Արդեն մեկ տարի է` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում էր կայացվել: Փոփոխությունը տեղի էր ունեցել նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով: «Ժողովուրդ»-ը մեկ տարի անց զրուցել է Կ. Դուրգարյանի հետ, հետաքրքրվել է` ինչով է նա այժմ զբաղված, արդյոք այցելում է օպերային թատրոն եւ հետեւում է այնտեղի աշխատանքներին:
-Պարո՛ն Դուրգարյան, որպես հրավիրյալ դիրիժոր` վերջին շրջանում ո՞ր երկրներում եք եղել:
-Եղել եմ Ռուսաստանում, Իսրայելում, Բելգիայում եւ Գերմանիայում:
-Իսկ կողքից հետեւո՞ւմ եք օպերային թատրոնի աշխատանքներին, եթե այո, ի՞նչ կարծիք ունեք դրանց որակի մասին:
-Չեմ կարող որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել, որովհետեւ չգիտեմ, թե այնտեղ ինչ է կատարվում:
-Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի մասին ի՞նչ կասեք:
-Նրան շատ եմ հարգում, վաղուցվանից գիտեմ, շատ լավ անձնավորություն է, բայց չեմ կարող ասել` որպես գեղարվեստական ղեկավար ինչպիսին է. ժամանակ է հարկավոր, որ հասկանանք` ինչ գործունեություն է ծավալում:
-Հայաստանի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:
-Դրանք առնչվում են բարեգործական այն համերգներին, որոնք կազմակերպվում են իմ` Հայաստանում լինելու ժամանակահատվածում: Համերգները կյանքի են կոչվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից (Դուրգարյանը դրա հիմնադիրներից մեկն է, հեղ.): Մենք այցելում ենք Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներ, զորամասեր, ելույթ ենք ունենում այն հանդիսատեսի համար, որը քաղաք գալու հնարավորություն չունի:
-Իսկ օպերային թատրոնի երաժիշտների հետ Ձեր կապը պահո՞ւմ եք:
-Անպայման, թեկուզ նշածս համերգների շրջանակում հանդիպելով: Բացի այդ` ես թատրոնում բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ կապս պահում եմ:
-Նրանց հետ մասնագիտական հարցեր քննարկո՞ւմ եք, փոխադարձ
մտահոգություններով կիսվո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որ նրանք խորհուրդների կարիք ունեն, քանի որ շատ պրոֆեսիոնալ են, իսկ օպերային թատրոնին առնչվող թեմաներով ես ընդհանրապես չեմ զրուցում, չեմ էլ ուզում զրուցել, դրա կարիքը չկա:
-Նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Նրան շատ լավ եմ ճանաչում, գիտեմ որպես բարեկիրթ մարդ: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց կտեսնենք նրա աշխատանքի արդյունքը: Առհասարակ, նորանշանակ նախարարի գործունեության մասին խոսելը դեռ վաղ եմ համարում: Նրա կատարելիք աշխատանքը ցույց կտա` որ ուղղությամբ է ինքը գնում:
-Դուք երկար տարիներ աշխատել եք օպերային թատրոնում, եւ կարծում ենք` քաջատեղյակ եք այնտեղի խնդիրներին: Ի՞նչ եք կարծում` դրանցից որո՞նք են, որ շտապ լուծման կարիք ունեն:
-Շատ խնդիրներ կան` սկսած նոտաների եւ գործիքների հին լինելուց: Դրանք անհրաժեշտ է թարմացնել. մի շարք պրոֆեսիոնալ երաժիշտներ տուժում են այդ խնդրի պատճառով: Բացի այդ` թատրոնում պրոֆեսիոնալ մենեջմենթի պակաս կա, այն մեզ մոտ թերի է, մենք համապատասխան ինստիտուտը չունենք: Ընդհանրապես, այս դաշտը շտկելու համար պետք է լուրջ պրոֆեսիոնալներ դաստիարակենք եւ ուղարկենք դուրս, որտեղ նրանք կկարողանան սովորել` ինչ բան է թատրոն ղեկավարելը:
Ցավոք, խորհրդային տարիներին դա պլանավորված ուղղություն էր, իսկ այսօր համապատասխան կապերը նոր են ստեղծվում, եւ մասնագետների կարիք շատ ունենք: Եվ ամենակարեւոր հարցը` հարկավոր է հասնել նրան, որ տարբեր ուժեր չխափանեն օպերային թատրոնի աշխատանքը, չխանգարեն ու չմիջամտեն դրան, ինչպես որ եղել է մեկ տարի առաջ: Հիմա չգիտեմ` իրավիճակն ինչպիսին է, գուցե չեն խանգարում:
-Եվ վերջում, հետաքրքիր է` Դուք այս մեկ տարվա ընթացքում օպերային թատրոն այցելե՞լ եք:
-Ո՛չ, որովհետեւ իմ համերգային գործունեությունը Հայաստանից դուրս է, ժամանակ էլ չի լինում…
Աննա Բաբաջանյան