ՎԻՏՐԱԺԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

37-ամյա Մայա Գրիգորյանը, նույն ինքը` Մայա Դալին, ով մասնագիտությամբ նկարիչ-ձեւավորող է, ասում է, որ Երեւանում, բացի իրենից, ուրիշ կին վիտրաժիստ, որը կատարում է մեծածավալ աշխատանքներ, չի ճանաչում: Մայան զուգահեռաբար զբաղվում է ե՛ւ վիտրաժով (զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա` ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից) ե՛ւ ֆյուզինգով (վիտրաժի պատրաստման համեմատաբար նոր տեխնոլոգիա, վառարանում ապակու հալեցման տեխնիկա. ապակիների ջերմային մշակումը ջեռոցում թույլ է տալիս ստեղծել գեղարվեստական ապակիներ օրիգինալ ֆակտուրաներով եւ գամմային մեծ ընտրությամբ): «Ժողովուրդ»-ը Մայայի հետ զրուցել է իր աշխատանքի առանձնահատկությունների մասին:

-Մայա՛, որքա՞ն ժամանակ է, ինչ այս աշխատանքն եք անում: Հայաստանում շա՞տ վիտրաժիստներ կան, մեզ մոտ վիտրաժն ու ֆյուզինգը որքանո՞վ են տարածված:
-Արդեն 5 տարուց ավել է` զբաղվում եմ այս գործով: Ասեմ, որ կատարում եմ ե՛ւ մեծամասշտաբ (աշխատանք` կապված պատուհանների, առաստաղների, ջահերի, նկարների, պաննոների հետ), ե՛ւ փոքրամասշտաբ գործեր (աշխատանք` կապված հուշանվերների, զարդերի հետ): Դրսեւորվելու ոճերը բազմազան են. ստեղծագործում եմ հայկական, եգիպտական, իսպանական, բրիտանական եւ մի շարք այլ ոճերում: Հայաստանում հիմնականում քչերը գիտեն վիտրաժի եւ ֆյուզինգի մասին: Ժողովրդի վճարունակությունն էլ ցածր է: Միջին եւ միջինից ցածր խավերը մեծածավալ գործերի դիմաց չեն կարող վիտրաժիստին վճարել. նրանց համար հասանելի են փոքրածավալ աշխատանքները: Առաստաղի ձեւավորման դեպքում միջին հաշվարկներով 1 ք/մ-ն արժի 100 հազար դրամ: Մարդիկ ասում են՝ բայց ինչո՞ւ այդքան շատ: Ասեմ, որ սա ամենեւին էլ շատ չէ: Հարեւան Վրաստանում այդ նույն ծավալի աշխատանքի դիմաց վճարում են 300 հազար դրամ, Ռուսաստանում` 330-340 հազար դրամ: Ի դեպ, Ռուսաստանում իմ գործերն էլ բավական բարձր են գնահատում: Առհասարակ, դրսում ձեռքի աշխատանքը շատ ավելի բարձր է գնահատվում: Բացի այդ` վիտրաժիստը միայն ստեղծագործական աշխատանքի մասին չէ, որ մտածում է. մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերում աշխատանքին անհրաժեշտ ամենատարբեր նյութերը: Դրանցից շատերը Հայաստանում չկան. պատվիրում ենք Դուբայից, Մոսկվայից, Կիեւից, նյութերն էլ մինչեւ գալիս, մեզ են հասնում, մեծ ծախսեր են պահանջվում: Ինչ վերաբերում է ոլորտի մասնագետներին, ապա ասեմ, որ նրանց թիվը Հայաստանում բավական քիչ է, իսկ կին վիտրաժիստ, որը մեծածավալ աշխատանքներ է անում, որքանով տեղյակ եմ, Երեւանում միայն ես եմ:
-Գիտենք, որ հաճախ ձեւավորում եք մեր օլիգարխների տները: Փորձն ի՞նչ է ցույց տվել` նրանք աչքի ընկնո՞ւմ են իրենց ճաշակով:
-Նրանք բավական մեծ տեղ են տալիս իմ աշխատանքին: Օլիգարխների շրջանում եթե մեկը վիտրաժիստի է դիմում, ակամա մրցակցություն է մտնում, մյուսը մտածում է, որ այսինչից հետ չմնա այդ հարցում, եւ ինքն էլ է դիմում (ծիծաղում է): Նրանք նախընտրում են ամենատարբեր գործեր` դասական ոճից մինչեւ աբստրակտ: Ինչ վերաբերում է օլիգարխների ճաշակին, ճիշտն ասած, այն ինձ այդքան էլ դուր չի գալիս (ծիծաղում է), բայց, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Մի օլիգարխ, օրինակ, կարող է Անգլիայի թանգարաններից մեկում մի վիտրաժ տեսնել, նկարել, հետը բերել, տալ դիզայներին, ասել, որ դրանից է ուզում: Այսինքն` իրենք իրենց միտքը, իրենց տեսակը չունեն, ինչ է թե` էսինչ երկրում էսինչ բանը կա, իրենք էլ են դրանից ուզում:
-Իսկ Դուք Ձեր մասնագիտական կյանքում Ձեզ բավարարված զգո՞ւմ եք: Կա՞ն երեւույթներ, որոնք կցանկանայիք փոխված տեսնել:
-Մի ցավալի բան կա. լայնամասշտաբ գործեր իրականացնելու դեպքում հիմնականում կարեւորվում եւ շեշտվում է ճարտարապետների ու դիզայներների աշխատանքն ու անունը, իսկ վիտրաժիստի անունը չի էլ շոշափվում, նա մնում է անտեսված: Դա արդարացի չէ, այն էլ այն դեպքում, երբ վերջինս ձեռքի հսկայական աշխատանք է կատարում:
-Մայա՛, միայն մասնավոր պատվերներո՞վ եք աշխատում: Պետական պատվերներ չե՞ք ստանում: Իսկ դրսից հրավերներ ունե՞ք:
-Պետպատվերներ՝ ո՛չ, դեռ չեմ ստացել, չեմ էլ կարծում, որ մեր սուղ պետբյուջեի դեպքում հնարավոր է նման բան, առաջիկա 50-70 տարում դժվար էլ հնարավոր լինի: Իսկ դրսից հրավերներ, այո՛, ստանում եմ, դրանք կրկին կապված են օլիգարխների պատվերների հետ:
-Իսկ մենք Հայաստանում վիտրաժի համապատասխան դպրոց ունե՞նք, թե՞ հույսը պետք է դնել ինքնուսուցման վրա:
-Ես, օրինակ, թե՛ վիտրաժը, թե՛ ֆյուզինգը սովորել եմ մասնավոր ստուդիայում, ինքս ստուդիա բացելու շատ մեծ ցանկություն ունեմ: Այս առումով շատ անելիքներ կան: Կարեւորը, որ եկող սերնդի մեջ տեսնում եմ պոտենցիալ, մեր աշխատանքի հանդեպ հետաքրքրվածություն: Շատ շնորհալի երիտասարդներ ու անցնելու երկար ճանապարհ ունենք:
-Որքանով տեղյակ ենք` առաջիկայում արտերկրում սպասվում են Ձեր աշխատանքների ցուցահանդեսները: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, իմ մի շարք աշխատանքներ` զարդեր, նոյեմբերի 23-28-ը կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «Հայկական վերնիսաժ» ցուցահանդեսի ընթացքում, ապա դրանք կցուցադրվեն նաեւ Սոչիում եւ Փարիզում: Իսկ արդեն հաջորդ տարվա ընթացքում պատրաստվում եմ հանդես գալ իմ անհատական ցուցահանդեսով:

 

 

 
ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՐ ԴՌՆԵՐ ԵՆ ԲԱՑՎԵԼ

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը վերջերս է վերադարձել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից, որտեղ մասնակցել է «Miss Intercontinental 2016» գեղեցկության մրցույթին եւ արժանացել «Miss Intercontinental 2016 Biona Beauty» մրցանակին: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հոկտեմբերի 4-ից 25-ը կայացած մրցույթն իր առջեւ բացել է նոր հնարավորություններ: Դրանցից կարեւորը մրցույթի գլխավոր հովանավոր ֆիրմայի հետ (խոսքը մաշկի եւ մազերի խնամքով զբաղվող ընկերության մասին է) համագործակցության մեկնարկն է:

Նույն մրցույթի շրջանակում Լիլիթը ներկայացրել է նաեւ իր խոհարարական ունակություններն ու ստացել հատուկ պատվոգիր: Ժյուրիի կազմում եղել են շեֆ-խոհարարներ աշխարհի տարբեր երկրներից: Իր հաջողությունների մասին Լիլիթը շատ խոսել չի սիրում, միայն առանձնակի շնորհակալություն է հայտնում ընտանիքին` իրեն աջակցելու եւ ոգեւորելու համար:
Մոդելը պատմեց, որ շարունակում է աշխատել «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: «Miss Intercontinental 2016»-ում գրանցած հաջողություններից հետո Լիլիթը հասցրել է ստանալ մի շարք նոր առաջարկներ մրցույթներից եւ մոդելային գործակալություններից. «Նոյեմբերին իմ ֆոտոշարքը կհրապարակվի նյույորքյան «Number 3 magazine» ամսագրում: Ինչ վերաբերում է մրցույթներին, պատրաստվում եմ ներկայանալ 2017-ին կայանալիք մասշտաբային գեղեցկության մրցույթի, սակայն այդ մասին մանրամասներ հայտնելու իրավունք դեռեւս չունեմ»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` ինչ է տալիս Հայաստանին մասնակցությունը տարբեր գեղեցկության մրցույթներին, եւ արդյոք այդ առումով պետության հովանավորության, ուշադրության կարիքը չկա: «Երբ գեղեցկուհուն դրսում դիմում են ոչ թե իր անունով, այլ երկրի, դա պարտավորեցնող է եւ մեծ պատիվ է նրա համար: Այդ մասնակցի միջոցով արտերկրում սկսում են ծանոթանալ Հայաստանին, եւ եթե պետությունը ձգտում է երկրի անունը բարձր պահել բոլոր բնագավառներում, ցանկալի կլիներ, որ այս ոլորտին եւս ուշադրություն դարձվեր: Օրինակ` Վենեսուելայում պետությունը մեծ տեղ է տալիս այս ասպարեզին: Նրանց համար գեղեցկության մրցույթներում հաղթանակներ ունենալը պակաս կարեւոր չէ: Հավատացեք` հայ աղջիկները, համեմատած մյուս երկրների գեղեցկուհիների հետ, բավական ինքնատիպ են, այնպես որ, նրանք հաստատ արժանի են խրախուսանքի եւ ուշադրության: Քանի որ մեր երկիրը երիտասարդ է եւ բոլոր ոլորտներում զարգանալու մեծ պոտենցիալ ունի, կարծում եմ` մի քանի տարի անց իրավիճակը մեր բնագավառում եւս ավելի լավը կլինի»,- հույս հայտնեց Լիլիթը:
Հ. Գ. Հավելենք, որ ծնունդով գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը մի քանի տարի է` զբաղվում է բարեգործությամբ: Այս տարի՝ մինչեւ Ամանոր, նա մտադիր է այցելել Գյումրու տնակային ավաններ եւ աջակցել փոքրիկներին: Նա վստահ է, որ համախմբված գործելու դեպքում այդ երեխաները կրկին կհավատան ամանորյա հրաշքին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նոյեմբերի 18-ին ռեկտորի ընտրություններ էին: Ձայների մեծամասնությամբ ռեկտորի պաշտոնում վերընտրվել է պրոֆեսոր Շահեն Շահինյանը: Հիշեցնենք, որ նա կոնսերվատորիայում նշյալ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից:
Տեղեկացնենք, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ընտրություններն անցկացվում են դռնփակ դահլիճում, ռեկտորին ընտրում է 24 հոգուց կազմված կառավարման խորհուրդը, որի անդամների 25 տոկոսը ներկայացված է կառավարության կողմից, 25-ը` մշակույթի նախարարության, 25-ը` կոնսերվատորիայի աշխատակազմի եւ վերջին 25 տոկոսն էլ` ուսանողների կողմից:

 

 

ՄՈՆՐՈՅԻ ԶԳԵՍՏԸ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որով նա ելույթ է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան տոնակատարությանը եւ 15 հազար հոգանոց հանդիսատեսի առջեւ կատարել է «Happy Birthday to You» հիթային երգը, Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 4,8 միլիոն դոլարով: Գործարքը հինգշաբթի երեկոյան իրականացրել է Julien’s Auctions աճուրդի տունը:
Ֆրանսիացի դիզայներ Ժան Լուիի հեղինակած փայլուն, կիսաթափանցիկ զգեստը Մոնրոն կրել է 1962 թվականի մայիսի 19-ին Նյու Յորքի «Մեդիսոն սքուեր գարդենի» բեմի վրա Քենեդիի 45-ամյակին կազմակերպված տոնական միջոցառմանը:

 

 

ԿՀԱՇՏՎԵ՞Ն
Հայտնի է, որ նախկին ընկերուհիները՝ ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ամերիկացի դերասանուհի, մոդել Պերիս Հիլթոնը, թշնամական հարաբերություններ ունեն: Վերջերս, սակայն, Instagram-ում նրանք իրենց տարօրինակ քայլերով գրավել են երկրպագուների ուշադրությունը: Բանն այն է, որ Քարդաշյանը բաժանորդագրվել է Հիլթոնի ինստագրամյան էջին, իսկ վերջինս էլ իր էջում հրապարակել է Քարդաշյանի հետ համատեղ լուսանկար` հին ու բարի ժամանակներից: Ամերիկյան լրատվամիջոցները շտապել են եզրակացնել, որ առաջիկայում աստղերին հաշտեցում է սպասվում:




Լրահոս