ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ԿՌՎՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերստին հիշեցրեց մի խնդրի մասին, որը վերջին տարիներին պարբերաբար ի հայտ է գալիս: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ՝ կեսգիշերից սկսած, ողջ օրը փորձել են հակապուտինյան ակցիաներ կազմակերպել: Ավելին՝ ակցիաներն իրականացրել են «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսի ներքո: Ակցիայի նպատակն էր ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի սպասում: Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, եւ ՌԴ նախագահը վիրավորված վերադառնում էր Մոսկվա, ի՞նչ էր շահելու Հայաստանը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ այդպիսով Հայաստանը «կանկախանա» Ռուսաստանից, ապա չպետք է մոռանալ, որ նա աշխարհագրական տարածքով աշխարհի ամենամեծ պետության, գերտերության երկարամյա ղեկավարն է: Նրա մոտ հակահայկական ինչ-որ տրամադրություն առաջացնելը ի՞նչ օգուտ է տալու մեզ: Անշուշտ, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային չսիրելը կամ ատելը ՀՀ ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է: Բայց միաժամանակ ՀՀ քաղաքացու պարտքն է պետությանը չվնասելը:
Հ.Գ. Ի դեպ, քաղաքացիական ակտիվիստների այս «հակա» տեսակը տարածում ստացավ վերջին երեք տարիներին: 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լուրջ որակական փոփոխություն էր կրել: Հասարակական կյանքում այն տարեցտարի ավելի ազդեցիկ էր դառնում: Մինչեւ 2012 թվականը քաղաքացիական հասարակությունը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին ստիպեց զիջումների գնալ: Սակայն այն պահից, երբ «հակա»-ի ցեցը սկսեց պատել քաղաքացիական հասարակությանը, նրանք սկսեցին բաժանվել «հակառուսի», «հակաեվրոպացու» կամ «հակաամերիկացու»: Այդ հզոր ուժը բզկտվելով՝ վերածվեց փոքրիկ խմբակների, որոնք իրենց երկրում առկա բացասական երեւույթների դեմ պայքարելու փոխարեն սկսեցին աշխարհաքաղաքական կենտրոնների` հողմաղացների դեմ մարտնչել: Թերեւս ժամանակն է հետեւություններ անելու եւ գործելու բացառապես հայամետ դիրքերից:

 

 
Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրություններից հետո իշխող Հանրապետականի ներսում «ռազբորկաներ» են սկսվել, թե ինչու ձախողեցին: Եւ կոնկրետ շրջանակներում արդեն որոշվել է, որ այդ կուսակցության քարոզչության պատասխանատուները պետք է փոխվեն: Նշենք, որ վերջին երկու տարիներին ՀՀԿ-ի քարոզչությունը «տնօրինում» են այդ կուսակցության, այսպես կոչված, հնաբնակների վստահությունը վայելող երիտհանրապետականները: Այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ քարոզչության համար հատկացված գումարները նրանք, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսել: Ավելին` իշխանական լրատվամիջոցները ՀՀԿ-ի թեկնածուներից (օրինակ՝ Վանաձորի թեկնածուի թիմից) գումարներ են պահանջել` հարցազրույցներ տեղադրելու համար: Լուրջ կասկածներ կան, որ եթե պատասխանատուները չփոխվեն, ապա նրանք կտապալեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որի ժամանակ արդեն հարյուրավոր միլիոն դրամներ կհատկացվեն քարոզչության համար:

 

 
Ինչպես հայտնի է՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումները չեն իրականացվել: Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց: «Երբ տեղի են ունենում սրացումներ սահմանին, ինչպես եղավ ապրիլին, դրանք վախեցնում են ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են՝ եթե սկսվի մեծ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ կլինի հետո: Իհարկե, ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին, բայց քաղաքական իրադարձությունները շարունակվում են, եւ ներդրողների վերադարձը հնարավոր է», – ասել է Դմիտրի Ռադիշեւսկին:

 

 

