Ինձ համար կարևոր է հոնորարի չափը, լավ կլինի, որ երգիչներն իրենց «արժեքը» չգցեն. Սոնա Շահգելդյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս երգչուհի Սոնա Շահգելդյանն Ամանորը կդիմավորի բեմում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Նոր տարվա գիշերն աշխատանքային միջավայրում անցկացնելուց հետո կմիանա ամուսնուն եւ փոքրիկ որդուն` տոնն ընտանիքի հետ նշելու համար. «Բալիկս դեկտեմբերին կդառնա մեկ տարեկան: Ու թեեւ որդիս դեռ շատ փոքրիկ է, մտադիր եմ նրա Ամանորը վերածել հեքիաթի, օրինակ` հետաքրքիր թեմատիկ հագուստ հագցնելով»:

10

Երգչուհին նաեւ տեղեկացրեց, որ ծրագրում է ձմռանը մեկնել արտերկիր` հանգստի նպատակով. «Այս տարի ընդհանրապես չեմ հանգստացել, անգամ ամբողջ ամռանն աշխատել եմ: Դեռ հստակ չեմ կողմնորոշվել` որ երկիր կմեկնեմ, բայց բալիկիս հետս չեմ տանի: Կարծում եմ` երբ երեխան շատ փոքր է, մայրիկը ստիպված է լինում զբաղվել նրա խնամքով, եւ հանգստանալ այդպես էլ չի հաջողվում»:
Հարցին, թե ինչ նվեր է ուզում ստանալ Սոնան Ձմեռ պապիկից, երգչուհին պատասխանեց. «Խաղաղություն եմ ուզում, որ պատերազմներ չլինեն: Շատերը փող կուզեին, բայց ես` ոչ. երբեք փողին գերի չեմ դարձել: Իհարկե, կցանկանամ, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով»:

309597_272050136255857_1702672966_n

Անդրադառնալով Սոնայի ստեղծագործական կյանքի նորություններին` կարող ենք ասել, որ արդեն գարնանը նրա երկրպագուներին մի շարք անակնկալներ են սպասվում: Երգչուհին հանդիսատեսի դատին կհանձնի նոր տեսահոլովակ` ժողովրդական երգերի միքսի հիման վրա. «Դա կլինի մշո, սասնա երգերի համադրություն: Ասեմ, որ կենդանի գործիքավորմամբ ժողովրդական երգերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել. դրանք կմատուցվեն նախնական տարբերակներով»,-մանրամասնեց Սոնան:

Գարնանը կթողարկվի նաեւ երգչուհու` թվով երկրորդ ձայնասկավառակը. «15-16 տարբեր ժանրերի երգեր ունեմ, որոնք կցանկանայի հավաքել մի տեղ: Թերեւս ալբոմի անունը հենց «Սոնա» կլինի. այդ առումով դեռեւս հստակ չեմ կողմնորոշվել»,-ասաց Սոնան:

Նա երկրպագուներին խոստացավ, որ հաջորդ տարի հանդես կգա ինչպես ակումբային, այնպես էլ ավելի մասշտաբային համերգներով:

sona-shahgeldyan1-600x337

Ինչ վերաբերում է արտերկրից համերգների հրավերներին, երգչուհին շեշտեց, որ ամեն առաջարկ չէ, որ ընդունում է. «Ինձ համար կարեւոր է հոնորարի չափը: Եթե ինձ արտերկրում առաջարկվի նույնքան գումար, որքան որ ես կարող եմ աշխատել Հայաստանում, իմ այնտեղ մեկնելն իմաստ չունի: Առհասարակ, լավ կլինի, որ երգիչներն իրենց «արժեքը» չգցեն»,-եզրափակեց Սոնան` հավելելով, որ առաջիկայում շրջագայելու է եվրոպական մի քանի երկրներում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս