Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս, ի թիվս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի, ԿԸՀ ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակն ամբողջությամբ:
Սակայն մինչ ԿԸՀ ներկայացնելը ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռեւս փետրվարի 14-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին էր ներակայացրել կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Եվ զարմանալիորեն համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի անունն էր:
Այն դեպքում, երբ մշակույթի նախարարը երկար մտորումներից հետո ընդամենը վերջերս էր որոշում կայացրել անդամակցել հանրապետական կուսակցությանը: Իհարկե, այս փաստն ունի իր բացատրությունը. Հանրապետական կուսակցությունն այս անգամ որոշել է ընտրություններին մասնակցել այնպիսի ցուցակով, որի անդամներին հանրությունը դեռեւս լիաթոք չի քննադատել: Առանց այդ էլ կուսակցության ներսում քննադատվածների պակաս չկա: Այնուամենայնիվ, արդյո՞ք Ամիրյանը պատրաստվում է ակտիվորեն զբաղվել քարոզչական աշխատանքներով, եւ մի՞թե այդ աշխատանքները չեն խանգարի մշակույթի ոլորտում առկա խնդիրները լուծելուն, ինչի համար որ կոչված է մշակույթի նախարարը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:
–Պարո՛ն Ամիրյան, ընդամենը վերջերս անդամակցեցիք Հայաստանի հանրապետական կուսակցությանը, բայց արդեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հինգերորդ տեղում եք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:
-Շատ հաճելի եւ պարտավորեցնող է: Վստահությունը մեծ է, եւ պարտավորությունը նույնպես շատ մեծ:
-Ձեր կուսակցական մյուս գործընկերները՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ովքեր Ձեզանից ավելի վաղ էին անդամագրվել ՀՀԿ-ին, չկան ցուցակում…
-Որոշումը կայացվում է կուսակցությունում, եւ ես միայն ուրախ եմ, որ այդպիսի մեծ պատիվ է վստահված ինձ:
-Պարո՛ն Ամիրյան, մարտի 5-ից սկսվելու է բուն քարոզչական շրջանը: Դուք, որպես ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի հինգերորդ համարում ներկայացված պաշտոնյա, նախընտրական այս շրջանում զբաղվելո՞ւ եք Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզչությամբ:
-Օրենքով սահմանված կարգով:
-Բայց փետրվարի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախազգուշացրեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ու մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են նախընտրական քարոզչության համար:
Մտնում ենք նախընտրական փուլ, եւ ես խստագույնս զգուշացնում եմ բոլորին, որ նման գործողությունները կլինեն արջի ծառայություն՝ անկախ այն բանից, թե որ կուսակցության համար են քարոզելու»: Վարչապետի զգուշացումից հետո ինչպե՞ս եք պատրաստվում զբաղվել քարոզչությամբ:
-Ինչպես կուսակցությունը կորոշի եւ օրենքով սահմանված կարգով, այդ սահմանների մեջ:
-Կարծո՞ւմ եք՝ նախընտրական քարոզչությամբ զբաղվելը չի՞ խանգարի Ձեր՝ որպես մշակույթի նախարարի՝ անմիջական գործառույթների իրականացմանը: Համատեղելը, ըստ էության, անհնար է, այդ դեպքում կտուժի թե՛ մշակույթը, թե՛ քարոզչական այն աշխատանքը, որը կվստահվի Ձեզ:
-Ամենեւին, չեմ կարծում, որովհետեւ այն ծրագրերը եւ գաղափարները, որ իրականություն են դառնում այս պահին, մենք սկսել ենք դեռեւս չորս ամիս առաջ, եւ այսօր նախանշված բոլոր ծրագրերն ունեն պատասխանատուներ, ունեն ներդրողներ, ունեն մասնավոր ներդրողներ, եւ ծրագրերն ընթանալու են ինքնաբերաբար:
Դրա համար մենք մեր աշխատանքի առաջին երեք ամիսը ամբողջությամբ տրամադրեցինք ծրագրերը հասկանալու, գծագրելու, աջակիցներ գտնելու գործին եւ ամբողջ աշխատանքային գրաֆիկը կազմեցինք, թե ինչպես պետք է ընթանա, դրա համար այսօր, կարծում եմ, որ խնդիրներ չկան:
-Պարո՛ն Ամիրյան, Դուք վերջերս ինքներդ էիք հայտարարել, թե դեմ եք մշակույթը քաղաքականացնելուն: Հիմա եթե Դուք սկսեք զբաղվել քարոզչությամբ, արդյո՞ք շատ մշակութային գործիչներ չեն հետեւի Ձեր օրինակին:
-Կուսակցությանն օգնում են, երբ վստահում են: Իսկ ես կարծում եմ, որ ոչ միայն մշակույթի գործիչների, այլեւ շատ շատերի վստահությունը վայելում ենք եւ կարող ենք արդյունքի հասնել:
-Այսինքն՝ Դուք, որպես ՀՀ մշակույթի նախարար, Ձեր ոլորտի ներկայացուցիչներին ՀՀԿ-ին սատարելու որեւէ հրահանգ կամ հորդոր չե՞ք անի:
-Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը:
Վահագն Հակոբյան