 
Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային դժգոհություն էր հայտնել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գործունեությունից: Ռուստամյանը մարզպետին մեղադրել էր նրանում, որ իր գործունեությամբ չի կարողացել նպաստել հայրենի կուսակցության հեղինակության բարձրացմանը գյումրեցիների շրջանում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց դաշնակցական մարզպետից պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն Սիմոնյանին փոխարինող է փնտրում: Մարզպետը հավաստիացրեց, որ նման բան գոյություն չունի: Իսկ երբ մեջբերեցինք իր կուսակցի` Արմեն Ռուստամյանի ասածները, նա պատասխանեց. «Ով ինչ ասել է, իրենցից հարցրեք, ես ասում եմ՝ նման բան չկա: Ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան»: Այլ կերպ ասած՝ Սիմոնյանը հասկացնում է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, եւ եթե կարող են, թող հանեն:

 

 

 
ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ
Նախօրեին ձայների 156 կողմ, 146 դեմ հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Հավասարություն եւ քաղաքացիություն» օրենքի բարեփոխված տարբերակը, դրանում առկա են նաեւ այն հոդվածները, որոնցով Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Սենատը օրենքի նախագծից հանել էր այն երկու հոդվածները, որոնց սահմանումները վերաբերում էին նաեւ Հայոց ցեղասպանությանը: Երեկվա քվեարկությամբ, փաստորեն, Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունեց օրենքը, մի բան, որ արդեն իսկ եղել է մեկ անգամ՝ 2011թ-ին, երբ, սակայն, համապատասխան դիմումի հիման վրա Սահմանադրական խորհուրդը չեղարկեց օրենքը՝ համարելով, որ այն հակասություն ունի Ֆրանսիայի Սահմանադրության հետ: Ներկայումս եւս նման հավանականությունը բացառել չի կարելի, առավել եւս, որ թուրքական իշխանությունները շատ ակտիվ կերպով աշխատում են այդ ուղղությամբ: Եվ, այնուհանդերձ, Սենատը գնաց այդ որոշմանը, ինչը, բնականաբար, պայմանավորված էր աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով. ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացմամբ եւ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունների սրմամբ:
Առաջին անգամը չէ, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ֆրանսիան, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձնում են իրենց քաղաքական շահերի սպասարկման գործիք, եւ հայ ժողովուրդն արդեն բավականին հանգիստ է ընդունում նման գործընթացները՝ առանց նախկին էմոցիոնալ վերաբերմունքի եւ պատրանքների:Ուստի եւ առանձնակի ոգեւորություն կարծես թե չկա, ավելին՝ կա որոշակի թերահավատ վերաբերմունք, որ Ֆրանսիան, ի վերջո, կգնա այդ քայլին՝ վտանգելով Թուրքիայի հետ ունեցած բազմամիլիարդանոց տնտեսական նախագծերը:
Ներկայիս իրավիճակում, սակայն, վերը նշված գործոնները կարող են շատ կարեւոր նշանակություն ունենալ, առավել եւս, որ Թուրքիան այն նույն Թուրքիան չէ, ինչպիսին էր 2011թ-ին: Ներկայումս Էրդողանի՝ Եվրոպայի դեմքին նետած ձեռնոցները, անկանխատեսելի վարքն ու այլեւս անթաքույց բռնատիրական-կայսերապաշտական քաղաքականությունը չեն կարող չմտահոգել ԵՄ երկրներին, առավել եւս, որ այդ ամենն արժանանում է Ռուսաստանի անթաքույց քաջալերանքին: Եվ, ուրեմն, Ֆրանսիան, ինչպես եւ մի քանի ամիս առաջ Գերմանիան հասկացել են, որ Թուրքիային անհրաժեշտ է զսպաշապիկ հագցնել, ինչին էլ միտված էր այս երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի եւ օրինագծի ընդունումը:
Հ. Գ. Այս համատեքստում ուշագրավ էր, որ հենց երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ հիշատակելով արդեն մոռացված Ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման մասին:




Լրահոս