ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԱԿՑԻԱՅԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր է՝ կապանցիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ անցկացնել: Բանն այն է, որ Կապանի թիվ 8 երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն նոյեմբերի 1-ից 40 %-ով բարձրացրել է երթուղու ուղեվարձը՝ 50 դրամից դարձնելով 70 դրամ:

Թույլ չտալով գծատերերին բնակիչներից գանձել 40 տոկոսով ավելի թանկ ուղեվարձ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները իրենց մեքենաներով քաղաքի կենտրոնից 8 համարի երթուղու ուղեւորների տեղափոխումներն են իրականացնում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ շարունակում են նույն կերպ իրականացնել իրենց ակցիան, իսկ այդ երթուղուց օգտվող քաղաքացիներն էլ շարունակում են վճարել 50 դրամ.«Կարելի է ասել՝ ակցիան ստացված է, որովհետեւ բոլորը հետեւել են մեր կոչերին եւ 50 դրամ են վճարում, զուգահեռաբար հարցն ամեն կերպ փորձում ենք մտցնել ավագանու օրակարգ, փորձում ենք մարզպետի հետ կապվել, առայժմ չի ստացվում»,- նշեց Աբգարյանը: Պարզվում է` միայն այս երթուղին սպասարկող ընկերությունն է թանկացրել սակագինը, որովհետեւ մյուս երթուղիների ուղեվարձն արդեն քանի տարի է՝ 70 դրամ է. «Օրինակ են բերում, ասում են՝ 2014-ից մնացածը թանկացել է, մենք չենք թանկացրել, հիմա էլ սա ենք թանկացնում, ասում ենք՝ 2014 թվին դիզվառելիքը 400 դրամ էր, հիմա 310 դրամ է, մեր պաշտոնական տվյալներով՝ ավտոպահեստամասերի գինը 1,6%-ով էժանացել է, ինչ հիմքով եք թանկացնում: Սկզբում այսպես պատասխանեցին, որ ավտոպարկը փոխվել է, նոր մեքենաներ են շահագործվել, բայց այդ սուտը կարճ տեւեց, որովհետեւ շինարարների թաղամասի բնակիչներն ասում են, որ 10 տարի է՝ նույն երթուղայիններով են երթեւեկում, հետո ասացին՝ քանի որ մեքենաները 5 տարի վաղեմության ժամկետ ունեն, սկսել են ավելի արագ փչանալ, քան նախկինում, իրենք էլ ստիպված ավել գումար են ծախսում դրանց վրա»:
Նախաձեռնության անդամներին Կապանի քաղաքապետարանից պարզաբանել են, որ «Լավ ընկեր» ՍՊԸ-ն միակ կազմակերպությունն էր, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, ինչ գին ասել են, դրա հետ էլ համաձայնել են. «Շինարարների թաղամասի մի քանի բնակիչների հետ միասին քաղաքապետի հետ ենք հանդիպել, քաղաքապետը ասել է՝ հոգեբանական առումով բոլորին հասկանում եմ, ամեն թանկացման դեմ պետք է պայքարել, բայց եւ ասում եմ` այդ թանկացումը տրամաբանական է եւ չի փոխվելու»: Կապանի քաղաքապետը հանդիպման ընթացքում հավաստիացրել է, թե իր շնորհիվ է, որ 2014 թվականին, ելնելով սոցիալ-տնտեսական վիճակից, այդ երթուղին սպասարկող 8 համարի ավտոբուսի սակագինը չի բարձրացվել. «Մենք իրեն հարցրինք՝ կարո՞ղ ենք ասել, որ 2016 թվականին 2014 թվականի համեմատ սոցիալական վիճակն ավելի է ծանրացել, ասաց՝ այո, մենք էլ հարցրինք՝ այդ դեպքում, ըստ Ձեզ, այս թանկացումը արդարացի՞ է թե՞ ոչ, ասում է` ես համարում եմ այդ թանկացումը արդարացի»,-ներկայացրեց մեր զրուցակիցը: Աբգարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ նախօրեին քաղաքապետարանի աշխատակիցները իրենց նկատմամբ փորձել են ճնշումներ իրականացնել.«Ասում են` ձեր պատճառով վարորդը ավելի լարված է քշում, որը կարող է ավտովթարի պատճառ դառնալ, դա հանցագործություն է, այդպիսի ճնշումներ էին ցանկանում գործադրել, մենք էլ ասացինք՝ հանցագործություն ենք անում, թող ոստիկանները մոտենան, դուք ինչու եք մոտեցել, սկսեցինք նկարել, թողեցին, գնացին»:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Լավ ընկեր» ՍՊԸ-ն արդեն դիմել է ոստիկանություն` պատճառաբանելով, որ նախաձեռնության անդամները խոչընդոտում են իրենց աշխատանքներին: Սակայն այդ ընկերությունը «մեղադրել է» երկու անձանց` ՔՊ ներկայացուցիչներ Նարեկ Բաբայանին եւ Նարեկ Ղահրամանյանին, ովքեր լուրջ դերակատարություն ունեն ավագանիում: Այդ քայլով «Լավ ընկեր» ՍՊԸ-ն ցանկացել է մեջտեղից հեռացնել ակցիայի «գլխավորներին», որպեսզի դժգոհության ալիքը մարի: Ոստիկանությունից մեր տեղեկությունը հաստատեցին` նշելով, որ «Լավ ընկեր» ՍՊԸ-ն պաշտոնական գրություն է ուղարկել ոստիկանություն, իսկ թե ի՞նչ ընթացք է տրվել այդ գործին, խոստացան լրացուցիչ հաղորդել: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երթուղայիններից մեկի վարորդն արդեն հրավիրվել է ոստիկանության բաժանմունք, նրանից բացատրություն են վերցրել: Վարորդը հերքել է, որ իր աշխատանքների ընթացքին նախաձեռնության անդամները խոչընդոտել են:
Թե ի՞նչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյան, փորձեցինք ճշտել հենց իրենից: Մարզպետը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է, թե որքանով է արդարացված սակագնի բարձրացման որոշումը. «Արդյունքները ստանալու դեպքում մենք հանրությանը կիրազեկեք այդ մասին»,- նշեց Հակոբյանը: «Ժողովուրդ»-ը մարզպետից փորձեց ճշտել` միթե՞ նա մտահոգված չէ, որ այս ամենը տեղի ունեցավ իր պաշտոնը ստանձնելուց հետո. «Ո՛չ, բացարձակ չունեմ ոչ մի մտահոգություն»,- զրույցը եզրափակեց Հակոբյանը: Այլ հարցերի մարզպետը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների ավարտից հետո մեր հարցերի պատասխանները կստանանք:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Կապանում երթուղայինների սակագների բարձրացման փորձ էլի է եղել: Սակայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թույլ չի տվել, որ գծատերերի ցանկությունը իրականություն դառնա:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ «ՉՈՐՈՎ ԽԼԵՑ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ» ԲԻԶՆԵՍԸ

Երեկ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ որպես նվիրատվություն ձեռք է բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից: Այսինքն՝ այն մտահոգությունները, որոնց մասին «Ժողովուրդ»-ը նախօրեին բարձրաձայնել էր, իրականացան. պարզվեց, որ քաղաքապետարանը «չորով» խլեց ավտոկայանատեղիներում կարմիր գծերի բիզնեսը՝ 100 տոկոս բաժնեմասով: Ի դեպ, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ «Սեքյուրեթի դրիմ» ընկերությանը:

Ձեռք բերված համաձայնության շրջանակներում քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երեւանի ենթակայությանն անցած ընկերությունը քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը: Նաեւ ՀՀ կառավարության համաձայնությամբ մինչեւ 10 տարի ժամկետով քաղաքապետարանը կկնքի երկու պայմանագիր՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված եւ ֆիքսված գումարի չափով հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները: Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար:
Երեւանի փողքաղաքապետ Վահե Նիկոյանը երեկ հայտարարեց նաեւ, որ գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն: Նիկոյանը վստահ է, որ ավտոկայանատեղերի տուրքից քաղաքային բյուջե հավաքագրվող գումարները առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն, իսկ դրանից հետո՝ 400 մլն դրամով: Սակայն 2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որեւէ փոփոխություն չի նախատեսվում: Այս թեմայով ավագանու որոշման նախագիծն հանրային քննարկման փուլում է: Այսինքն՝ «պետականացումից» հետո քաղաքացիները ոչինչ չեն շահում՝ ո՛չ տուգանքների նվազման եւ ո՛չ էլ կայանելու համար սահմանված գների մասով: Եւ չնայած սրան՝ փողքաղաքապետը հույսեր ունի, որ բյուջեի մուտքերի ավելացման հաշվին կիրագործվեն տարբեր ծրագրեր: Հավանաբար խոսքը քաղաքի մի հատվածը տարվա մեջ եւս մի քանի անգամ ասֆալտապատելու մասին է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՊԱՏԺԱՉԱՓՆ ԱՎԵԼԱՑՎԵՑ
2015թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ,1974թ. ծնված Արթուր Մկրտումյանը որսորդական հրացանով սպանել էր նույն գյուղի բնակիչ, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին: 2016թ. հունիսի 23-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ավարտին դատավոր Զոյա Զաքինյանը Արթուր Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը) եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Դատաքննության ընթացքում քրեական գործով մեղադրողը դատարանին միջնորդել է ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Դատարանն ամբաստանյալ Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նրա խնամքին անչափահաս 3 երեխա կա, եւ նախկինում նա արատավորված չի եղել: Նաեւ դատարանը Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Ա. Մկրտումյանը սպանության համար իրեն մեղավոր չի համարել, ցուցմունք է տվել այն մասին, որ մեղադրանքի մեջ առկա վկաների ցուցմունքներն իրեն զրպարտում են, այդ օրն ինքը գտնվել է անսթափ, վատ վիճակում, իր հետ «ինչ-որ բան է կատարվել», որի արդյունքում ինքը ոչինչ չի հիշում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել Ա. Մկրտումյանի պաշտպան Աննա Մեջլումյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը: Վերաքննիչ բողոքում Ա. Մեջլումյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Իսկ, ահա, Վ. Զուռնաչյանը վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Արթուր Մկրտումյանի դատավճիռը, վերջինիս արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով եւ նրա նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ:
2016թ. սեպտեմբերի 14-ին քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան) որոշել է ամբաստանյալի պաշտպան Ա. Մեջլումյանի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ տուժողի իրավահաջորդ Ռ. Պապյանի ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն եւ Արթուր Մկրտումյանին դատապարտել 14 տարի ազատազրկման: Վ. Զուռնաչյանը վճռաբեկ բողոք է ներկայացել, որի քննությունը դեռ չի կայացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս