ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական այս ընտրությունները ոմանք նմանեցնում են գլադիատորական մարտերի, ոմանք` ցլամարտի: Եթե անկեղծ՝ ապա այդ համեմատությունները տեղին են: Առավել եւս, երբ իրար դեմ կատաղի պայքար են սկսել ոչ միայն տարբեր կուսակցությունների թեկնածուները, այլեւ ռեյտինգային ընտրակարգով միեւնույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ականները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախընտրական բախումները արյունալի դարձան:

Կատարվածն, իհարկե, սպասելի էր. նոր ԸՕ-ով նախկին 41 ընտրատարածքները միավորվել, դարձել են 13, ինչի հետեւանքով բարձրացել է պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ քվեների շեմը: Ու հիմա մանդատ ունենալու համար թեկնածուներին շատ հաճախ չի բավարարելու միայն իրենց վերապահված տարածքներից ստացած ձայները: Իսկ «սահմանախախտումներն» էլ հանգեցնելու են ե՛ւ ներկուսակցական, ե՛ւ միջկուսակցական բախումների: Բացի այդ՝ «ընդունված կարգի համաձայն» հին ու նոր վերքերը «թարմանում են» հենց ընտրական թոհուբոհի ժամանակ:
Եւ այսպես՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում լարված մթնոլորտի մասին բազմիցս է խոսվել. հիմնական ներկուսակցական պայքարն ընթանում է ՀՀ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի (նա իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին է ցանկանում մեծ ձայներով անցկացնել) ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի միջեւ: Ընդ որում, ամեն վայրկյան այստեղ սպասվում են ծեծկռտուքներ, կրակոցներ. Միհրան Պողոսյանն աշխատում է ոչ միայն Զեյթունում, այլեւ մտել է Ավան: Իր հերթին Տարոն Մարգարյանն էլ մտել է Զեյթուն` փորձելով ձայներ փախցնել ԴԱՀԿ նախկին պետից:
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում եւս այս առումով լարված վիճակ է. Արտակ Սարգսյանը` Սասի Արտակը, մեծ ախորժակ ունի. նա Արաբկիրից բացի՝ փորձում է ձայներ ստանալ նաեւ Դավթաշենում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի` Արթուր Գեւորգյանի եւ Աջափնյակում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի տարածքներում: Այս ամենին գումարած, Սասի Արտակն Արաբկիրում փորձելու է ձաներ փախցնել ՀՀԿ ռեյտինգային ցուցակի եւս մեկ թեկնածուից՝ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից: Արթուր Գեւորգյանի համար աշխատում են նաեւ որոշ ոստիկաններ, Արման Սահակյանի համար՝ դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների ղեկավարներ… Աջափնյակի կողմում թաղային հեղինակությունները ՀՀԿ ցուցակով թեկնածու Տավրոս Գեւորգյանի կողմն են: Եւ նախօրեին Գեւորգյանի ու Սահակյանի կողմնակիցները բախվել են իրար, բանը հասել է ծեծկռտուքների:
Թիվ 3 ընտրատարածքում համեմատաբար խաղաղ է, քանի որ ընտրատարածքն ամբողջությամբ վերահսկում է Սամվել Ալեքսանյանը: Այստեղ «մի թեթեւ անախորժություն կա» Կորյուն Նահապետյանի ու Արայիկ Հովհաննիսյանի միջեւ: Վերջինս Շենգավիթից է, նախկինում Շենգավիթի մի մասը ներառված է եղել այն ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել Կորյուն Նահապետյանը:
Թիվ 4 ընտրատարածքում էլ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր` Հակոբ Բեգլարյանի եւ Հարություն Կարապողոսյանի` նախկին ԲՀԿ-ական Սնխչի Հարութի հարաբերություններն են լարված: ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակի թեկնածուներից նրանք են համարվում ֆավորիտներ ու հիմա պայքարում են իրար դեմ:
Նման իրավիճակ է նաեւ մարզերում: Արարատի մարզում արդեն եղել են առաջին բախումները ՀՀԿ-ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի միջեւ: Այստեղից հնարավորինս շատ քվե փորձելու է ստանալ նաեւ ՀՀԿ-ով առաջադրված նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Արարատի մարզում մեկ այլ հանգամանք էլ կա. ՀՀԿ-ի ռեսուրսն այստեղ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո կիսվել է, եւ մի մասն աշխատելու է հօգուտ «Ծառուկյան» դաշինքի, որտեղից առաջադրվել է Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, նաեւ՝ նրանց զարմուհի Կարինե Պողոսյանը: Ասել է, թե այստեղ կբախվեն նախկին կողմնակիցները:
Արմավիրի մարզում ՀՀԿ 8 թեկնածուներից 5-ը գործող պատգամավորներ են, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը որոշակի էլեկտորատ ունի, բայց պարզ է` բոլորը չեն կարող պատգամավոր դառնալ: Բացի այդ՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես են Նահապետ Գեւորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը, Հրանտ Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը հանգիստ մրցելու իրար հետ եւ ինչպես են անելու, որ կողմնակիցների միջեւ բախումներ չլինեն: Էլ չենք ասում այս մարզում ԲՀԿ թեկածուների առկայության մասին, որոնց հետ եւս բախումներն անխուսափելի են:
Շատ ավելի լարված պայքար է սպասվում նաեւ Արագածոտնի մարզում. հազիվ թե Բազմասեր Առաքելյանն ու Արագած Ախոյանը բավարարվեն միայն Աշտարակի եւ Ապարանի տարածաշրջանից ձայներ ստանալու հեռանկարով եւ փորձելու են «մտնել» Թալին: Այստեղ նրանք ստիպված են լինելու «բախվել» գործող պատգամավոր Մնացական Մնացականյանի եւ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի հետ: Դե, քանի որ Սահակյան եղբայրներն ուզում են, որ Նաիրին մանդատ ունենա, ամեն գնով աշխատելու են ձայն հավաքելու համար: Էլ չենք ասում այն մասին, որ, օրինակ, Սահակյան եղբայրները թշնամական հարաբերություններ ունեն Մնացական Մնացականյանի հետ, նաեւ հաշտ չեն Բ. Առաքելյանի հետ: Բացի այդ՝ այստեղ մարզպետը ՀՅԴ-ից է, ասել է, թե լծակներն անպայման կիրառելու է կուսակցության թեկնածուների օգտին ձայն հավաքելու համար:
Գեղարքունիքի մարզում եւս լարված վիճակ է. Մարտունու տարածաշրջանում իրարից ձայներ են փախցնելու ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Թունելի Հակոբը, նաեւ ներկայիս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզում գործելու են նաեւ Կարեն Բոթոյանն ու Հրանուշ Հակոբյանի զարմուհին` Գավառի պետական համալսարանի ռեկտորը, եւ բոլորը մտնելու են մրցակցի «տարածք»: Ավելին՝ արդեն միմյանց հասցեին ակնարկներով քննադատություններ ու սպառնալիքներ են հնչում:
Լոռու մարզում էլ թեժ պայքար է սպասվում Վահրամ Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանի, Արկադի Համբարձումյանի միջեւ: Չնայած Կարապետյանը մարզում գրեթե բացարձակ հեղինակություն ունի եւ խանգարելու է մյուսներին: Թեեւ Արկադի Համբարձումյանը ամեն գնով փորձում է ձայներ գնել, բայց դժվար թե հաջողի:
Կոտայքի մարզում եւս լարվածություն է. նախկին մարզպետ Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, փորձելու է ոչ միայն Եղվարդից ու հարակից գյուղերից ձայներ ստանալ, այլեւ անպայման քվեներ է ակնկալելու Հրազդանից, եւ հիմա այդ ուղղությամբ նա գործունեություն է ծավալում: Իսկ Հրազդանում, ինչպես հայտնի է, քվե ստանալու հույս ունի վարչապետի ներկայիս խորհրդական, նախկինում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, տխրահռչակ Սամվել Սանամյանը, հայտնի ընտրակեղծարար, որը պատգամավոր դառնալու համար պարզապես չի խնայելու միջոցներ, մանավանդ նա ահռելի հարստության տեր է: Եվ բացի այդ՝ այս մարզից է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ասել է, թե այս դաշինքը Կոտայքի մարզից լուրջ ձայներ կստանա:
Շիրակի մարզում ե՛ւ Մարտուն Գրիգորյանը, ե՛ւ Սուքիաս Ավետիսյանը պայքարելու են Գյումրիից ձայներ ստանալու համար: Այստեղից քվե ստանալու հույս ունի նաեւ Արման Սահակյանը: Շատերը կհիշեն` 2012թ. ընտրություններում Արման Սահակյանը, չնայած վարչական ողջ ռեսուրսի գործադրմանը, ինչպես պարտվեց Մարտուն Գրիգորյանին ու հիմա նա փորձելու է Գյումրիից հնարավորինս շատ ձայն տանելով՝ «ապացուցել», որ իրեն ընդունում են: Էլ չենք ասում այն մասին, որ Արման Սահակյանը փորձելու է նաեւ հարակից գյուղերից ձայներ ստանալ` այդպես խանգարելով, օրինակ, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Նաեւ բախում է սպասվում Արթիկի ու Մարալիկի տարածաշրջաններում` Պետոյանի եւ մյուս ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների` Վարդան Ղուկասյանի, Վարդեւան Գրիգորյանի, Մուշեղ Սաղաթելյանի՝ ընտրապայքարին մասնակցելը եւս խնդիրներ է ստեղծում ՀՀԿ-ականների համար, եւ այստեղ հնարավոր է՝ բոլորը բոլորի դեմ կռիվ տան:
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում թեկնածուները քիչ են, չնայած չի բացառվում, որ Աշոտ Արսենյանն ուզենա մտնել Սյունիք, եւ բախում լինի Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կամ մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Թեեւ «Ջերմուկի» Արսենյանի ախորակն էլ է օրեցօր մեծանում:
Եւ վերջապես, Տավուշի մարզում ՀՀԿ թեկնածուների մեջ ֆավորիտ է համարվում «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանը, բայց այնտեղ առաջադրվել է նաեւ «Գրանտ տոբակո» ընկերության տնօրեն Գրիգոր Ավալյանը: Նրանք փորձում են «փողով կոտրել» Հակոբյանին:
Կարճ ասած, որքան մոտենան ընտրությունները, այնքան կրքերն ավելի են թեժանալու, թեկնածուները չեն կարողանալու վերահսկել իրենց շտաբների բոլոր աշխատակիցներին: Դե, իսկ այդ ամենի հետեւանքն էլ լինելու են բախումները եւ կրակոցները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ ոստիկանությունում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստում Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ, ՀՀԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանի դեմ: Բանն այն է, որ Անտոնյանը նախընտրական այս շրջանում սկսել է բացահայտ ահաբեկել եւ սպառնալ թաղապետարանի աշխատակիցներին՝ պահանջելով «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքել: Ավելին՝ նա սպառնացել է, որ ինքն է շուտով դառնալու թաղապետը եւ ՀՀԿ օգտին չաշխատելու դեպքում նրանց կպատժի: Ու հիմա այս եւ մեր թերթի մյուս հրապարակումների հիման վրա Անտոնյանի դեմ իրավական գործընթաց է իրականացվում:
Թեեւ դժվար է հավատալ, որ իշխանությունները ՀՀԿ-ական պաշտոնյայի ապօրինությունները կբացահայտեն ու նրան կպատժեն:

 

 

«ՍԱՍ»-ԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
«Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերության կողմից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ի դեմ ներկայացրած դատական հայցի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: «ՍԱՍ գրուպ»-ի դեմ դատական հայց ներկայացրած ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի պատասխանողին արգելեն իրականացնել որոշակի գործողություններ: Դատավոր Հայարփի Զարգարյանն էլ բավարարել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունն օլիգարխ պատգամավորին պատկանող ընկերությանը մեղադրել է հեղինակային իրավունքի խախտման մեջ, եւ որպես փոխհատուցում պահանջել, որ իրենց վճարեն ավելի քան 15 միլիոն դրամ:

 

 

ՊՆ-ՈՒՄ «ԹԻԹԵՌ» ԵՆ ՆԿԱՐՈՒՄ
Մինչ հասարակությունը շունչը պահած սպասում է, թե ով պետք է պատասխան տա մարտի 1-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարություններին, եւ, առհասարակ, կոնկրետ ինչ է մտածում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երեկ ՊՆ-ում, այսպես ասած, «թիթեռ» էին նկարում: Բանն այն է, որ երեկ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաջին նիստը, որը վարում էր ՀՀԿ ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները շունչները պահած սպասում էին, թե երբ կավարտվի 1000 դրամներին վերաբերող նիստը, որ կարողանան ՀՀ պաշտպանության նախարարից ստանան ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ինչպես է նա մեկնաբանում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Սակայն նիստի կեսից լրագրողներին շատ արագ դուրս հրավիրեցին՝ պատճառաբանելով, թե գաղտնի հարց է քննարկվում, որին լրատվամիջոցները չպետք է ներկա գտնվեն: Ասել է, թե Վիգեն Սարգսյանը սեփական PR-ը հերթական անգամ ապահովեց, իսկ բանակում առկա շատ խնդիրների մասով հարցը թողեց օդից կախված:




Լրահոս