ԿՈՄԿՈՒՍԻՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակի ուսումնասիրությունը փաստում է, որ խորհրդարանում ՀՀԿ-ի կազմը առանձնապես չի տարբերվելու ներկա կազմից: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել հին ՀՀԿ-ականների ծառայություններից: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի օրենսդրական գործունեությանը, կամ նույնն է, թե ԱԺ-ում Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանության առաքելությանը:

Գագիկ Մինասյանը ՀՀԿ-ի հիմնադիրներից է: Նա 1995թ. ԱԺ ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀՇ-ի առանցքի շուրջ ձեւավորված «Հանրապետություն» դաշինքի համամասնական ցուցակում եւ արդեն 1997թ. դարձել է պատգամավոր: 1998թ. փետրվարին Մինասյանի մոտ նույնպես գերակայել է Արցախը Լեւոն Տեր-Պետրոսյանից «պաշտպանելու» խիզախությունը, եւ նա լքել է ՀՀՇ-ի նավն ու տեղավորվել «Երկրապահի» հովանոցի ներքո: 1999թ. Մինասյանը «Միասնություն» դաշինքի կազմում դարձել է ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2003-ին նույն դիրքին հասել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, այդ քաջագործությունը կրկնել 2007 եւ 2012թթ.: Փաստացի, Գագիկ Մինասյանը եղել է 5 գումարումների պատգամավոր, որին բախտ կվիճակվի շարունակել իր խորհրդարանական գործունեությունը նաեւ 2017թ., քանզի նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 13-րդ համարն է: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը գոհ է մնացել Մինասյանի գործունեությունից, որին 2016թ. դեկտեմբերին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Պատկերացում կազմելու համար Մինասյանի օրենսդրական փայլուն աշխատանքի մասին, ինչի համար էլ, ըստ էության, նա պարգեւատրվել է, հարկ է հայացք ձգել նրա քվեարկություններին: Այսպես, 5 տարվա ընթացքում Մինասյանը կողմ է քվեարկել 875 անգամ, դեմ՝ 9 եւ 1 անգամ էլ ձեռնապահ: Նա 6 անգամ հրաժարվել է քվեարկություններից, ինչպես նաեւ բացակայել 72 նիստերից: Նա ԱԺ ամբիոնին է մոտեցել 9 անգամ, հարցապնդումներ ներկայացրել՝ 10: Ի դեպ, Մինասյանը կողմ է քվեարկել «Բյուջե 2017-ին», «1000 դրամների» նախագծին, սակայն բացակայել «ԱԺ կանոնակարգ» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի քվեարկություններից:
Մկրտիչ Մինասյանը ՀՀԿ-ի գաղափարական նվիրյալներից է, որը խորհրդային ժամանակներում, ռեժիմի «զոհ» լինելով, ստիպված էր անդամագրվել Կոմկուսին եւ 1980-1987թթ. աշխատել ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988թթ.՝ ՀԿԿ Երեւանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991թթ.՝ առաջին քարտուղար: 1996-2002թթ. լինելով Նոր Նորքի թաղապետ՝ նա 2003թ. ցայսօր ՀՀ ԱԺ պատգամավոր է: Առաջին անգամ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, եղել «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ, իսկ հետո մանդատի արժանացել ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու շնորհիվ: Այսօր արդեն Մինասյանը ՀՀԿ-ի 42-րդ համարն է, եւ չի բացառվում, որ գործադիրում աշխատելու մեկնող ՀՀԿ-ականների ինքնաբացարկների արդյունքում նա հայտնվի խորհրդարանում: Մինասյանը Սերժ Սարգսյանի բոլոր քայլերի ակտիվ պաշտպաններից է, որը համառորեն չի կարողանում հասկանալ, թե ինչպես է Սեյրան Օհանյանը օրերի ընթացքում 180 աստիճանով փոխել իր դիրքորոշումը: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Կոմկուսի բարձրագույն պաշտոնները վայելած Մինասյանը հանգրվանել այդ նույն Կոմկուսը ժամանակին մերժող Նժդեհի գաղափարների ինքնահռչակ կրող ՀՀԿ-ում: Ի դեպ, այսօր Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը բնական համարող Մինասյանը երկու տարի առաջ չէր սաստում իր կուսակիցներին, որոնք ամոթալի հայտարարություններ էին անում ԲՀԿ առաջնորդի հասցեին ու պահանջում հեռանալ քաղաքականությունից: Ինչեւէ, Մինասյանի խորհրդարանական գործունեությունն էլ է կրում ՀՀԿ-ի լավագույն ավանդույթները: Ըստ այդմ, նա կողմ է քվեարկել 906 անգամ, դեմ՝ 10, ձեռնապահ՝ 1: Մինասյանը բացակայել է 27 անգամ՝ քվեարկություններից հրաժարվելով 20 անգամ: ԱԺ ամբիոնից նա խոսել է սոսկ 3 անգամ, 12 անգամ էլ հարցեր բարձրացրել:
Կոմունիստական գաղափարախոսությամբ գայթակղված, սակայն նժդեհականությունը վերգտած մեկ այլ պատգամավոր է Գագիկ Մելիքյանը: Վերջինս 1989-1991թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչը, իսկ 1999թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական կարգով՝ հանգրվանելով «Միասնություն» դաշինքի կազմում: 2003-07թթ. նա պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նույնը կրկնել է 2008 եւ 2014թթ., այսինքն՝ Մելիքյանը մանդատ է ստացել միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ականներից որեւէ մեկը վայր է դրել պատգամավորական մանդատը, եւ տեղ է բացվել խոստումնալից մեկ այլ ՀՀԿ-ականի համար: Խիստ տպավորիչ են Մելիքյան պարգեւները՝ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2003թ.), «Զորավար Անդրանիկ» (2004թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2005թ.,ՊՆ), «Վազգեն Սարգսյան» (2006թ., ՊՆ) մեդալներ, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2006թ.) եւ «Հայաստան. 5-րդ բրիգադ» (2009թ., ԵԿՄ) հուշամեդալներ: 2016թ. Սերժ Սարգսյանը նրան ընծայեց Երախտագիտության մեդալ՝ «խորհրդարանական ակտիվ գործունեության համար»: Սերժ Սարգսյանը հստակորեն գիտի, թե ինչու է Մելիքյանին երախտագիտություն հայտնում, քանզի անբասիր կերպով ծառայել է նրա նպատակների իրագործմանը: Այսօր Գագիկ Ծառուկյանին պարոնով դիմող Գագիկ Մելիքյանն ընդամենը երկու տարի առաջ էր հոխորտացել՝ «թալանչին չի կարող լինել բարերար»: Հարկ է նաեւ հիշել Մելիքյանի՝ 3 տարվա խորհրդարանական աշխատանքի արդյունքը. կողմ՝ 627, դեմ՝ 2, ձեռնապահ՝ 1, չի քվեարկել՝ 2, բացակ՝ 13: Նա ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել 18 անգամ, հարցեր տվել՝ ընդամենը 2 անգամ:
Ահա թե ովքեր են կրկին հավակնում պատգամավոր դառնալ: Ինչպես ասում են՝ ուզում էինք, որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԿԿՐՃԱՏՎԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ ԳՆ-ի ենթակայության տակ գտնվող որոշ մարմիններ միանան իրար եւ դառնան հիմնադրամ: Սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ կառույցները կմիանան հիմնադրամին:
Փոփոխման կենթարկվի նաեւ ԳՆ-ի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ ապագայում ԾԻԳ-ի աշխատակազմը եւս կենթարկվի օպտիմալացման, ապա կլուծարվի: Ինչից հետո կհայտարարվի մրցույթ, կձեւավորվի հիմնադրամի աշխատակազմը: Սակայն այս ամենի արդյունքում շատ աշխատակիցներ կդառնան գործազուրկ:
Այս օրերին ԾԻԳ-ի աշխատակիցները մտահոգված են, քանի որ չգիտեն՝ իրենք կմնա՞ն իրենց աշխատանքին, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել էր վերանայել գերատեսչությունների կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ, ինչպես նաեւ քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը: Ինչի արդյունքում միավորման ձեւով վերակազմակերպվել է 2 ՓԲԸ, լուծարվել է 1 ՓԲԸ, իսկ կրճատվել եւ օպտիմալացվել է 5 ԾԻԳ, 17 ՊՈԱԿ: Դրանց աշխատակիցների մի մասը կրճատվել է, իսկ մյուս մասը աշխատանքի է անցել համապատասխան գերատեսչության աշխատակազմում: Քանի որ ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների լուծարումը շարունակվող գործընթաց է, այս պատճառով հնարավոր չէ նշել, թե քանի աշխատակից է գործազուրկ դարձել: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց թիվը մի քանի տասնյակից անցնում է: Օրինակ՝ օպտիմալացվել է մշակույթի նախարարության մշակութային ԾԻԳ-ը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտի եւ երիտասարդական ԾԻԳ-ը, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ԾԻԳ-ը եւ այլն:
Նշենք, որ անցած տարվա ընթացքում որոշվեց փակել նաեւ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը, որտեղ աշխատում է 13 մարդ, իսկ 1-2-ական աշխատակից էլ՝ մարզերում: Արդյունքում որոշվել է նաեւ տրակտորների եւ կոմբայնների համար պետհամարանիշեր բաժանելու գործառույթը փոխանցել ՀՀ ոստիկանությանը: Հնարավոր է՝ կրճատվի նաեւ «Լիցենզավորման կենտրոնը», որտեղ աշխատում է 3 մարդ:
Իսկ ահա ԳՆ-ի գյուղատնտեսական ԾԻԳ-ն այժմ ունի 42 աշխատող: Նախատեսվում է նրանց ազատել աշխատանքից, ինչից հետո իրենք կարող են մասնակցել հիմնադրամի աշխատակազմի ձեւավորման մրցույթին: Միաժամանակ նկատենք, որ ԾԻԳ-ը հիմնադրամի վերածելու վերաբերյալ որոշումը կառավարությունը դեռ պետք է ընդունի: Եւ չնայած սրան՝ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Գեղամ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց ձեւավորվելիք կառույցի անունը՝ «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՍՈՎ

Երկաթուղային Այրում կայարանը համարվում է Հայաստանի տրանսպորտային դարպասը: Այն մեծ դեր ունի արտերկրից բեռներ ներկրելու, հանրապետությունից ապրանքներ արտահանելու գործում: Սակայն այսօր Երկաթուղային կայարանը թերբեռնված է աշխատում, կարելի է ասել, որ օգտագործվում է կայարանի տեխնիկական հնարավորությունների միայն 15 տոկոսը:

Տեղեկացնենք, որ դեպի Այրում կայարան այժմ գործում է մարդատար 2 գնացք՝ «Գյումրի-Այրում» էլեկտրագնացքը եւ «Թբիլիսի-Երեւան» մարդատար գնացքը: Այսինքն՝ երկու երթուղի է սպասարկում ողջ կայարանը:
2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Այդ պատճառով արտերկրից Հայաստան բեռներ տեղափոխող եւ հանրապետությունից բեռներ արտահանող խոշոր բեռնատարները երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, որի մի քանի հատվածների ասֆալտի ծածկը արդեն քարուքանդ է եղել խոշոր բեռնատարների ճնշման տակ: Մինչեւ 40 տոննա բեռնված «ֆուռերը» ձմռանը չեն կարողանում հաղթահարել լեռնային, ոլորաններով լի, սառցապատ ճանապարհը, միջպետական ավտոճանապարհին հաճախ են խցանումներ առաջացնում: Դրանք խանգարում են միջպետական ավտոճանապարհով անխափան երթեւեկությանը: Սակայն խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում:
Մինչդեռ լավ կլիներ, որ Հայաստան ներկրվող, Հայաստանից արտահանվող բեռները մեծամասամբ տեղափոխվեին երկաթուղային Այրում կայարանով, ոչ թե 15 տարի առաջ կառուցված, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ավտոմոբիլային ճանապարհով: Մանավանդ, որ երկաթուղիով բեռներ տեղափոխելն ավելի էժան է, ավելի անվտանգ: Սակայն կառավարության մակարդակով այս հարցը կարծես թե մեծ ուշադրության չի արժանանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս