Էլիտա շենք կա, էլիտա մասսա կա. ԱԺ նախկին պատգամավորը իրեն համարո՞ւմ է էլիտայի մաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր. «Շատ բան կա փոխելու: Պետք է փոխել էլիտայի կերպարը, էլիտայի վարքը, պետք է փոխել որոշումներ կայացնելու գործընթացը: Այսպես երկար կարող եմ խոսել»:

«Ժողովուրդ»-ը ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա իրեն համարում է էլիտայի մաս:

-Պարո՛ն Մանուկյան, վարչապետը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Պետք է փոխել էլիտայի կերպարը, էլիտայի վարքը»: Դուք Ձեզ էլիտայի մաս համարու՞մ եք:

-Ի՞նչ է նշանակում էլիտա, ովքե՞ր են էլիտան:

-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են էլիտան:

-Էլիտա շենք կա, էլիտա մասսա կա:

-Անշուշտ՝ խոսքը մարդկանց մասին է, քանի որ նշվում է՝ պետք է էլիտայի կերպարը, վարքը փոխել: Շենքը, բնականաբար, վարք չի կարող ունենալ:

-Դե, երեւի նկատի ունեն մարդկանց դեմքերը փոխեն, նոր դեմքեր եւ այլն…Էլիտան հո տեսքով ու ձեւով չի: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եթե խելք ու միտք ունի, ուրեմն կարա, ասենք, էլիտա համարվի:

-Օրինակ՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը կարո՞ղ է, ըստ Ձեզ, այդպիսին համարվել, նա, ի դեպ, հայտարարել է, որ սատարելու է ՀՀԿ-ին…

-Տեղյակ չեմ: Հիմա ով ինչ ասես՝ կարող է ասել:

-Կարո՞ղ է նա լուրջ աջակցություն ցուցաբերել կուսակցությանը:

-Ես չեմ ճանաչում իրեն: Լսել եմ ինչ-որ կայքերից, բայց չեմ ճանաչում:

Վ. Հակոբյան




Լրահոս