ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ԳԱՆՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտան «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքները, որոնք պետք է ուղղված լինեին Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրմանը:

Այդ օրերին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները կարող են ձեռք բերել նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ Հայաստանի տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, նաեւ կենսաչափական տվյալներով անձնագիր:
Սահմանված էր, որ այդ փաստաթղթերն ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը, այսինքն՝ կամավոր է: Սակայն այդ «ժողովրդավար» սահմանումը տեւեց ընդամենը երկու տարի: «Նույնականացման քարտերի մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը 2013թ-ի դեկտեմբերի 28-ին փոփոխության ենթարկվեց. 2014թ հունվարից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր տրվում էր կենսաչափական անձնագիր: Դրան զուգահեռ ներդրվեց նաեւ նույնականացման կամ ID քարտերի կիրառումը:
Այսպիսով՝ քաղաքացիները 2014 թ. հունվարից կարող էին ստանալ միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր՝ վճարելով 25.000 դրամ, իսկ նույնականացման քարտի համար՝ 3000 դրամ, ընդհանուր առմամբ պարտադրաբար գանձվում էր 28.000 դրամ: Ոլորտի պատասխանատուներն այդժամ հայտարարում էին, որ երկիրը շահագրգիռ էր այդ համակարգի ներդրմամբ, քանի որ այն հնարավորություն էր տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Եվրամիության անդամ պետությունների տարածք մուտք գործելիս ունենալ մուտքի վիզայի ավելի թեթեւացված ռեժիմ: Այս համակարգը քաղաքացու ազատ տեղաշարժվելու հնարավորությունը պետք է ավելի ընդլայներ:
Չանցած 3 տարի ՀՀ կառավարությունը օրենքում կրկին փոփոխություն կատարեց: 2016թ. օգոստոսի 6-ին կատարված փոփոխություններով թույլատրվեց ստանալ հին նմուշի անձնագիր, կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու պարտադիր պահանջը հանվեց: Չնայած ՀՀ ոստիկանության հավաստիացումներին, որ այդ փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը կասեցվել է ժամանակավորապես, այնուամենայնիվ, մինչ օրս կենսաչափական անձնագրեր ձեռք բերած քաղաքացիները հայտնվել են հիմար վիճակում: Պարտադիր պահանջով ձեռք բերված կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներ կան, որ ունեն նաեւ հին նմուշի անձնագիր:
Ի՞նչ է ստացվում՝ 28.000 դրամով ձեռք բերված փաստաթղթերն այս պահին քաղաքացիներին անհրաժեշտ չեն եւ սահմանը հատելու համար իրենց մոտ կարող են ունենալ նաեւ հին նմուշի անձնագիրը: Այսինքն` քաղաքացիներից անիմաստ գանձվեց 28.000-ական դրամ: Բայց սա դեռեւս հարցի մի կողմն է:
Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարել էր, որ օրենքում փոփոխության հիմնական խնդիրը Սահմանադրական դատարանի որոշումն էր: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ Սահմանադրական դատարանը այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական: Կրոնական համոզմունքներից ելնելով` մարդիկ կային, որոնք չէին ցանկանում ստանալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր Բիչախչյանը:
Ինչ է ստացվում՝ մոտ երեք տարի հակասահմանադրական օրենքի պահանջներով քաղաքացիներից յուրաքանչյուրից գանձվել է 28.000 դրամ, հետո պետական մակարդակով հասկացան, որ հակասահմանադրական պահա՞նջ էր:
«ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե մինչ այս պահը քանի հոգու է տրամադրվել բիոմետրիկ անձնագիր եւ նույնականացման քարտ: Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների` բիոմետրիկ անձնագիր ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ նույնականացման քարտ` 725 հազար հոգի: Եթե այս տվյալները վերածենք գումարի, ապա կստացվի, որ բիոմետրիկ անձնագիր տրամադրելու դիմաց ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներից ստացել է 7 մլրդ 100 մլն դրամ, իսկ նույնականացման քարտերի դիմաց` 2 մլրդ 175 մլն դրամ, ընդհանուր առմամբ` 9 մլրդ 275 մլն դրամ: Ասել է թե՝ հակասահմանադրական այդ օրենքով ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից ընդհանուր առմամբ գանձել է 9 մլրդ 275 մլն դրամ պարտադրաբար:
ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով ներդրվեց այսօր արդեն անպիտան այդ համակարգը. դրամաշնո՞րհ էր, թե՞ պետբյուջեի միջոցներն էին: Ի պատասխան մեր հարցմանը` ոստիկանությունից տեղեկացրին. «Համակարգի գործարկման համար օտարերկրյա, այդ թվում նաեւ որեւէ ներդրումներ չեն կատարվել, եւ նախնական վճար չի արվել: Մրցույթի պայման հանդիսացել է հետվճարային եղանակը, այսինքն՝ սպասարկել համակարգը եւ իրացված փաստաթղթերից ստացված գումարներից վճարել պայմանագրի գինը, որի համար սահմանված է եղել ժամանակացույց»:
Նշենք, որ Հայաստանում ID քարտերի եւ կենսաչափական անձնագրերի համակարգի գործարկման, փաստաթղթերի տպագրման աշխատանքների կազմակերպման եւ ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել էր լեհական PWPW S.A ընկերությունը, որի հետ կառավարության անունից պայմանագիր էր կնքել ոստիկանությունը։

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ՝ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

Ինչպես հայտնի է՝ այս գարնանն ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 16-ից, ինչը մեծ խուճապ է առաջացրել դեղերի արտադրությամբ, վաճառքով եւ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ: Նրանք վստահ են, որ նոր օրենքի ընդունումը առաջիկայում կհանգեցնի դեղերի գների թանկացմանը:

Ներկայացնենք «Դեղերի մասին» ՀՀ օրենքում որոշ կետեր: Օրինակ՝ բոլոր դեղատները՝ առանձին-առանձին, պետք է անցնեն վերալիցենզավորման գործընթաց ու այդ ընթացքում չեն կարող դեղ վաճառել: Իսկ վերալիցենզավորման գործընթացն առնվազն մեկ ամիս է տեւում: Ոլորտին քաջատեղյակների համոզմամբ՝ օրենքի այս կետի կիրառման արդյունքում դեղատների գործունեության դադարեցումն անխուսափելի կլինի: Իսկ այն դեղատները, որոնք մանրածախ առեւտրի նպատակով դեղերը ներմուծում են նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նրանց արգելվելու է միաժամանակ զբաղվել թե՛ ներմուծմամբ, թե՛ մանրածախ առեւտրով: Նոր օրենքով լիցենզիա տալու համար նաեւ սահմանվել են պահպանման ու տեղափոխման չհիմնավորված խիստ հատուկ պայմաններ, որոնք այդ դեղատները չեն կարող ապահովել: Մասնագետների պնդմամբ՝ նոր օրենքով կսահմանափակվի նաեւ դեղերի զուգահեռ ներկրումը: Այսինքն՝ եթե մինչեւ հիմա հնարավոր էր նույն դեղորայքը ներկրել Ռուսաստանից, որտեղ այն մի քանի անգամ ավելի էժան է, քան ուղիղ արտադրողից ներմուծելու դեպքում, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ եղանակով դեղերի ներկրումը անհնար կլինի:
Տեղեկացնենք, որ «Վագա-ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը դեմ է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին: Ըստ նրա՝ նոր օրենքով եթե դեղի գրանցման իրավատիրոջ ուղարկած ապրանքի ներդիր թերթիկն անէական տարբերություն ունի գրանցված տարբերակից, կամ եթե ներկրված որեւէ դեղի տուփի վրա առկա է նույնիսկ դիզայնի աննշան տարբերություն, որը համաձայնեցված չէ դեղգործակալության հետ, ապա այդ դեղի բոլոր խմբաքանակների իրացումը պետք է կասեցվի: Նույնիսկ այն խմբաքանակների, որոնք գրանցված նմուշի հետ բացարձակ նույնական են եղել եւ ներկրվել են առողջապահության նախարարության օրինական թույլտվությամբ: Իրենք իրավունք չունեն վաճառելու այն, թեեւ ներմուծել են օրինական ճանապարհով: Ավելին՝ կասեցված դեղի ավելի քան 30 տուփի պահպանումը, համաձայն վարչական իրավախախտումների մասին դրույթի, սահմանում է մեկ մլն դրամի չափով տուգանք:
Մի խոսքով, ոլորտի համար չարաբաստիկ օրենք է ուժի մեջ մտել, որի մասին հնչող դժգոհություններին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անհաղորդ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ
Դատական փորձաքննությունների եզրակացությունները կարեւոր են՝ կատարված դեպքի մասին օբյեկտիվ, ստույգ տեղեկատվություն ստանալու, քրեական արարքը ճիշտ որակելու համար: Սակայն բազմաթիվ քրեական գործերով նշանակված դատական փորձաքննությունների եզրակացություններն ամիսներով ուշանում են՝ ձգձգելով քննությունների ընթացքը: 2016թ. հունիսի 24-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, Վերին Կարմիրաղբյուրում վերաբնակված 17-ամյա Աստղիկ Հանիսյանին, ով Բերդի ԲԿ-ում մահացել էր: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեջլումյանը հայտնեց, որ դեռեւս չեն ստացվել նշանակված դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները: Մինչդեռ նկատենք՝ Ա. Խոջոյանի վերաբերյալ դատական փորձաքննությունները նշանակվել են այս տարվա հուլիսին՝ ավելի քան կես տարի առաջ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատական փորձաքննությունների եզրակացությունների՝ ամիսներով ուշանալը սովորական երեւույթ է: Պատճառը դատական փորձաքննությունների կենտրոնում գործերի կուտակումն է: Վաղուց է խոսվում Վանաձոր քաղաքում նման 2-րդ կենտրոն ստեղծելու անհրաժեշտության մասին: Դատական փորձաքննությունների այդ կենտրոնը կսպասարկեր ՀՀ-ի հյուսիսային շրջանները: Առայժմ, սակայն, այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվում:

 

 

ՆՈՐՈԳՄԱՆ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ
Նախորդ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում՝ 2013թ. հունվարի 26-ին, Սերժ Սարգսյանը այցելել էր Գոշավանք: Նրան ներկայացվել էր 12-13-րդ դդ նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: Արդյունքում՝ 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող Սբ. Աստվածածին եկեղեցու նորոգումը: Սակայն պետական բյուջեից նորոգման ֆինանսավորումը մաս-մաս է կատարվում, ինչը չի նպաստում վերանորոգման արդյունավետությանը: Գոշ համայնքի նախկին ղեկավար, Գոշում Դիլիջան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Ամիրխանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ այս տարվա գարնանը վերսկսվել են վանական համալիրի նորոգման աշխատանքները, որոնք տեւել են մինչեւ ուշ աշուն: Նրա վկայությամբ՝ Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթից զատ՝ փոխվել են այդ եկեղեցու գմբեթից ներքեւ գտնվող 2 ծածկերը: Վերականգնողական աշխատանքները դանդաղ են կատարվում ոչ միայն այն պատճառով, որ դա նուրբ, ժամանակատար գործ է, այլեւ պետական բյուջեից մաս-մաս ֆինանսավորման հետեւանքով: Դժվար է ասել, թե նման ֆինանսավորման դեպքում վանական համալիրի նորոգումը քանի տարի կտեւի: Գ. Ալիխանյանը հայտնեց, որ Մխիթար Գոշի մատուռը վերականգնված է, տարածքը՝ բարեկարգված, սակայն մատուռի շրջակայքում դեռեւս որոշ աշխատանքներ կան: Հավելենք, որ 2013թ. Գոշավանք պատմարգելանոցային թանգարանի 300 ցուցանմուշներ հանվեցին թանգարանի փայտաշեն շենքից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք՝ մասնավոր մի կառույցի նկուղ, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս