ՌԴ-ում Հովիկ Աբրահամյանի հանդեպ վստահության նման մակարդակ չկար. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել էին պատվո պահակախմբով: Ուշագրավն այն է, որ Կարապետյանը Մոսկվա էր մեկնել պաշտոնական, ոչ թե աշխատանքային այցով: Իսկ այդպիսի պատվի վաղուց է, ինչ ՀՀ վարչապետները չէին արժանացել:

Վերջին անգամ ՀՀ վարչապետի կարգավիճակում պաշտոնական այցով Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը՝ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Նրանից հետո ՀՀ ոչ մի վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Այդ պատվին չեն արժանացել ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը: «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, փորձագետ Մոդեստ Կոլերովն այս հանգամանքը կապում է Կարեն Կարապետյանի հանդեպ առկա վստահության բարձր մակարդակով, բայց միեւնույն ժամանակ ընդգծում, որ նա Մոսկվայի «մարդը» չէ:

-Պարո՛ն Կոլերով, եթե ամփոփելու լինենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա, ի՞նչ կարող ենք արձանագրել:

-Երկար տարիներ անց սա առաջին պաշտոնական այցն էր, այլ ոչ թե աշխատանքային: Սա, իհարկե, լուրջ աջակցություն, ճանաչում եւ ավանս է հենց անձամբ վարչապետին:

-Այսինքն՝ նման ընդունելության պատճառը հենց Կարեն Կարապետյանի անձն է՞:

-Այո՛, սա հատուկ վստահության ժեստ էր, քանի որ Հովիկ Աբրահամյանի դեպքում վստահության նման մակարդակ չկար: Բայց ուղեւորությունը չափազանց «աղքատ» էր, չկային լուրջ, սկզբունքային որոշումներ: Միգուցե այդ կոնտեքստում հաջորդ պաշտոնական հանդիպման ժամանակ ավելի լուրջ որոշումներ ընդունելու հիմքեր ստեղծվեն: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ կառավարության լիազորությունների ընդլայնման հիմքեր կան: Հարցն այն է, թե որքանով հայկական իշխանությունները կկարողանան օգտագործել դրանք: Ամեն դեպքում, հիմա գլխավոր հարցն այն է, թե խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ինչպիսին կլինեն Սերժ Սարգսյանի լիդերության մեխանիզմները:

-Ստացվում է՝ Կարեն Կարապետյանը Մոսկվա՞յի «մարդ»-ն է:

-Դուք գիտե՞ք՝ այն մասին, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի «մարդ»-ն է, ասում են միայն Հայաստանում: Մոսկվայում դրան ուշադրություն չեն դարձնում: Այստեղ դատում են ոչ թե կուսակցական տոմսով, այլ ընդունված որոշումներով: Ես չեմ կարող դատել, թե որքանով է Կարապետյանին հաջողվում իրականացնել ռեֆորմներ, որքանով է նրան քաղաքական կշիռ պակասում, բայց Մոսկվայում էլ հարց են տալիս, թե որքան է Կարապետյանի ազդեցությունը: Դեռ կարճ ժամանակ է անցել, շատ բան չենք կարող ասել:

-Մոսկվան, առհասարակ, որքանո՞վ է հետաքրքրված ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններով:

-Ընդհանրապես հետաքրքրված չէ: Ընդգծեմ, որ Մոսկվայի միակ մտածմունքն այն է, թե ինչպես կաշխատի պետական համակարգը, ում հետ ենք գործ ունենալու, ով է ռեալ քննարկում եւ լուծում խնդիրները, ով է պատասխանատվություն կրում արդյունքի համար:

-Իսկ եթե ընտրությունների արդյունքներով Սերժ Սարգսյանը չկարողանա պահել իշխանությունը, ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը:

-Նախ նշեմ, որ Մոսկվան դեմ է ցանկացած հեղափոխության, քանի որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ոչ մի այդպիսի փորձ հաջողություն չի ունեցել: Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին հակառուսական տրամադրություններ եւ երկխոսություններ: Եթե հայկական ընդդիմության մոտ միայն հակառուսական լոզունգներ են, ապա մեզ համար դա բացասական սցենար է:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս