ԱՐՍԵՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է, ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՍՊԱՍՈՒՄ, ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ԳՆՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը։ Այսօր կանդրադառնանք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Աշոտ Արսենյանի, Վարդան Այվազյանի եւ Սուքիաս Ավետիսյանի խորհրդարանական աշխատանքին՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք արդարացրել են իրենց կուսակցության եւ ընտրողների հույսերը։

Այսպես՝ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ի գործարար պատգամավորներից է, եւ 2017թ. խորհրդարանը նրա համար կարող է լինել երրորդը։ Արսենյանը հայտնի է որպես «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր եւ իշխանության բարձրագույն օղակների հետ ամուր կապեր ունեցող։ Հետաքրքիր է, որ Արսենյանը ժամանակին մտերիմ հարաբերություններ ուներ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ։ Իսկ այսօր Արսենյանը հանդես է գալիս Սերժ Սարգսյանի հետ մտերմությամբ, եւ առաջին հերթին այդ հանգամանքով պայմանավորված են նրա գործարար եւ պատգամավորական հաջողությունները։ Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ոչ վաղ անցյալում Արսենյանը իր կապերն ու դիրքը օգտագործում էր մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար։ Այս առումով հիշարժան է «Կոկա կոլայի» դեմ «Պեպսիի» պայքարը եւ դրանում ՏՄՊՊՀ-ի օգտագործումը Արսենյանի սեփականության օգտին՝ ընդդեմ առաջինի։
Սակայն 2017թ. ապրիլի 2-ին Արսենյանը պետք է վերստին հայցի հանրության քվեն՝ օրենսդիրի իր կարգավիճակը պահպանելու համար, ուստի հարկ է քննել նրա խորհրդարանական գործունեությունը։ Պարզվում է՝ Արսենյանը 5-րդ գումարման ԱԺ-ից բացակայել է 46 անգամ։ Իսկ ներկա լինելիս 822 անգամ քվեարկել կողմ, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 0։ Նա հրաժարվել է քվեարկությունից 86 անգամ։ Պատգամավորը երբեւէ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցապնդմամբ։ Ակնհայտ է՝ Արսեն Աշոտյանը լավագույնս կրում է ՀՀԿ-ականի ժամանակակից արժեհամակարգը՝ կողմ քվեարկելով իշխանության բոլոր նախագծերին, ինչպես, օրինակ, «Բյուջե 2017», «1000 դրամների նախագիծ», «ԱԺ կանոնակարգ-օրենք» եւ այլն։
Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը բազմիցս հանդես է եկել իշխանության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ Չարենցավանի նախկին քաղաքապետ եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը մեկ անգամ չէ, որ սկանդալների մեջ է հայտնվել։ Այդ շարքում հիշատակելի է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի մասնակցությամբ հայտնի պատմությունը՝ կապված երեք միլիոն դոլար կաշառք պահանջելու հարցի հետ։ Անշուշտ, մամուլը ողողած լուրերը համառորեն հերքվել են Այվազյանի կողմից։ Նույն փութաջանությամբ Այվազյանը ժխտում էր նաեւ ԱՄՆ-ում իր դեմ հարուցված դատական գործի իսկությունը։ Ինչեւէ, այս գործչի հետ են հայաստանյան բնապահպանները կապում ՀՀ բնության ավերումը եւ հանքային արդյունաբերության ծաղկումը։ Ի դեպ, համացանցում եւ քաղհասարակության շրջանում հենց այդ հանգամանքով պայմանավորված քամահրական արձագանքներ առաջացան, երբ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը ոսկե մեդալով պարգեւատրեց Վարդան Այվազյանին։ Այդուհանդերձ, դժվար է շրջանցել այն փաստը, որ Վ. Այվազյանը ՀՀԿ խմբակցության ակտիվ պատգամավորներից է։ Ըստ Parliament Monitoring-ի տվյալների՝ Այվազյանը կողմ է քվեարկել օրինագծերի մոտ 77 տոկոսին, դեմ՝ 0.73, ձեռնպահ՝ 0.83։ Ի դեպ, նա բացակայել է նիստերի 17 տոկոսից՝ կողմ քվեարկած լինելով վերոնշյալ բոլոր օրինագծերին։
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի նախագահն է, որի ձեռքի տակով են անցել խորհրդարանի սկանդալային բոլոր քվեարկությունները։ Հիշատակելի է հատկապես նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նշանակման հարցով ԱԺ քվեարկության պատկերը՝ ընդամենը 3 դեմ, որը ընդդիմադիր պատգամավորների կողմից որակվեց որպես կեղծված եւ իրականությանը չհամապատասխանող։ Նկատենք, որ Սուքիաս Ավետիսյանը ԱԺ-ում բանավիճելու ընդունակ հանրապետական քիչ պատգամավորներից է, որը կրծքով էր պաշտպանում Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները։ Խորհրդարանում Ավետիսյանը կողմ է քվեարկել 912 անգամ, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 1։ Նա ԱԺ ամբիոնին է մոտեցել 17 անգամ, հարցապնդմամբ հանդես եկել 44 անգամ։ Սուքիաս Ավետիսյանը բացակայել է ԱԺ նիստերի մոտ 3 տոկոսից։ Նա պարտաճանաչորեն կողմ է քվեարկել այնպիսի աղմկահարույց օրինագծերին, ինչպես «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ-օրենք», «1000 դրամների նախագիծ» եւ այլն։
Այսպիսով՝ Հանրապետական կուսակցության վերոնշյալ պատգամավորները թերեւս լի ու լի արժանի են հաջորդ խորհրդարանում լինելու։ Աշոտ Արսենյանը պատկանում է միշտ կողմ քվեարկող գործարար պատգամավորների դասին, որոնց հասարակությունը չի էլ ճանաչում։ Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Արսենյանն արդեն սկսել է Վայոց ձորն ու Սյունիքն ընդգրկող ընտրատարածքում նախընտրական քարոզարշավի պատրաստությունները՝ Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ։ Արսենյանը իր հատկապես ֆինանսական կարողություններով ի վիճակի է ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար, ինչն էլ այսօր Սերժ Սարգսյանի միակ մտահոգությունն է։ Իսկ ինչ վերաբերում է Վարդան Այվազյանին եւ Սուքիաս Ավետիսյանին, եթե վերջինը տեղափոխվում է գործադիր իշխանություն, ապա Այվազյանը դեռեւս խարխափում է իշխանության մատույցներում։ Նրա վերաբերյալ Սերժ Սարգսյանը կարծես դեռ չի կարողանում որոշում կայացնել։ Ակնհայտորեն Այվազյանի նախկին ռեւերանսները ԲՀԿ-ի նկատմամբ, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի ճամբարի հետ ասոցացվելը լուրջ խոչընդոտներ են ստեղծել Այվազյանի հետագա խորհրդարանական ապագայի համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԳՆՈՐԴ ՉՈՒՆԻ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ մնում է օդից կախված: Նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին նշանակված էր նախարարության շենքի առաջին աճուրդը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարության շենքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: Այժմ հայտնի չէ, թե կառավարությունն ինչ է պատրաստվում ձեռնարկել նախարարության շենքի հետ: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը տվյալ շենքի հետ կապված նոր որոշում պետք է ընդունի:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը գտնվում է հենց նույն նախարարության հարեւանությամբ` նույն շենքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ բանակցություններ են գնում շենքի հնարավոր գնորդներ ձեռք բերելու ուղղությամբ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի գնահատված արժեքը կազմում է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում որոշվել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Եւ նախարարության շենքի հաջորդ աճուրդին գույքի գնահատված արժեքը 10 տոկոսով չի նվազելու, ինչպես մյուս՝ ավտոմեքենաների, հողատարածքների դեպքում է լինում: Տեղեկացնենք, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը: Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում:
Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը անցած տարեվերջին որոշում էր կայացրել, որ նախարարությունն առաջիկայում կտեղափոխվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ-ի, սփյուռքի նախարարության եւ գիտության պետական կոմիտեի հարեւանությամբ:
Հավելենք, որ շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որն էլ պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին: Ի դեպ, վերջինիս պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Տանգո»-ն, կառուցել էր արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունների շենքերը: Նշենք, որ վերոնշյալ ընկերությունը գնեց արտաքին գործերի նախարարության շենքը, որը ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է՝ վերածվի հյուրանոցի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
«ՖՈՒՌԵՐԸ» ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի հիմնական դպրոցի 59 աշակերտներն ամեն անգամ վախով են համակվում, երբ դպրոցի կողքով, միջպետական ավտոճանապարհով անցնում է հերթական խոշոր բեռնատարը: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանի խոսքերով՝ արդեն 3 տարի է, ինչ դպրոցի հիմնական, ծանրություն կրող պատերը խոր ճեղքեր ունեն, որոնք գնալով ավելանում են. շենքը ձեւախեղվում է: Դպրոցի պատերի մեծ ճեղքերը երեւում են նաեւ դրսից:
Կրթական հաստատության շենքի վիճակի մասին տեղյակ են կառավարությունում: Այդ շենքը կառուցվել է 1980-ական թվականներին, շենքի հիմքում նստվածք կա: Դպրոցի շենքը գործարկվելուց հետո ընդամենը մեկ անգամ, այն էլ կոսմետիկ նորոգման է ենթարկվել: Դպրոցի տնօրենն ասում է, որ 40 տոննայանոց բեռնատարները, հիմքը խախուտ կառույցի կողքով անցնելով, ցնցում, ավելի են խարխլում կրթական հաստատության պատերը:
Նշենք, որ պատերի ճեղքերը ձգվում են շենքի երկրորդ հարկ, որտեղից հող ու ավազ է թափվում, շենքի հենասալերը տեղաշարժվել են, պատուհանների ապակիները՝ կոտրվել:
Կիրանցի դպրոցի ուսուցիչները մտավախություն ունեն, որ փոքր երկրաշարժի դեպքում անգամ դպրոցի շենքը կփլվի, եւ աշակերտները չեն հասցնի կառույցից հեռանալ: Դպրոցի տնօրեն Վ. Բաբինյանն ասաց, որ այս տարի գյուղի այլ տարածքում դպրոցի նոր շենք կառուցելու ծրագիր կա: Հավելենք, որ «ֆուռերի» երթեւեկից շարունակում է քանդվել սահմանագոտին շրջանցող Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, որի վրա խոր փոսեր եւ ասֆալտի ծածկի ճկվածքներ են առաջացել:
Տարեմուտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդը» հարց ուղղեց, թե ե՞րբ է հիմնանորոգվելու Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը: Մարզպետն ասաց, որ ներկայումս հիմնանորոգվում է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածը, դա կտեւի 2-2.5 տարի, եւ միայն այդ աշխատանքների ավարտից հետո կարող է նորոգվել Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գագիկ Ղուզանյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ խոշոր բեռնատարներն իրենց տան կողքով ձգվող միջպետական ավտոճանապարհով անցնելով՝ փոքր երկրաշարժ են առաջացնում, խարխլում իրենց տան պատերը: Գ. Ղուզանյանի խոսքերով՝ խոշոր բեռնատարների շարժից տուժել են նաեւ Բաղանիսի այլ տներ:
Նշենք, որ Բաղանիսով ձգվող միջպետական ավտոճանապարհը հիմնանորոգվել է մոտ 15 տարի առաջ, եւ հիմա այդ ճանապարհին առկա են մեծ փոսեր: Բարձր արագությամբ ընթացող «ֆուռերը» փոսերը հաղթահարելով՝ մեծ ցնցումներ են առաջացնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս