ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Ձեր ուշադրությանը ներկայացնել անցնող տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները:
10. ՀՖՖ-ն իրավունք ստացավ հյուրընկալել Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում:
Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ավարտվել էր Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության որակավորման փուլի մրցաշարը, երբ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Սա մեծ հաջողություն է և աննախադեպ իրադարձություն հայկական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ անկախացումից հետո Հայաստանում այս մասշտաբի միջոցառում երբեք չի անցկացվել:
Մրցույթին Հայաստանի հետ միասին մասնակցում էին եվրոպական ևս 15 պետություն, որոնց թվում կային այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նիդեռլանդները, Շոտլանդիան, Շվեդիան, Իռլանդիան։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդեացիայի կողմից տարվել էին անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ մրցութային գործընթացին արժանվույնս պատրաստվելու և պատշաճ փաթեթ ներկայացնելու համար։ Այն պետք է ներառեր մարզադաշտերի և հյուրանոցների՝ մրցունակ ու պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան տարբերակներ, ինչպես նաև հստակ երաշխիքներ մրցաշարի բարձրակարգ կազմակերպման վերաբերյալ։ Պատահական չէ, որ ՈՒԵՖԱ-ն այդ բարձր մակարդակի մրցաշարի անցկացումը վստահեց հենց Հայաստանին: