Որ չարաշահումները պատճառ դարձան բժշկական համալսարանի ռեկտորի` ազատման դիմում գրելու համար . «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, դեռեւս 2012թ-ից սկսած, վարկեր է կուտակել, չնայած որ համալսարանի բանկային հաշիվներին բավականին գումար է եղել: Այսինքն՝ համալսարանը, ունենալով դրամական միջոցներ, արդյունավետ կառավարման իրականացման դեպքում կարող էր խուսափել նոր վարկեր ներգրավելուց: Սակայն կատարվել է հակառակը. համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում մեծ ծավալի պարտավորություններ է ստանձնել:

«Ժողովուրդ» տեղեկացավ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կողմից 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքվել են 5 վարկային պայմանագրեր: Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման եւ շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար:

«Ժողովուրդ» -ին հայտնի դարձավ, որ ձեւակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը եւ կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով: Սակայն վարկային միջոցների ներգրավման ժամանակահատվածներում՝ անցած տարվա օգոստոսի 1-ից մինչեւ 2015 թվականի վերջ, համալսարանի բանկային հաշիվներին եղել է 261.9 մլն դրամից մինչեւ 1 մլրդ 221 մլն 600 հազար դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը՝ 797.4 մլն դրամից մինչեւ 947.6 մլն դրամ մնացորդներ: Եւ չնայած սրան՝ համալսարանը իր վարկային բեռով հանդերձ, նույն ժամանակահատվածում իր հաշվին իրականացրել է նաեւ հովանավորչական գործունեություն: Օրինակ՝ 78 մլն դրամ հատկացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին եւ 28.2 մլն դրամ՝ ուսանողական խորհրդարանին, 30.4 մլն դրամ ընդհանուր գումարով՝ տարբեր կազմակերպությունների տարբեր նպատակներով եւ այլն:
Բացի այն, որ համալսարանը չի խուսափում նոր վարկեր ներգրավելուց, նաեւ շինարարություն է իրականացնում՝ խախտելով քաղաքաշինական որոշ նորմեր:
Այսպես՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը շենքի առանձին լսարանների, սանհանգույցների եւ ջեռուցման համակարգերի ընթացիկ նորոգման եւ վերանորոգման համար անցած տարի ծախսել է 33.6 մլն դրամ: Շինարարական աշխատանքների մասով անցած տարի համալսարանը գնումներ է կազմակերպել ասֆալտապատման, կահույքի նախագծման եւ պատրաստման, հատակի լամինատի տեղադրման, մետաղական հովարի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների համար:

Սակայն «Ժողովուրդ» -ին հայտնի դարձավ, որ պահանջվող շինարարության ընդունման ակտերի կազմում բացակայել են թերությունների ակտերը, վերադարձվող նյութերի ակտերը (քանդման աշխատանքների արդյունքում առաջացած, օգտագործման համար պիտանի շինարարական նյութերի եւ սարքավորումների մասով), ծածկված աշխատանքների ակտերը, փորձարկումների ակտերը (ջեռուցման համակարգերի, օդափոխության, կոյուղու, ջրագծի, էլեկտրական մոնտաժ եւ էլ. սարքավորումների մասով), շինարարական նյութերի հավաստագրերը, օբյեկտի ավարտական ակտերը: Արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի 5.2 կետի պահանջները: Բացի այս, խախտվել է նաեւ ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-ն որոշմամբ հաստատված ՙՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման մասին՚ կարգի 7-րդ գլխի 138-րդ կետի պահանջը:

Այս թեմայի շուրջ«Ժողովուրդ» -ը Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մամուլի հարցերով պատասխանատու Վիկտորիա Անիկինայից պարզաբանում խնդրեց: Սակայն վերջինս փոխանցեց, որ այն մեզ կարող են տրամադրել առաջիկայում:

Սյունե Համբարձումյան




Լրահոս