետի հետ:
-Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ սկսվում է կադրային փոփոխությունների երկրորդ փուլը, որն ավելի շատ վերաբերելու է մարզպետներին: Դա այդպե՞ս է:
-Ո՛չ:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՋՈՒՐԸ ՓՈՂՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները խմելու ջրի խնդիր ունեն: Նրանք խմելու ջուրը գնում են եւ մեկ լիտրի դիմաց վճարում 10 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Մասիսցիների խոսքով՝ ծորակից հոսող ջուրը պիտանի չէ խմելու համար:

«Նախ՝ խմելու ջուր մենք ունենում ենք միայն առավոտյան ժամը 07.00-ից մինչեւ երեկոյան 20.00-ն: Իսկ ծորակից հոսող ջուրը խմելու համար ուղղակի պիտանի չէ. քանի որ ջրի գույնը պարզ չէ, այլ պղտոր է, տհաճ հոտ է գալիս, նույնիսկ վախենում ենք մի կում խմել: Արդեն մի քանի տարի է, ինչ խմելու ջրի խնդիրը կա, բայց ոչ ոք հետաքրքրված չէ դրա լուծմամբ»,- «Ժողովուրդ»-ին վրդովված պատմեց Մասիսի բնակչուհի Տաթեւ Հարությունյանը:
Մեզ դիմած մյուս բնակիչները եւս նշեցին, որ վախենում են խմել ծորակից հոսող ջուրը. «Կա՛մ պիտի թունավորվես, ընկնես հիվանդանոց, կա՛մ էլ փորացավ ընկնես ու զուգարանից դուրս չգաս».- ներկայացրին նրանք: Այս ամենի արդյունքում Մասիսի բնակիչների գերակշիռ մասը ստիպված խմելու ջուրը գնում է: Մի մասն էլ այն ձեռք է բերում այլ տեղերից՝ իրենց սեփական ավտոմեքենաներով:
«Շաբաթվա մեջ 2 անգամ մեր շենքի բակ է գալիս մի տղամարդ եւ ջուր վաճառում: Իր խոսքերով՝ Գառնու ջուրն է: Մենք էլ այն գնում ենք եւ 1 լիտր ջրի դիմաց վճարում 10 դրամ: Նրանից գնած ջրով մենք նաեւ ափսեներն ու կաթսաներն ենք լվանում»,- իրավիճակը ներկայացրեց Մասիսի մեկ այլ բնակչուհի Կարինե Մանուկյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախընտրական շրջանում Մասիսի բնակիչները քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված եւ ընտրված Դավիթ Համբարձումյանի առաջ մեկ պայման են դրել՝ առաջինը լուծել խմելու ջրի խնդիրը: Ինչն էլ վերջինս խոստացել է իրականացնել:
Նաեւ բնակիչների մոտ ակտիվ քննարկվում է, որ իրենց խմելու ջրի ե՛ւ քանակի, ե՛ւ որակի հետ կապված խնդիրները առաջացել են Մասիսի հարեւան գյուղերում գործող ձկնաբուծարանների ջուրը անխնա օգտագործելու պատճառով:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Մասիսում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, ինչի արդյունքում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը: Վերջինս քաղաքապետի պաշտոնը ստանձնելու է նոյեմբերի 12-ից: Այժմ Մասիսի քաղաքապետը ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանն է: Այս պատճառով «Ժողովուրդ»-ը Մասիսի բնակիչների դժգոհությունները փոխանցեց Ս. Հակոբյանին: «Ես իրավունք չունեմ այդ մարդկանց արգելել ջուր վաճառել: Չգիտես ինչու, մեր բնակիչները մեծ գնահատական են տալիս Գառնու ջրին, քան մերին: Համեմատած Գառնու ջրի հետ, մերը, ճիշտ է՝ համ ունի ու այդքան սառը չէ: Բայց ջրի գույնի հետ կապված, Ձեզ վստահեցնում եմ, մերն ավելի պարզ է, քան Գառնիինը»,- արդարացավ Մասիսի քաղաքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԲԵՆԶԱՍՂՈՑՈՎ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատողները ահազանգով մեկնել են քաղաքի Մյասնիկյան փողոց: Տան հարսը ոստիկաններին ահազանգել է, որ իր ամուսինը վիճաբանում է սկեսուրի հետ: Այդ տուն մեկնած օպերատիվ խմբի 3 ոստիկանները փորձել են կարգի հրավիրել հարազատ մոր հետ վիճաբանողին, սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, 1974թ. ծնված տղամարդն իրեն ագրեսիվ է պահել: Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանից տեղեկացանք, որ տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկաններից մեկի վրա, վերջինս հազիվ է հասցրել ոտքերը փախցնել գործող բենզասղոցից: Այնուհետեւ 31-ամյա դիլիջանցին բենզասղոցով հարձակվել է մեկ այլ ոստիկանի վրա: Վերջինս սեղմվել է սենյակի անկյունում, այլեւս նահանջելու տեղ չունենալով, բազմաթիվ նախազգուշացումներից հետո օդ է կրակել: Ոստիկանները կարողացել են բերման ենթարկել տղամարդուն: Պարզվել է, որ նա արդեն իսկ երկու անգամ դատվել է. 1994թ. Դիլիջանում տեղակայված զորամասում կատարած սպանության եւ 2001թ. կատարած սպանության փորձի համար: Նա Դիլիջան քաղաքի մշակույթի տանը տնտեսվար է աշխատում: Տղամարդը որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն հոդվածով բնութագրվող գործողության համար որպես պատիժ նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում: Քննչի որոշմամբ նա կալանավորվել է: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժինը:

 

 

9 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ
Բերդ քաղաքի 68-ամյա բնակիչ Միշա Հովհաննիսյանը փորձառու անասնաբույժ է, աշխատում է Նավուր, Իծաքար եւ այլ գյուղերում: Մեզ հետ զրուցում նա հայտնեց, որ Բերդի տարածաշրջանի 15 գյուղերում աշխատում է 10 անասնաբույժ, որոնց միջին տարիքը 60 է: Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում անասնաբուժության մասնագիտությամբ սովորողներին պատրաստ են ընդունել առանց քննության, սակայն Բերդի տարածաշրջանի երիտասարդները, ովքեր ուզում են յուրացնել անասնաբույժի մասնագիտությունը, ուսման վճարը՝ տարեկան 400 հազար դրամ, հոգալու հնարավորություն չունեն: Մ. Հովհաննիսյանը որպես պետության կողմից անտարբերություն որակեց այն, որ 15 վարակիչ հիվանդություններից միայն մի մասի դեմ են պետպատվերով պատվաստումներ արվում: Անասնաբույժի աշխատավարձն էլ, բառիս բուն իմաստով, չնչին է, օրինակ՝ Մ. Հովհաննիսյանը սեպտեմբերին ստացել է ընդամենը 9 հազար դրամ աշխատավարձ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս