ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱ՞ՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման հարցը: Հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

ՀԾԿՀ-ի երեկվա որոշմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար կսահմանվի 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ տարեկան 139 հազար դրամ, որը նախկինում 146 հազար 700 դրամ էր կազմում: Հանձնաժողովի նոր որոշման համաձայն՝ 10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար կվճարեն սահմանված բանաձեւով՝ մոտավորապես 114 հազար դրամ՝ գործող 122 հազարի փոխարեն:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսությունները նույնպես կօգտվեն գազի նոր սակագնից: Տեղեկացնենք, որ սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից: Ըստ այդմ, նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կսահմանվի 212 դոլարին համարժեք դրամ: Իսկ, ահա, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ջերմոցատերերը ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում հազար խմ-ի համար կվճարեն 139 հազար դրամ: Բայց ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառման դեպքում նրանք սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կվճարեն 242.1 դոլարին համարժեք դրամ:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար նույնպես կգործեն այս սակագները: Նրանց վաճառվող բնական գազի սակագինը սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կկազմի 212 դոլարին համարժեք դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ երեկ կայացրած որոշումը Հայաստանի պահածոյի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի շարք գործարարներ մեծ ոգեւորությամբ են ընդունել: Օրինակ՝ պահածոների եւ բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Թամարա Ֆռուտ»-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԾԿՀ-ի որոշմանը, նկատեց, որ իրենց ընկերությունը դրանից բավականին կշահի: «Եթե այսպես տեւական ժամանակ շարունակվի, ապա ընկերությունը դրանից միմիայն կշահի, հետեւաբար նաեւ՝ սպառողը»,- ներկայացրեց գործարարը: Բանն այն է, որ երբ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների հետ կապված ռուսաստանյան շուկայում անկայունություն ստեղծվեց, շատ արտահանող ընկերություններ բավականին վնասներ կրեցին: Իսկ գազի այս նոր սակագնի հետ կապված նրանք հույս ունեն, որ ինչ-որ չափով այդ կորուստները կվերադարձնեն:
Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ապա նրանք անորոշության մեջ են: Նախ ջերմոցատերերը մեծ վնասներ են կրել նաեւ գազի սակագնի հետ կապ չունեցող պատճառներով (խոսքը ՀՀ ներկրվող թուրքական լոլիկի, վարունգի, պղպեղի եւ սմբուկի մասին է, ինչի պատճառով տեղական արտադրանքը չի վաճառվում), բացի այդ՝ նրանք կասկածում են գազի սակագնի վերաբերյալ ՀԾԿՀ այս որոշման «երկարակեցությանը»: Հայաստանի ջերմոցային ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով. «Հուսանք, որ հանձնաժողովի որոշումը երկար կպահպանվի: Բայց մենք դիմել ենք հանձնաժողով եւ հետաքրքրվել, թե այս որոշման արդյունքում արդյոք ջերմոցային մանր տնտեսությունները կօգտվեն: Այնտեղից մեզ անորոշ պատասխան տվեցին՝ նշելով, որ որոշումը հունվարին մանրամասն կքննարկվի, եւ այդ ժամանակ պարզ կդառնա մանր ջերմոցատերերի ճակատագիրը»:
Մինչ ՀՀ որոշ գործարարներ ոգեւորված են գազի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի որոշումից, մի շարք մասնագետներ նշում են, որ սա կարճատեւ բնույթ է կրելու: Ավելին՝ նրանք կանխատեսում են, որ եթե գազի սակագինը հունվարի 1-ից էժանանա, ապա այն հուլիսի 1-ին կրկին կբարձրանա: Մասնագետների պնդմամբ՝ գազի սակագնի իջեցումն ընդամենը նախընտրական քայլ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
«ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐԸ»

Արարատի մարզի Այնթապ գյուղում բնակվող, նախկինում դատված Սեյրան Կիզողյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. աշնանը նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Արամ Աղասյանի հետ, Երեւան քաղաքի բնակիչ Ժորա Օրդյանին պատկանող, Այգեձոր գյուղում գտնվող առանձնատան նկուղի մետաղյա դուռը երկաթե ձողով բացելով՝ ապօրինի կերպով մուտք են գործել առանձնատան նկուղ եւ այնտեղից գաղտնի հափշտակել 6 լիտր օղի, 40 լիտր տարողությամբ ալյումինե կաթսա, 60 կիլոգրամ պղնձալար՝ Ժ. Օրդյանին պատճառելով զգալի չափերի՝ 100 հազար դրամի նյութական վնաս:

Բացի այդ՝ 2013թ. աշնանը Ս. Կիզողյանը, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Խաչատուր Առաքելյանի հետ հյուրընկալվելով Այգեձոր գյուղի բնակչուհի Էմմա Աղասյանի առանձնատանը, վերջինիս նկուղից գողացել են օղի թորելու պղնձյա սարք՝ իր կափարիչով, եւ էլեկտրական սարք՝ Էմմա Աղասյանին պատճառելով զգալի չափերի՝ 80 հազար դրամի նյութական վնաս: Ս. Կիզողյանին, Ա. Աղասյանին եւ Խ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Գողությունը՝ ուրիշ գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 500 հազար դրամից 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Ս. Կիզողյանի եւ Խ. Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Ա. Աղասյանի նկատմամբ՝ կալանավորումը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է հոկտեմբերի 20-ին: Այդ օրվա եւ նոյեմբերի 1-ի դատական նիստերին Ս. Կիզողյանը չի ներկայացել: Նոյեմբերի 1-ի դատական նիստից առաջ մեղադրող Ներսես Չիլինգարյանը միջնորդել է Ս. Կիզողյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, ամբաստանյալներ Ա. Աղասյանը եւ Խ. Առաքելյանը դրան չեն առարկել: Նոյեմբերի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Ս. Կիզողյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել կալանավորման, վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, գործի վարույթը կասեցնել մինչեւ Կիզողյանի հայտնաբերումը: Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում գրություն է ստացվել, որ հայտնաբերված Ս. Կիզողյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնից նոյեմբերի 10-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳՐՈՎ
Արարատի մարզի բնակիչ Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:16-ին, իրավապահ մարմիններից թաքնվելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու նպատակով 1997թ. օգոստոսի 8-ին ծնված Արթուր Զաքարյանի տվյալներով՝ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրի օգտագործմամբ Բագրատաշենի սահմանային անցակետով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Նախկինում չդատված Խ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը): Այդ հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 100-300 հազար դրամ տուգանքով կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Վերոհիշյալ կեղծ անձնագիրը, որպես քրեական գործով իրեղեն ապացույց, ներկայացված է դատարան: Խ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը ներկայումս շարունակվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

 

ՔՆՆԻՉԸ ՃՆՇԵ՞Լ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից շարունակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը: Նրանք մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: Ամբաստանյալները չեն ընդունում մեղքը՝ հայտարարելով, որ իրականում առեւանգում չի եղել: 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ: Նոյեմբերի 22-ի նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Արտակ Մանուչարյանը: Պետական մեղադրող Ռաֆիկ Երիցյանի միջնորդությամբ դատարանը հրապարակեց Ա. Մանուչարյանի նախաքննական ցուցմունքները, որպեսզի ի հայտ գան դատարանում տված եւ նախաքննական ցուցմունքների հակասությունները: Ա. Մանուչարյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Վահրամ Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում ամեն կերպ իր վրա ճնշում է գործադրել, որպեսզի ինքը որպես ենթադրյալ առեւանգման կազմակերպիչ նշի Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանին: Ուշագրավ է, որ նշված քննիչի կողմից Ա. Մանուչարյանից 2015թ. մարտի 12-ին վերցված ցուցմունքի մեջ նշված է, որ Ա. Մանուչարյանը նախկինում 2 անգամ դատվել է խուլիգանության եւ մարմնական վնասվածք պատճառելու համար: Արտակ Մանուչարյանը դատարանում զարմանք հայտնեց, քանզի ինքը նախկինում դատված չի եղել: Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի պաշտպան, փաստաբան Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ այդ փաստը «քար է գցում» Ա. Մանուչարյանի տվյալ ցուցմունքի արժանահավատության վրա: Սույն քրեական գործով դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 29-ին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս