Պուշկինո համայնքում բնակիչների մի մասը զրկված է ջրից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Պուշկինո համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքի միայն մի մասն ունի ջրամատակարարում, իսկ մյուս մասը գրեթե ողջ տարին զրկված է խմելու ջրից: Խնդիրը համայնքում նոր չի առաջացել, բնակիչների խոսքով, այն տարիների պատմություն ունի: Խմելու ջրի խնդիը բնակչության մի մասի համար ջրամատակարարման ցանցի բացակայությունն ու վթարված խողովակաշարերն են, ինչի հետևանքով ջուրը ներկայումս անարգել հոսում է գյուղամիջյան ճանապարհներով՝ այն վերածելով իսկական սահադաշտի: Բնակիչներն ասում են, խնդրի հետ կապված բազմիցս են դիմել համայնքի ղեկավարին, մինչդեռ խնդիրը շարունակում է մնալ այնպես, ինչպես որ կա՝ ջրազրկված բնակիչներ, սառցադաշտ հիշեցնող փողոցներ: Ներքին ցանցի մասնակի բացակայության պատճառով ջուրը հասանելի է լինում գյուղի միայն մի հատվածում.

«Վերևի հատվածում ջուրը մարդիկ որ բացում են, մեր տուն մի կաթիլ ջուր չի գալիս, ամեն անգամ մենք պետք է գնանք, վերևի հարևաններին խնդրենք ջուրը չօգտագործեն, որ մեզ ջուր հասնի, ինչի սա որ թիվն է»,- ArmLur.am-ի  հետ զրույցում դժգոհեց տիկին Կարինեն: Տարիներ շարունակ դույլերով վերին հատվածներից ջուր կրող բնակիչներն ասում են, որ ներկայումս դա այլևս անհնար է դարձել, քանի որ գյուղի ճանապարհներն ամբողջությամբ սառցապատված են, ինչի արդյունքում բազմաթիվ վթարներ են արձանագրվում, նաև մարդիկ են կոտրվածքներ ստացել:

Պուշկինո համայնքի Ղեկավար Սուրեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, թե խնդիրը համայնքում 5 տարվա վաղեմություն ունի: Ըստ նրա՝ խնդիրն առաջացել է մոտ 20 օր առաջ: Եղանակային պայմանների պատճառով ջուրը սառել և խողովակը վնասել է: Համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ հարցը մոտ օրերս լուծում կստանա: Համայնքի ղեկավարի վստահեցումներին բնակիչները թերահավատորեն են մոտենում` ասելով, թե իրենք նաև մարզպետարան են դիմել, հարցը ժամանակավոր լուծում է ստացել, սակայն իրենց ուրախությունը կարճ է տևել, պատկերը նորից նույնն է: Ջրի բացակայության հետևանքով լարվածություն է առաջացել նաև բնակչության միջև: Բանը հասել է նրան, որ վերևի ու ներքևի թաղամասերի բնակիչները պարբերաբար վիճում են միմյանց հետ, թե ով այդ օրը ջուր կունենա, ինչն ըստ բնակիչների՝ օրերից մի օր կարող է վերածվել թշնամանքի ու արյունահեղության, եթե օր առաջ խնդրին լուծում չտրվի: Առջևում ցրտաշունչ 3 ամիսներ են:

Տարբերակը, թե խնդրիը կլուծվի գարնանը, բնակիչներին չի գոհացնում: Նրանք առաջարկում են համաձայնության գալ, կամ ժամեր սահմանել համայնքի երկու կետերի համար, կամ այնպես անել, որ կենարար հեղուկը բաշխվի հավասարապես: Նրանք վստահ են, որ եթե համայնքապետը ցանկանա՝ գործը գլուխ կգա: Բնակիչները վստահեցնում են՝ խնդրի վերջնական լուծման համար պատրաստ են նաև իրենք ներդրում ունենալ: Փաստն այն է, որ բնակիչները մի մասը զրկված է խմելու ջրից այն դեպքում, երբ ջուրն անարգել հոսում է գյուղի փողոցներով՝ դառնալով վիճաբանության, լարվածության ու տասնյակ վթարների պատճառ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս