ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կընդունի էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում: ՀԾԿՀ որոշումը ուժի մեջ կմտնի 2017 թվականի փետրվարի 1-ից: Ըստ այդմ, բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով:

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի սկզբին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովը որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի արդյունքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի նվազում: ՀԾԿՀ-ն բոլոր ընկերություններին ուղարկել էր համապատասխան գրություն՝ տեղեկացնելով, որ սկսել է սակագինը վերանայելու գործընթաց եւ խնդրել իրենց ներկայացնել բոլոր խնդիրները՝ հաշվարկ կատարելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել էր 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումն ընդունվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 24-ի նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստին որոշում կկայացնի էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու վերաբերյալ: Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները կլինեն հետեւյալը՝ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 33.48 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ գիշերային սակագինը` 29.48 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Տեղեկացնենք, որ 110 ԿՎ լարմամբ սպառողները հիմնականում խոշոր արտադրական ձեռնարկություններն են: Իսկ օգոստոսի 1-ին, երբ ՀԾԿՀ որոշմամբ էլէներգիայի սակագինը նվազեց, 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանվել էր 34,7 դրամ, գիշերայինը՝ 30,7 դրամ: Ստացվում է, որ փետրվարի 1-ից խոշոր արտադրական ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագինը կնվազի 1.22 դրամով: Ըստ ՀԾԿՀ որոշման՝ 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար նույնպես էլեկտրական էներգիայի սակագինը 1.22 դրամով կնվազի. ցերեկայինը կսահմանվի 35.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 31.98 դրամ/կՎտժ: 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 41.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 31.98 դրամ/կՎտժ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագինը կդառնա 44.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 34.98 դրամ/կՎտ: Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար գործող ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար նվազեցվել էր մինչեւ 46,2 դրամ, գիշերայինը՝ 36,2 դրամ: Իսկ 2017 թվականի փետրվարի 1-ից այն կսահմանվի 44.98 դրամ: ՀՀ կառավարության՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ:
Եթե պարզ հաշվարկ կատարենք, ապա կհամոզվենք, որ էլէներգիայի սակագնի նվազման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումն ուղղակի խեղկատակություն է: Մեր հանրապետությունում սոցիալապես անապահով պայմաններում ապրող քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագինը 1.22 դրամով նվազեցնելը բավականին անլուրջ է: Եւս մեկ անգամ հաստատվում է այն պնդումը, որ այս ամենը նախընտրական նպատակ ունի, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները կրկին բարձրանան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Դեկտեմբերի 15-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորում «Վիպ Մարկետ» խանութի պայթեցումն անմիջական կապ ունի նույն օրը րոպեների տարբերությամբ տեղի ունեցած 27-ամյա Դավիթ Քոչարյանի սպանության փորձի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խանութի պայթեցումը վրեժխնդրության արդյունք է, որը երկար տարիների պատմություն ունի: Քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Դ. Քոչարյանը գիշերը պայթեցրել է խանութը, ինչից հետո խանութի տերերը հետապնդել են նրան ու կրակել խանութից մի քանի մետր հեռավորության վրա՝ այն նույն վայրում, որտեղ 2008թ. Դ. Քոչարյանը հրազենով մարդ էր սպանել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ առաջինը կրակել են Դավիթի վրա, ում հարազատներն էլ հենց պայթեցրել են խանութը: Վանաձորում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Դավիթ Քոչարյանը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի նախկին տեղակալ Կորյուն Քոչարյանի որդին է, ով դեռեւս 2008թ. նոյեմբերի 24-ին իր պապին պատկանող ավտոմեքենայով հետապնդել էր 23-ամյա Վահան Թոփալքարաջյանին եւ Ուսանողական փողոցի վրա ավտոմեքենայից 1,5մ հեռավորությունից կրակել վերջինիս վրա: Սակայն չբավարարվելով այդքանով՝ դուրս էր եկել ավտոմեքենայից եւ եւս 3 անգամ կրակել նրա մարմնին ու գլխին, ապա նույն ավտոմեքենայով դիմել փախուստի: Դեպքից հետո արդեն տեղեկություններ տարածվեցին, որ նա այդ քայլին է դիմել վրեժխնդրությունից ելնելով, քանի որ 23-ամյա Վահանը նախկինում նրան մի քանի անգամ ծեծել էր: Դ. Քոչարյանը սպանված Վահանի հետ ծանոթացել էր ՀՊՃՀ-ի՝ Վանաձորի մասնաճյուղում ուսանելու տարիներին: Դ. Քոչարյանը, մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի առաջին մասով, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա վերջերս էր ազատ արձակվել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված Վ. Թոփալքարաջյանը եղել է «Վիպ Մարկետ» խանութի տնօրենի մտերիմ ընկերը: Թաղամասի բնակիչները մինչ օրս, Վահանի մասին խոսելիս, նրան բնութագրում են որպես հավասարակշիռ եւ դաստիարակված երիտասարդի: Ի դեպ, պայթեցված խանութ-սրահի տնօրինությանը եւս թաղամասի բնակիչները դրական են բնութագրում այնքան, որ պայթեցման օրն արդեն աջակցություն էին ցուցաբերում սեփականատերերին առեւտուր անելու եւ վնասի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Թե՛ խանութի պայթեցման, թե՛ Դավիթ Քոչարյանի վրա կրակելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Երկու դեպքով էլ որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ: Վանաձորցիները կարծում են, որ տարիներով եկած վրեժխնդրությունը դեռ շարունակություն է ունենալու:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լոռի

 

 

 

ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ ՀՀ բանկերը 2016թ. հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 2 մլն 460 հազար 143 հաճախորդ, որոնցից 79.189-ը իրավաբանական անձինք են, իսկ 2 մլն 380 հազար 954-ը՝ ֆիզիկական անձինք: Տարվա սկզբի համեմատ՝ բանկերի հաճախորդների թիվն ավելացել է 133.3 հազարով: Բանկերի հաճախորդները հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 866 հազար 700 վարկային եւ 192 հազար 248 ավանդային հաշիվ:

 

 

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ Է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա ավտոճանապարհները: Աշտարակ-Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Սիսիան-Կապան եւ Տավուշի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 377 կուտակված բեռնատարներ:




Լրահոս