ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին լրացավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Եւ երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ Կարապետյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադիրի անդամներին հանձնարարեց մինչեւ տարեվերջ ավարտել եւ ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները:

Մինչ հայրենի նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարները կշտապեն ամփոփել իրենց վերաբերյալ հնչեցված բոլոր հանձնարարականները, «Ժողովուրդ»-ը, հետ հայացք գցելով Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո անցկացրած բոլոր նիստերին, փորձեց ամփոփել վարչապետի պաշտոնավարման 100 օրը: Նշենք, որ այդ ընթացքում Կարապետյանն անցկացրել է կառավարության տասնյոթ նիստ, որից երկուսը՝ արտահերթ:
Կարեն Կարապետյանի մուտքը կառավարություն իսկապես դրայվոտ էր: Մինչ օրս տեղի ունեցած բոլոր նիստերի ժամանակ Կարապետյանի հանձնարարականներից գոնե մեկը տարբերվում էր իր բովանդակությամբ եւ անհրաժեշտությամբ: Այն վերաբերում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այն է` վերանայել սակագները սոցիալապես անապահով խավի համար: Հանձնարարականն իրականում կատարվեց: Արդեն նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Կարապետյանը անձամբ հայտարարեց. «Սակագները հետեւյալն են՝ 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարից դարձել է 242.1 դոլար…»: Հավելենք, որ սահմանվեց նաեւ, որ մինչեւ 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Ինչ վերաբերում է ջերմոցներին եւ գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար:
Կարեն Կարապետյանի հանձնարարականներից ամենաքննարկվողներից դարձավ նաեւ ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատման հանձնարարականը: Սեպտեմբերի 29-ին` իր երրորդ նիստի ժամանակ, Կարապետյանը շատ հստակ սահմանեց. «Հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ»,- ասաց Կարապետյանն ու դրանից որոշ ժամանակ անց բոլոր նախարարները սկսեցին գրեթե ամեն նիստի ընթացքում ՊՈԱԿ-ի կամ ԾԻԳ-ի լուծարման եւ միավորման մասին իրենց որոշումն առաջարկել: Արդեն դեկտեմբերի 1-ին վարչապետը նիստի ժամանակ հայտարարեց, որ մինչ այդ կրճատվել է 5 ԾԻԳ: Չնայած, որ շատերն օպտիմալացումը համարեցին գործազրկության եւս մեկ «աղբյուր», այնուամենայնիվ Կարապետյանը, արձագանքելով այդ տարածված կարծիքին, նշեց. «Կրճատումներով գործազրկությունը շատացնո՞ւմ եմ, մյուս կողմից մշտական բողոքներ են հնչում ոչ արդյունավետ կառավարման, ես կրճատե՞մ, թե՞ պահեմ: Եթե իրենք արդյունավետ չեն, իզուր աշխատավարձ ես տալիս, արդյունք չեն տալիս, պահե՞մ: Համենայնդեպս, ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում»:
Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում, բնականաբար, եղան, այսպես ասած, անարդյունք հանձնարարականներ, որոնք այդպես էլ մնացին օդում կախված: Մասնավորապես սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նորանշանակ վարչապետին էր ներկայացրել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու եւ ոլորտին առնչվող խնդիրների հետ կապված հարցը, վարչապետի եւ նախկին նախարարի միջեւ առաջացել էր տարաձայնություն: Արդյունքում նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանին ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Այս ամենից կարճ ժամանակ անց էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, եւ նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը: Սակայն դրանից հետո, ըստ էության, ոչինչ չփոխվեց: Կարայանին էլ մինչ օրս չի հաջողվել բռնել որեւէ գործարարի ձեռք եւ նրան օգնել լուծելու առկա խնդիրները: Ավելին` այս ընթացքում փակվեց կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերությունը: Ամենաթարմ օրինակը ներկայացնենք: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այսինքն՝ հայրենի նախարարները ըստ երեւույթին մտածել են, որ «գործարարների ձեռքը բռնելու» հանձնարարականը վերաբերում է միայն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, եւ որ իրենք հանգիստ կարող են ոչ միայն չբռնել գործարարի ձեռքը, այլեւ տանել նրան դեպի փակուղի:
Այնուամենայնիվ, արդյո՞ք այս ընթացքում Կարեն Կարապետյանին հաջողվեց Սերժ Սարգսյանի խոսքերն ապացուցել, որ իրականում փոփոխությունների սիմվոլ է, թերեւս` այո՛, կստացվի՞ նրան իրականացնել ծրագրերը, ցույց կտա ժամանակը:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Քաղաքական թատերաբեմում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շարունակվում են քաղաքական ուժերի` ավելորդ աչքից ու «ժուչոկներից» հեռու տեղի ունեցող հանդիպումները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամիսներ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ` Վահագնի թաղամասում գտնվող Օհանյանի առանձնատանը: Թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, եւ կողմերն ի՞նչ հայտարարի են եկել, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից: Ի պատասխան մեր հարցմանը` Մարտիրոսյանը նշեց. «Ամիսներ առաջ չի եղել նման հանդիպում»: Ընդհանրապես նման հանդիպում եղե՞լ է, հարցրինք Մարտիրոսյանից: Վերջինս պարզաբանեց. «Մոտ շրջանում մենք լայն շրջանակներով հանդիպումներ իրականացնում ենք, ու՞մ հետ ենք հանդիպում, ի՞նչ ենք քննարկել, կասենք միայն այն ժամանակ, երբ որ «Ժառանգություն»-ը վերջնական որոշում կկայացնի»: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ այդ հանդիպումը Սեյրան Օհանյանի առանձնատա՞նն է եղել: Մարտիրոսյանը նշեց. «Ու՞մ հետ ենք հանդիպել, որտե՞ղ ենք հանդիպել… ինչ-որ տեղ պիտի հանդիպենք, չէ՞: Հանդիպումը ինչ-որ մի տեղ լինում է, չէ՞, տարբեր տեղերում նույնիսկ փողոցում եմ հանդիպել` զբոսայգում»: Ըստ էության, Մարտիրոսյանը չհերքեց մեր տեղեկությունները, սակայն այդպես էլ չիմացանք, թե ինչ են խոսել քաղաքական այրերը:

 

 

«ԽՆԱՅՈՂ» ԱԳՆ-Ն
ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում կա գնումների հայտարարություններ ենթաբաժին, որտեղ նախարարությունը հրապարակում է իր կարիքների համար մրցույթի հրավերներ: Սակայն ԱԳՆ պաշտոնական կայքէջի այդ բաժնում բոլոր հրավերներն ու հայտարարությունները թվագրված են 2013 թվականով: Ստացվում է, որ ԱԳՆ-ի աշխատակիցները 2013 թվականից ի վեր ինչի կարիք ունենում են, տանի՞ց են բերում: Եւ որպես պետական միջոցների խնայողության վառ օրինակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, թերեւս, հանգիստ կարող է մատնացույց անել ԱԳՆ-ին:

 

 

ՀՈՍԱՆՔԸ ԿԷԺԱՆԱՆԱ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում կսահմանի էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը ուժի մեջ կմտնի 2017 թվականի փետրվարի 1-ից: Ըստ այդմ, բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: Այսինքն՝ բնակչության համար ցերեկային սակագինը կդառնա 44.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 34.98 դրամ/կՎտ: Ի դեպ, ՀՀ կառավարության՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ապրիլյան պատերազմի արդյունքում մոտ 16 տոկոսով կրճատվել են Արցախի՝ 2016-ի զբոսաշրջային հոսքերը: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ենթակառուցվածքների ծրագրերի եւ վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանի ներկայացմամբ՝ 2015 թվականին զբոսաշրջիկների հոսքը ԼՂՀ զգալիորեն ակտիվ է եղել: Մասնավորապես, 2014-ի համեմատ, նախորդ տարվա 12 ամիսներին գրանցվել է զբոսաշրջության 15.4 տոկոս աճ: 2015 թվականին Արցախ է այցելել 16 հազար 589 զբոսաշրջիկ, ինչը 2014 թվականի համեմատ ավելի է 2214 զբոսաշրջիկով: ԼՂՀ անցած տարվա ընթացքում ամենաշատ թվով զբոսաշրջիկներ այն ժամանակ այցելել են Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Արգենտինայից:

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները ուղղորդվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է եւ չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»,- նշել է Սողոմոնյանը:
 

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՀ կառավարության երեկվա նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է կառավարության որոշման մի նախագիծ, որով պետք է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» անունը կրող հիմնադրամ ստեղծվի: Այն կղեկավարի վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը: Հիմնադրամի նպատակը կառավարությանն աջակցության ցուցաբերումն է ՀՀ երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակման հարցում, պետական կառավարման ոլորտում գոյություն ունեցող ռազմավարությունների եւ հայեցակարգերի հավաքագրումը, ամփոփումը եւ այլն: Այս հիմնադրամի գույքը հատկացնելու է կառավարությունը, որից հետո այն հանդիսանալու է հիմնադրամի սեփականությունը: Հիմնադրամի գույքի ձեւավորման աղբյուրը պետական բյուջեից կատարվող հատկացումներն են: Այն կունենա նաեւ հոգաբարձուների 11 հոգուց բաղկացած խորհուրդ, որի անդամները կպաշտոնավարեն 2 տարի ժամկետով:




Լրահոս