Մենաշնորհի դեմ խոսում են, բայց պայքարում ընտրովի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ եւ պատասխանատու աշխատանք»,- երեկ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած ընդունելության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Համապատասխանո՞ւմ են արդյոք այս խոսքերն իրականությանը, իհարկե, ոչ: Համենայն դեպս, ԶԼՄ ներկայացուցիչները միանշանակ կփաստեն, որ այս դաշտում, ինչպես տնտեսության շատ ճյուղերում, բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհն է կամ գերիշխող դիրքը: Նպատակն էլ իրականում լրատվամիջոցներին ֆինանսական կախվածության մեջ գցելով՝ անկախությունը վերահսկելն է:

Իհարկե, մենաշնորհի դեմ պայքարելու բարձրագոչ հայտարարություններ արել են բոլոր կառավարությունները, սակայն իրականության մեջ ոչինչ չի փոխվել: Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերի 15-ին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձրացրել էր գովազդային մենաշնորհների հարցը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ էր սկսել, սակայն պարզեցինք՝ ուսումնասիրությունները կասեցվել են, հիմնավորումն այն է, թե փաստեր չկան:

Դե, իհարկե: Արտակ Շաբոյանի հանձնաժողովը չէր էլ կարող փաստեր ունենալ մի ոլորտի շուրջ, որտեղ գերիշխող դիրք ունի Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Նա փաստացի ունի մի ընկերություն, որը գովազդատուների առջեւ, ըստ էության, պայման է դնում՝ կա՛մ մեզ եք գովազդ տալիս` մի քանի հեռուստաընկերություն, ռադիո եւ կայքեր, կա՛մ ուրիշներին: Շատ գործարարներ, նաեւ վախի գործոնով պայմանավորված, նախընտրում են փեսայի ծառայությունները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս