ԵՏՄ կազմում ՀՀ-ի ցուցանիշներն են ամենավատթարը, միմիայն այդ կառույցում ՀՀ շահերը ներկայացնող պաշտոնյաների թերացումն է՝ Տ. Սարգսյանի գլխավորությամբ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ-ում աղոտ սպասելիքներ առաջացան, որ նա որոշ քայլեր կձեռնարկի այդ միությունում ՀՀ-ի դիրքերի առաջխաղացման համար: Շուտով կլրանա Տ. Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին, սակայն որեւէ տեսանելի դրական փոփոխություն չկա:

Եթե ԵՏՄ-ին անդամակցության առաջին տարում որպես արդարացում նշում էին, թե կանոնակարգերը դեռ նույնականացման փուլում են, ապա արդեն հաջորդող տարվա ընթացքում այլեւս ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ԵՏՄ-ից որեւէ օգուտ չի տեսել եւ դժվար էլ տեսնի, որքան էլ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարի, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ ՀՆԱ-ն աճել է ամբողջ 10 տոկոսով:

Այո՛, ՌԴ-ի տնտեսությունն անկում է ապրում, այո՛, համաշխարհային տնտեսական միտումներն ընդհանուր առմամբ բացասական են, սակայն այն, որ ԵՏՄ կազմում հենց ՀՀ-ի ցուցանիշներն են ամենավատթարը, միմիայն այդ կառույցում ՀՀ շահերը ներկայացնող պաշտոնյաների թերացումն է՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: «Ժողովուրդը» պարբերաբար ներկայացնում է հայ գործարարների բողոքները՝ սկսած գինեգործներից, որոնց պնդմամբ՝ ՌԴ պատկան մարմինները անազնիվ մրցակցային քաղաքականություն են վարում՝ հօգուտ ռուսական արտադրանքի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներից, որոնց ապրանքանիշերը կրկնօրինակվում են ռուսական ընկերությունների կողմից, ավարտած ձկնարտադրողներով, որոնց խոչընդոտելու հարցում առհասարակ ՌԴ պատկան մարմինները ձեւականությունների հետեւից չեն ընկնում:

Այս ամենի մասին հայ գործարարները ամիսներ ի վեր բարձրաձայնում են, սակայն աստղաբաշխական աշխատավարձեր ստացող հայաստանցի եվրատնտեսական պաշտոնյաները մատը մատին չեն տալիս: Արդյունքում՝ ունենում ենք այսպիսի պատկեր. 2013-ին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015թ.՝ մոտ 244 մլնի: 2013-ին Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլնի: Նույն թվին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին՝ 4 մլնի: Իսկ Ղրղզստան, մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, արտահանվել է 1 միլիոն դոլարի ապրանք, մինչդեռ արդեն 2015-ին՝ ընդամենը 370 հազար դոլարի:

Դե, իսկ Վերին Լարսի անցակետում հայ արտահանողների համար ամիսներ առաջ խոստացված «կանաչ միջանցքը» այդպես էլ չդարձավ իրականություն: ԵՏՄ անդամ հայաստանցի փոխադրողները ՌԴ մտնելիս անցնում են նույն քաշքշուկների միջով, ինչպես թուրքերը կամ ադրբեջանցիները:

Ահա այսպիսին է Տ. Սարգսյանի ղեկավարած կառույցում մեր երկրի «ձեռքբերումների» պատկերը: Մինչդեռ երեկ Տ. Սարգսյանին ընդունած Սերժ Սարգսյանը փորձում էր ինքնասփոփվել՝ ասելով, թե «մեր քաղաքացիների վերաբերմունքը ԵՏՄ-ին դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ, բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»:




Լրահոս