Օրակարգում` դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով: Այդ կապակցությամբ այսօր նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, նախարարության, «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և «Հայ կրթություն» հիմադրամի ներկայացուցիչները:

Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության իրականացումը` ընդգծելով, որ այն նպատակ ունի սովորողներին զինել ձեռնարկատիրական հմտություններով և խթանել նրանց նորարարական մտածելակերպը, վերջիններիս հաղորդել անհրաժեշտ ֆինանսական հմտություններ, ինչպես նաև ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջև 2011 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՀ դպրոցներում իրականացվում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի սովորողների համար» կրթական ծրագիրը: Հաշվի առնելով վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ և «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, և «Հայ կրթություն» հիմադրամն իրենց ծրագրերն իրականացնում են խմբակների դասընթացների ձևաչափով /շուրջ 180 դպրոց/, և այն չի կրում պարտադիր բնույթ, առաջարկ է հնչել պահպանել վերոնշյալ ձևաչափը` միաժամանակ ներկայացնելով համատեղ ծրագիր` դասընթացը որպես պարտադիր բաղկացուցիչ կրթական ծրագրերում ներառելու նպատակով:

Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և Բանկերի ասոցիացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիները` լրացուցիչ կրթական ծրագրերում ներդրումներ անելու և երիտասարդ սերնդի հետ ակտիվորեն աշխատելու համատեքստում: Աշխատանքային խումբը քննարկել է նաև համապատասխան ձեռնարկների մշակման և այլ ընթացիկ հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկշաբաթյա ժամկետում կազմել գործողությունների հստակ ժամանակացույց` ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:




Լրահոս