«ԻՔՍ ՖԱԿՏՈՐԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԱԵՎ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երաժշտական ծրագրերի, «Իքս ֆակտորի», 6/8 չափի երգերին երկրորդ կյանք հաղորդելու, հանրային անձ լինելու դժվարության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է երաժիշտ, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանի հետ:

-Գարի՛կ, քանի որ ծնվել եք Գյումրիում, հետաքրքիր է` հայրաքաղաքի հետ կապը պահո՞ւմ եք: Ինչպե՞ս են Ձեզ այնտեղ ընդունում հայտնի դառնալուց հետո:
-Ասեմ, որ կիսով չափ եմ գյումրեցի` մայրական կողմից: Գյումրու հետ իմ կապը երբեւէ չի ընդհատվել, ավելին` այս ոլորտն ընտրելուց հետո մի բան էլ ամրապնդվել է: Այդ քաղաքի հետ ինձ կապում են ոչ միայն բարեկամներս, այլեւ հանդիսատեսը: Երբ այնտեղ ներկայանում եմ համերգներով, զգում եմ մարդկանց ջերմությունը. ինչպես ասում են` արյունը կանչում է:
-2011-ին ստեղծեցիք «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը: Նշել եք, որ նպատակ ունեք ձեւավորել ռոք սերունդ, ոգեւորել սկսնակ ռոք երաժիշտներին, հնարավորություն տալ նրանց` զարգացնելու երաժշտական այդ ուղղությունը: Ստացվո՞ւմ է:
-Այո՛, տարիներ առաջ էր, որ սկսեցի հանդես գալ որպես պրոդյուսեր երիտասարդների համար, օգնեցի ձայնագրել երգեր, ապահովել դրանց շրջանառությունը, որպեսզի դաշտում որոշակի ոգեւորություն մտնի: Այդ ամենը աստիճանաբար վերածվեց կենսակերպի եւ իր դրսեւորումներն ունեցավ նաեւ «Իքս ֆակտորում»: Նախագծի շրջանակում հանդես եկող խմբերի երգերին երբեմն հաղորդում ենք ռոքային էլեմենտներ: Իսկ եթե խմբերն արդեն իսկ ռոքային են, դրանց անդամների հետ կիսվում եմ իմ փորձով: Այսինքն` Ձեր նշած գաղափարի ներքո շարունակում եմ գործունեությունս, բայց դրա անունն առանձնապես չեմ տալիս, փոխարենը համերգներիս միջոցով անուղղակիորեն առաջ եմ քաշում այն:
-Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ վերջին շրջանում պարբերաբար կյանքի եք կոչում մի շարք երգեր, այդ թվում` 6/8 չափի: Նորովի կատարելով արդեն հայտնի գործերը` երկրորդ կյանք եք հաղորդում դրանց: Այդ երգերի նախնական տարբերակների կատարողները եւ 6/8-ի սիրահարները ինչպե՞ս են արձագանքում դրան:
-Անկեղծ ասած` այդ առիթով բացասական արձագանք դեռ չեմ լսել: Նույնիսկ այդ երգերի որոշ կատարողներ եւ հեղինակներ խնդրել են, որ մեր աշխատանքի ներքո նշվեն իրենց անունները: Մենք հաճույքով այդպես էլ արել ենք: Ի վերջո, եթե չլինեին այդ երգերի նախնական տարբերակները, մեր ստեղծածն էլ չէր լինի: Միշտ ասել եմ, որ այդ սկզբնական տարբերակները չեմ կարողանում լսել, բայց այդ երգերի մեջ տեսել եմ մի բան, որը այլ կերպ մատուցելու դեպքում ոչ միայն ես, այլեւ մի խումբ մարդիկ հաճույքով լսում են դրանք:
-«Իքս ֆակտորի» ժյուրիի մասին (Գարիկ Պապոյանը եւս ժյուրիի կազմում է, հեղ.) հնչել են բազմաթիվ քննադատություններ: Շրջանառվում է կարծիք, որ ժյուրին հաճախ ծաղրում է վատ երգող մասնակիցներին: Եթե հաշվի առնենք, որ մասնակիցները մինչեւ բեմում հայտնվելն անցնում են փակ լսումների փուլ, հարց է ծագում` ինչո՞ւ են համապատասխան մասնագետները ակնհայտ վատ երգողներին արենա տրամադրում, արդյո՞ք հնարավոր չէ կանխել նրանց մուտքը բեմ եւ եթեր:
-Միանշանակ հնարավոր է, ուղղակի շոուի ֆորմատի ստեղծողներն են պնդում, որ պետք է բեմ բարձրանան նաեւ մարդիկ, որոնք իրենց բնույթով սկանդալային են եւ տարբերվող, կարող են աժիոտաժ առաջացնել: Այդ կերպ հնարավոր է լինում ապահովել շոուի վարկանիշը: «Իքս ֆակտոր»-ի ֆորմատը Հայաստանում չի հորինվել, եւ մենք այդ ֆորմատը տեղայնացնելիս չենք կարող մրցույթի որոշակի օրենքներ շրջանցել եւ վերցնել այն, ինչ մեզ է դուր գալիս:
-Այդ դեպքում պետք է հասկանանք` ով է սկանդալային մասնակիցը: Ի՞նչ նկատի ունեք:
-Նայած` որ մասնակիցների մասին ենք խոսում: Մենք ունեցել ենք, օրինակ, տարեց մասնակիցներ, որոնք ո՛չ երաժշտական մասով են մրցակցային եղել, ո՛չ էլ սկանդալային բնույթ են ունեցել, բայց եղել են յուրահատուկ, տարբերվող: Այդ մարդիկ ապահովում են, այսպես ասած, շոուի սոուսը:
-Ձեր կնոջ` Մարիաննայի հետ (նա եւս ժամանակին մասնակցություն է ունեցել «Իքս ֆակտորին», հեղ.) դուետով հանդես գալու մտադրություն չունե՞ք: Որքան գիտեմ` ձեր երաժշտական ճաշակները համընկնում են:
-Երբ 2015-ին «Genealogy»-ն պատրաստվում էր ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, մի քանի երգահաններ, այդ թվում` ես, գրեցինք Ցեղասպանությանը նվիրված երգեր: Ու թեեւ իմ գործը չընտրվեց, անպայման ցանկացա ներկայացնել այն: Երգը կոչվում է «A war for peace», ասեմ, որ շատ մոտ է իմ հոգուն: Երգը կատարեցի, ձայնագրեցի հենց Մարիաննայի հետ:
-Գարի՛կ, ըստ Ձեզ` հումորը ո՞ր դեպքում կարող է օգնել եւ որ դեպքում խանգարել տղամարդ-կին հարաբերություններին:
-Սերը կարելի է արտահայտել տարբեր կերպ` աչքերով, նվերի միջոցով, լռելով, նաեւ հումոր անելով: Բաներ կան, որ եթե լուրջ ասես, կարող ես վիրավորել, այդ դեպքում, միանշանակ, օգնության է հասնում հումորը:
-Հետաքրքիր է` Ձեր կարծիքով` հանրային դեմք լինելու ամենամեծ դժվարությունը ո՞րն է:
-Օրինակ` նոր նախագիծ ներկայացնելիս մինչեւ դրա` հանդիսատեսի դատին հանձնելը հաճախ դժվարին փուլ եմ անցնում, քանի որ հարկավոր է ապացուցել, որ առաջարկածս տարբերակն աշխատող է: Կամ կարող է նախագիծը եթերում լինել, հսկայական աշխատանք կատարեմ, եւ մի պահ ընդամենը հանդիսատեսը կամ հեռուստադիտողը սխալ հասկանա ինձ, եւ բոլոր ջանքերս ջուրն ընկնեն, հայտնվեմ անհասկանալի վիճակում: Կարծում եմ` բոլորի կյանքում էլ լինում են նման պահեր: Նաեւ ընկնել-բարձրանալու մեջ է կյանքի իմաստը: Իսկ, առհասարակ, լինել հանրային մարդ Հայաստանում եւ որեւէ մեծ երկրում շատ տարբեր բաներ են: Մեծ երկրներում ճանաչված, սիրված մեկը, օրինակ, համերգից հետո կարող է իրեն թույլ տալ մեկնել Հավայան կղզիներ` հանգստանալու, իսկ մենք նստում ենք մեքենան եւ վերադառնում տուն: Փոխարենը հանրային մարդու կյանքի «համը» զգում ենք լարվածության, անիմաստ կերպով ուշադրության կենտրոնում հայտնվելու տեսքով: Հայտնի լինելու պլյուսներն ու մինուսները ակտիվ կերպով արտացոլվում են իմ առօրյայում, ես դրանք լավ եմ զգում: Գիտեք, օրինակ` միշտ չէ, որ ես հանրային մարդու դեմքով տնից դուրս գալու տրամադրություն եմ ունենում: Այդ շրջանում հաճախ չես կարողանում մարդկանց բացատրել, որ «էսօր էդ օրը չի»: Նրանք միշտ սպասելիքներ ունեն քեզնից:
-Սպասելիքները վերաբերում են նաեւ Ամանորին: Երկրպագուները Ձեզ որտե՞ղ կարող են տեսնել տոն օրերին: Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Նոր տարին եւ ո՞ւմ հետ:
-Արդեն մի քանի տարի է` Ամանորը նշում եմ աշխատանքի վայրում: Այս տարի եւս այդպես կլինի, Նոր տարվա գիշերը միջոցառում եմ վարելու, բայց գոնե լավ է, որ ընտանիքս էլ է ներկա լինելու: Այնքան հետաքրքիր է Նոր տարուն լինել երեխայիդ հնարավոր ցանկությունները իրականացնողի դերում: Կար ժամանակ, երբ արդեն երեխա չէի, բայց ոչ էլ երեխա ունեի, եւ Ամանորի հեքիաթը կորել էր, իսկ հիմա այն վերադարձել է իմ կյանք` բալիկիս միջոցով:

 

 
ՆՈՐ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ ԿԱ

Երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան), ով վերջերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխության շրջանակում արժանացավ «Տարվա լավագույն ժողովրդական մշակում» մրցանակին` «Թամզարա» երգի համար, մտադիր է շարունակել հանդես գալ նոր մշակումներով:

Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հաճելիորեն զարմացել է` պարզելով, թե որքան մեծ է նորովի մատուցված ժողովրդական երգերի պահանջը, հատկապես երիտասարդների շրջանում: Արփին հույս հայտնեց, որ արդեն 2017-ին հանդես կգա նաեւ նոր տեսահոլովակներով: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 31-ին, երգչուհին հրավիրված է Կանադայի Տորոնտո քաղաք` մասնակցություն ունենալու տեղի հայ համայնքի համար կազմակերպվելիք համերգին. «Տոնական օրերին 5 օրով կբացակայեմ երկրից: Իհարկե, դժվար է Ամանորին ընտանիքից հեռու լինելը, բայց, դե, աշխատանքս է այդպիսին… Ընտանիքում փորձում ենք մեկս մյուսիս ընդառաջ գնալ»,-ասաց նա: Վերադառնալով 2017-ի հետ կապված գործնական ծրագրերին` Արփին տեղեկացրեց, որ մտադիր է երկրպագուներին ներկայանալ փոքրիկ մենահամերգով, որի ընթացքում կհնչի ֆոլկ երաժշտություն:
Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ ինքն էլ է երգեր հեղինակում եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի դրանք հանդիսատեսին ներկայացնելու առիթներ կունենա. «Ես գրում եմ երգերի թե՛ երաժշտությունը, թե՛ խոսքերը: Թե ինչ կստացվի արդյունքում, մեծապես կախված է նաեւ գործիքավորումից: Հուսամ` մնայուն երգեր կծնվեն»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
DISNEY-Ը` ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
Disney-ը դարձել է առաջին ստուդիան, որը տարվա ընթացքում համաշխարհային վարձույթում վաստակել է ռեկորդային յոթ միլիարդ դոլար: Variety-ն հայտնում է, որ դրան մեծապես նպաստել են «Առաջին վրիժառուն. դիմակայություն» ֆանտաստիկ մարտաֆիլմի ու «Որոնելով Դորիին», «Ջունգլիների գիրքը» եւ «Գազանաքաղաք» մուլտֆիլմերի գրանցած հաջողությունը. դրանցից ամեն մեկը վարձույթում վաստակել է շուրջ 1 մլրդ դոլար: Եկամտաբեր են եղել նաեւ «Վտարակ¬մեկ. աստղային պատերազմներ: Պատմություններ» (վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում 300 մլն դոլար), «Դոկտոր Սթրենջ» (652 մլն դոլար) կինոնկարները եւ «Մոանա» անիմացիոն ֆիլմը (280 մլն դոլար):

 

 

ՄՈՄԵ ԹՐԱՄՓԸ
Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանի մասնագետները պատրաստում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մոմե արձանը, որը պատրաստ կլինի նախքան Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: The Daily Mail-ը տեղեկացնում է, որ արձանը կստեղծվի իրական չափերով: Ի դեպ, նախորդ 4 շաբաթվա ընթացքում մասնագետները զբաղված են եղել Թրամփի արձանի մազերի հարդարմամբ (նախագահի մազերն իրականում հաճախ են զվարճացնում մեմերի սիրահարներին, դրանք դառնում են հումորային քննարկումների թեմա): Լոնդոնում ցուցադրվելուց հետո, մոմե արձանը կուղարկվի Մադամ Տյուսոյի` աշխարհի տարբեր երկրներում գործող թանգարաններ:
Հավելենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
 

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի աստղ, 26-ամյա դերասանուհի Մարգո Ռոբբին ամուսնացել է ռեժիսոր Թոմ Աքերլիի հետ: Daily Mail-ը տեղեկացնում է, որ երեք տարի հանդիպելուց հետո նրանք օրինականացրել են հարաբերությունները: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ավստրալիայում, դերասանուհու հայրենի Դելբի քաղաքում: Զույգը չի մեկնաբանել պարբերականի տեղեկությունը: Հիշեցնենք, որ Ռոբբին եւ Աքերլին ծանոթացել են 2013-ին՝ «Ֆրանսիական սյուիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:




Լրահոս